Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց Արմավիրի 46 համայնքների աջակցության ծրագիրը


Կառավարությունը հաստատեց Արմավիրի 46 համայնքների աջակցության ծրագիրը
please wait

No media source currently available

0:00 0:02:58 0:00

Կառավարությունը հաստատեց Արմավիրի 46 համայնքների աջակցության ծրագիրը

46 գյուղերից 22-ում կարկտահարությունը բերքը փչացրել է ամբողջությամբ:

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած 46 համայնքներին աջակցություն ցուցաբերելու ծրագիրը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ելույթում նշեց, որ վնասվել են 17 հազար հեկտար ընդհանուր մակերեսով խաղողի, պտղատու այգիներ, բանջարաբոստանային ցանքատարածություններ:

46 գյուղերից 22-ում բերքը փչացել է 100 տոկոսով, 24-ում` մասամբ:

Նախնական գնահատականներով, Արմավիրի մարզում կարկտահարության հասցրած վնասը կազմում է շուրջ 25 միլիարդ դրամ:

Վարչապետը ընդգծեց, որ գյուղացիական տնտեսություններին կառավարության աջակցության ծրագիրը երեկ Արմավիրի մարզպետարանում կայացած քննարկման ժամանակ հավանության է արժանացել նաեւ տուժած գյուղերի բնակաչիների կողմից:

«Առաջին հարցը վերաբերում է հողի հարկին», - ներկայացրեց Տիգրան Սարգսյանը: - «Մենք պայմանավորվեցինք, որ 22 համայնքներում, որտեղ ավելի մեծ վնասներ են հասցվել եւ շուրջ 100 տոկոս կորուստներ ունենք, մենք ամբողջությամբ հատուցելու ենք հողի հարկի վճարները: Մնացած 24 համայնքներում, որտեղ կորուստները կազմում են 20, 30, 50 տոկոս, մենք պայմանավորվեցինք, որ համայնքի ղեկավարները աշխատելու են գյուղացիական տնտեսությունների հետ եւ մեզ ներկայացնելու են ցուցակներ: Եթե այդ համայնքներում տնտեսվարողների կորուստները 100 տոկոս են, նրանց նույնպես 100 տոկոս հատուցելու ենք հողի հարկը, եթե 50 տոկոս են, մենք 50 տոկոսը կհատուցենք»:

Ըստ հաստատված ծրագրի` հիշյալ 22 համայնքների բնակիչները հողի հարկից կազատվեն ամբողջությամբ, մնացած 24 համայնքներում գյուղացիները եւ գյուղապետները իրենք կգնահատեն, թե որ տնտեսությունը ինչ չափով է վնասվել եւ, հետեւաբար, ըստ այդմ էլ տվյալ տնտեսությունը մասնակի կամ ամբողջությամբ կազատվի հողի հարկից:

Վարչապետի գնահատմամբ` գյուղացիներին հողի հարկից ազատելը պետբյուջեին կարժենա մոտ 200 միլիոն դրամ:

Ջրի վճարներից նույնպես գյուղացիները կազատվեն վերոհիշյալ սկզբունքով: Տիգրան Սարգսյանը ասաց, որ գյուղացիներին ջրի վճարներից ազատելը պետբյուջեին կարժենա շուրջ 530 միլիոն դրամ:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ ծրագրի երրորդ կետի համաձայն, կառավարությունը մոտ 350 միլիոն դրամով հակակարկտային լրացուցիչ 50 կայաններ է տեղադրելու մարզում, եւ արդեն գործող ու լրացուցիչ կայաններից կստեղծվի միասնական մի համակարգ, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք գործեն միասնաբար:

Երեկ Արմավիրի մարզ վարչապետի այցելության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված համայնքներում վարկեր տրամադրած բոլոր բանկերը անհատական աշխատանք կտանեն բնակիչների հետ, որպեսզի վերանայվեն վարկերի տոկոսադրույքները եւ մարման ժամանակահատվածները:

«Բոլորին տրամադրվելու է, իհարկե, առեւտրային բանկերի կողմից օգնություն ինդիվիդուալ բանակցային գործընթացների միջոցով», - ասաց վարչապետը` հավելելով, որ կառավարությունը միջոցներ կտրամադրի, որպեսզի բոլոր արտարժույթային վարկերը վերափոխվեն դրամայինի:

Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ նշեց նաեւ, որ Արմավիրի մարզի պատգամավորների նախաձեռնությամբ կբացվի հիմնադրամ, ուր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են միջոցներ փոխանցել Արմավիրի մարզի գյուղացիներին օգնելու համար:

Ըստ վարչապետի, կառավարությունը օգնության ձեռք կմեկնի նշված 46 գյուղերում բնակվող այն ընտանիքներին, որոնց սոցիալական վիճակը աղետալի կարկտից հետո կտրուկ վատացել է. - «Եթե այդ ընտանիքները համապատասխանում են մեր օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, նրանք պետք է ստանան նաեւ սոցիալական օժանդակություն»:

Վարչապետի խոսքով, քննարկման արդյունքում որոշվել է, որ այդ տարածքների գյուղացիական տնտեսությունների ապահովագրությունը նպատակահարմար չէ, քանի որ այդ պարագայում գյուղացիները պետք է ամեն ամիս վճարումներ կատարեն ապահովագրական ընկերությանը, ինչը նրանք չեն կարող անել:

Կարկտահարությունից տուժած գյուղացիները, հիշեցնենք, բողոքի բուռն ցույցեր էին կազմակերպել, անգամ փակել էին դեպի մայրաքաղաք տանող մայրուղին:
XS
SM
MD
LG