Կարկտահարությունից տուժած գյուղացիներն իրենց խաբված են զգում

Your browser doesn’t support HTML5

Կարկտից տուժած գյուղացիները աջակցություն դեռ չեն տեսնում

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչներն ասում են, թե բերքը վնասած կարկտահարությունից գրեթե մեկ ամիս է անցել, սակայն իրենք շարունակում են մնալ անօգնական, անհույս վիճակում եւ իրենց խաբված են զգում:

Մայիսի 12-ին տեղացած աննախադեպ կարկուտն էական վնաս հասցրեց Արմավիրի մարզի 46 գյուղերի: Այդ բնակավայրերից շուրջ կեսում կարկուտը փչացրեց բերքի հարյուր տոկոսը: Ընդհանուր վնասը գնահատվում է 25 միլիարդ դրամ:

Սակայն հարցը միայն կորսված բերքը չէ, գյուղացիների մեծ մասը աշխատանքներ կատարելու համար բանկերից, վարկային կազմակերպություններից վարկեր են վերցրել, որոնց ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 9 միլիարդ դրամ, եւ այժմ, չնայած բերք չի լինելու, սակայն վարկերը մնացել են ու պետք է մարվեն:

Գյուղացիների` մի քանի օր շարունակվող բողոքի զանգվածային ակցիաներից, Երեւան-Արմավիր մայրուղին մի քանի անգամ փակելուց հետո Հայաստանի կառավարությունն անդրադարձավ աղետին:

Գործադիրի մայիսի 23-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե կառավարությունը աջակցության փաթեթ է նախատեսել 46 գյուղերի համար. ըստ այդմ` բնակիչները ազատվեցին հողի, ջրի հարկից, կառավարությունը խոստացավ, որ մարզում կտեղակայվեն հակակարկտային լրացուցիչ 50 կայաններ եւ ամենակարեւորը` վարչապետը հայտարարեց, թե բանկերը «ինդիվիդուալ բանակցային գործընթացների միջոցով օգնություն կտրամադրեն բոլորին»:

Կառավարության այդ նիստից անցել է ավելի քան երկու շաբաթ. այսօր այցելեցինք Մրգաշատ, որը կարկուտից ամենաշատը տուժած գյուղերից մեկն է: Գյուղացիներից մեկը պատմեց, որ բանկում իրեն եւ կարկտահարությունից տուժած մի խումբ այլ վարկառուների բանկում ասել են, թե տոկոսադրույքները չեն սառեցվելու:

«Մեզ բացատրեցին, որ «այդպիսի բան գոյություն չունի, մենք չենք սառեցնում, մեզ ոչ ոք ոչ մի բան չի ասել, դուք ձեր տոկոսի տերն եք, ձեր մուծման տերն եք, ժամկետն էլ պետք է չանցնեք»: Մենք մեր տոկոսն էլ տվեցինք, մուծումն էլ տվեցինք», - պատմեց Մրգաշատի բնակիչը:

Մեկ այլ գյուղացի էլ պատմեց, որ բանկում իրեն առաջարկել են նոր վարկ վերցնել` հին վարկը փակելու համար:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ կառավարության տրամադրած միջոցների շնորհիվ նշված համայնքների գյուղացիների դոլարային վարկերը շուտով կփոխվեն դրամայինի, եւ քանի որ դրամային վարկերի տոկոսադրույքներն ավելի բարձր են, կառավարությունը կփոխհատուցի նաեւ տոկոսադրույքների տարբերությունը: Բացի այդ, ըստ Սարգսյանի, բանկերը «անհատական մոտեցմամբ կփորձեն հնարավորինս երկարացնել վարկերի մարման ժամկետները»:

«Իսկ տոկոսադրույքների զիջման հարցում չեմ կարող ընդհանրական գնահատական տալ: Դա յուրաքանչյուր բանկի քաղաքականությունից է կախված, կդժվարանամ ասել, որ որեւիցե բանկ այդ տեսակից կօգտվի», - ասաց Սարգսյանը:

Արմավիրի մարզի գյուղացիներին օգնելու համար հատուկ հիմնադրամ է ստեղծվել` Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի նախաձեռնությամբ: Վերջինս «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, թե արդեն հավաքվել է մոտ 36 միլիոն դրամ, դրամահավաքը շարունակվելու է մինչեւ օգոստոս, որից հետո գումարը կբաժանվի գյուղացիներին:

Մրգաշատցիներն այսօր ասում էին` այն, ինչ մինչ օրս արել է կառավարությունը, հողի ու ջրի հարկից ազատելուց բացի, սերմացուներ տրամադրելն է: Գյուղացիների խոսքով` բաժանված սերմերն էլ մեծամասամբ անորակ են եւ չեն լուծում ու չէին էլ կարող լուծել հացի խնդիրը:

«Ժողովրդին փող է պետք ապրելու համար, վարուցանքը անելու համար: Լոբի-մոբի է գյուղնախարարը բերում, բաժանում, էն հին, փչացած, բռակ սերմերն են: Բերում, բաժանում են, իրանք մեջը փող են աշխատում: Ինչքա՞ն կարելի է խաբել», - ասում էր վրդովված մրգաշատցին: