Մատչելիության հղումներ

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. Պատերազմից հետո սիրիահայ ընտանիքին կարկուտն է «հարվածել»


Սիրիահայ Մինասյանների ընտանիքը շուրջ 3 հեկտար այգուց այս տարի բերք չի ստանա: Երկու շաբաթ առաջ տեղացած կարկտի հետեւանքով Արմավիրի մարզում գտնվող այգին գրեթե ամբողջությամբ վնասվել է:

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, ասում է Նաիրա Եդիգարյան-Մինասյանը` հույս հայտնելով, որ պետական մարմինները իրենց «մենակ չեն ձգե»: Նրանց կրած վնասը կազմում է շուրջ 5 միլիոն դրամ:

Նաիրան նկարահանել է վնասված ճյուղերն ու ցույց տվել այն գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանին: Կինն ասում է, որ դեռեւս որեւէ հանձնաժողով իր այգին չի այցելել ու իրենց վնասը չի ուսումնասիրել:

Նաիրան ծնունդով հայաստանցի է: Նա սիրիահայի հետ է ամուսնացել ու մինչեւ սիրիական պատերազմը Հալեպում էր ապրում: Հալեպը թողած կինը իր հետ այնտեղից վարժ արեւմտահայերենն է «բերել», նրա խոսվածքից չես էլ գուշակի, որ Հայաստանում է ծնվել:

Մինչ պատերազմը Հալեպում ապրող ընտանիքը որոշում է այգիներ ձեռքբերել Հայաստանում՝ հայրենիքի հետ կապը առավել սերտացնելու համար: Նաիրան ցավով ցույց է տալիս կարկուտից կոտրված ծառերն ու ծառերին դեռեւս մնացած վնասված պտուղները:

«Չկա մեկ հատիկ, որ չի ավիրված, նայեցեք, չի կարող վաճառվել: Այս ծառերը 100-150 կիլո բերք պիտի տան, բայց հիմա թերեւս հինգ կիլո մնացել է», - վնասված պտուղներն է ցույց տալիս նա:

Սիրիահայ ընտանիքը, ինչպես եւ այս տարվա կարկտահարությունից տուժած այլ ընտանիքներ, կառավարությունից փոխհատուցում է պահանջում: Կառավարության՝ անցած շաբաթ ընդունած որոշումը մի շարք արտոնությունների ընձեռման վերաբերյալ, նրանց եւս չի գոհացնում: Հողի, ջրի վարձերի հատուցումը չնչին օգնություն է, ասում է նա: Նաիրան ասում է` ցանկալի կլիներ, որ գնահատեին իր վնասի իրական չափը եւ գոնե մասնակի փոխհատուցում տային:

Կինը նշում է, որ այգիները պատերազմից հետո դարձել էին իրենց եկամտի հիմնական աղբյուրը: Նաիրան աշխատում է սիրիահայերի խնդիրները հակամարգող կենտրոնում, որտեղից ստացած աշխատավարձը ընտանիքի գոյությունը ապահովելու համար չի բավարարում: Հալեպում թողած խանութն էլ, չնայած պատերազմական իրավիճակին, դեռ չնչին եկամուտներով գործում է:

Նաիրայի սկեսուրը` տիկին Անաիսը, մոտ մեկ տարի առաջ է Հայաստան տեղափոխվել: Նա եւս ցավով է խոսում բերքի կորստի մասին՝ նշելով, որ դեռեւս հույս ունեն, որ Հալեպում ամեն ինչ խաղաղությամբ կավարտվի ու իրենք հետ կվերադանռնա հարազատ քաղաք:

Սիրիահայի ընտանիքում ասում են, որ 7 տարի շարունակ այս այգին իրենց իսկապես մեծ եկամուտներ է բերել, իսկ այս տարի որեւէ ակնկալիք չունեն:

«Հիմա պիտի մտածենք դուրս երթալու մասին, բայց իմ կարծիքովս պետք է որ համապատասխան մարմինները զբաղեն եւ հոգ տանին, որպեսզի մարդկային ռեսուրսը դուրս չերթա», - ասում է Նաիրան:

Մայիսի 12-ին կարկտահարությունից տուժել է Արմավիրի մարզի 46 համայնք` շուրջ 11 հազար հեկտար տարածքով: Բերքը վնասվել է 50-100 տոկոսով:
XS
SM
MD
LG