Նախկին ՀՀՇ-ականները վերագրանցում են ՀՀՇ-ն

Հայ ազգային կոնգրեսից տարաձայնությունների պատճառով հեռացած նախկին ՀՀՇ ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովհաննես Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը նախաձեռնել են նոր Հայոց համազգային շարժում կուսակցության կազմավորումը, կամ իրենց ձեւակերպմամբ` ՀՀՇ-ի վերագրանցման գործընթացը:

Ինչպես նախաձեռնողները հայտարարեցին երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, կուսակցության վերագրանցման համար դիմել են արդարադատության նախարարություն: Հիշեցնենք, վերջին 5 տարիներին ՀԱԿ դաշինքին մաս կազմած ՀՀՇ կուսակցությունը այս տարվա փետրվարի 23-ի համագումարում վերանվանվեց Հայ ազգային կոնգրես կուսակցության:

Հայտարարելով, որ այդ օրը ավարտին է հասցվել Հայոց համազգային շարժում կուսակցության կազմաքանդման գործընթացը, Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովհաննես Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը «կուսակցությունը վերագրանցելով եւ պահպանելով ՀՀՇ պատմական անունը» պատրաստակամություն են հայտնում «վերականգնել սահմանադրական կարգը Հայաստանում, հասնել ժողովրդավարական եւ ազատական արժեքների հաստատմանը»: Իրենց հայտարարության մեջ այս անձինք հիշեցնում են, որ «հանդիսանալով Հայոց համազգային շարժման ակտիվ մասնակիցներ շարժման առաջին իսկ օրերից, լինելով կուսակցության հիմնադիր անդամներ, իրենց անհամաձայնությունն են հայտնել ՀՀՇ-ն քաղաքական ասպարեզից վտարելու, արհեստածին միավորով այն քողարկելու եւ ստվերելու փորձին, դա համարելով հրաժարում որդեգրած գաղափարախոսությունից ու սկզբունքներից, ոտնձգություն մերօրյա պատմության դեմ»:

Ալեքսանդր Արզումանյանը տեղեկացրեց, որ մայիսի 2-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Նա պատգամավորական գործունեությունը կշարունակի «Ժառանգություն» խմբակցության կազմում, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում չկա խմբակցությունից դուրս գալու որեւէ նորմ` որեւէ այլ քաղաքական ուժի հարելու համար:

Թե ովքեր են համալրելու վերակենդանացվող ՀՀՇ-ի շարքերը նախաձեռնողները անուններ առայժմ չհրապարակեցին, ասացին, որ նախաձեռնող խումբը շուրջ 200 հոգուց է բաղկացած: Արարատ Զուրաբյանը պատահական չհամարեց բոլոր ընտրական գործընթացներից հետո նոր ուժի ստեղծումը:

«Բնականաբար, միշտ գայթակղություն կա ընտրություններից առաջ որոշակի գործողությունների, սակայն եթե այդպես վարվեինք, մեզ կմեղադրեին այս կամ այն պրոցեսը խափանելու նպատակով ինչ-որ գործողություն անելու մեջ: Մենք նախընտրեցինք այս պրոցեսի սկիզբը ազդարարել ոչ միայն ընտրություններից, այլ նույնիսկ հետընտրական պրոցեսներից հետո, որովհետեւ մենք մտածում էինք, որ ամսի 5-ից հետո շատ հնարավոր էր լինեին հետընտրական պրոցեսներ, եւ մենք որպես շարքային քաղաքացիներ, որպես անհատ քաղաքական գործիչներ, բնականաբար, կլինեինք հրապարակում եւ կզորակցեինք այն քաղաքական ուժերին, որոնք ոտքի կկանգնեին այսօրվա իշխանության դեմ», - ասաց Զուրաբյանը:

«Մեր կուսակցության ստեղծման հիմնական պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է, որի դեմ մենք պայքարել ենք տարիներ շարունակ եւ շարունակելու ենք մեր պայքարը սահմանադրական կարգի վերականգնման համար», - հավելեց նա:

Ինչ վերաբերում է կուսակցության ֆինանսավորմանը, Զուրաբյանը հայտարարեց, որ դա լինելու է «անդամավճարի համակարգի» ձեւով:

«Հայաստանի քաղաքական համակարգում կուսակցությունների մի մասին ֆինանսավորում է իշխանությունը, մի մասին` այլ կառույցներ, մենք գտել ենք այլ ճանապարհ: Եթե, ենթադրենք, կուսակցությունը ունենա 10 հազար անդամ, կամ 1000 անդամ, 1000 մարդ կարող է ֆինանսավորել ցանկացած քաղաքական գործընթաց, նույնիսկ իր փոքր ներդրումով», - ասաց նա:

Նախաձեռնողները հնարավոր համարեցին համագործակցությունը ազատական գաղափարախոսությունը կրող բոլոր ուժերի հետ, շեշտեցին «Հանրապետություն», «Ազատություն» կուսակցությունների անունները, ասացին, որ «Ազատ դեմոկրատների» հետ էլ լավ հարաբերությունների մեջ են, թեեւ չգիտեն այդ կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը կարող է իրենց միանալ, թե` ոչ:

Դիտարկմանը, որ նորաստեղծ Հայ ազգային կոնգրես կուսակցությունն է իրեն համարում ՀՀՇ-ի իրավահաջորդը, արդյոք իրենց նախաձեռնությունը չի նշանակո՞ւմ դաշտում երկու ՀՀՇ-ների գոյություն, Զուրաբյանը հակադարձեց. - «ՀՀՇ-ն մի տուն է, որտեղից շատերն են դուրս եկել, եւ կարծում եմ, իրավունքներ ունեն այդ տան հետ կապված»:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանը, ՀՀՇ-ի փետրվարի 23-ի համագումարում խոսելով կուսակցության վերանվանման անհրաժեշտության մասին, հայտարարել էր. - «Վանո Սիրադեղյանի` երկիրը լքելուց հետո այս կուսակցությունը դարձել է մի գեղական կլուբ, աղանդ»:

Հարցին, թե արդյոք մտավախություն չունեն, որ իրանց վերագրանցած ՀՀՇ-ն էլ «գեղի կլուբի» չի վերածվի, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. - «Ես, ճիշտն ասած, մեծ փորձ չունեմ գեղի կլուբների, երբեւէ գեղի կլուբերում չեմ աշխատել: Հարցրեք նրանց, ովքեր ունեն փորձ գեղի կլուբեր կառավարելու կամ չկառավարելու: Իմ կարծիքով, մենք հպարտ ենք մեր անցյալով»:

Իսկ այն կարծիքներին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի մեջ ՀՀՇ-ի անվան հետ կապված մութ ու ցուրտ տարիների բացասական հիշողություններից ազատվելու համար գնաց կուսակցության անունը փոխելու ճանապարհով, իրե՞նց այդ պիտակները չեն մտահոգում, Արզումանյանը հակադարձեց. - «Կա մարդ, որ դա անվանում է «մութ ու ցուրտ» տարիներ, կա մարդ, որ դա համարում է մեր պատմության ամենապանծալի տարիները, որ մենք նվաճել ենք մեր անկախությունը, մենք դրանով հպարտ ենք: Եթե Կոմունիստական կուսակցությունը, որը 70 տարի կեղեքել է մարդկանց, աքսորել է սիբիրներ, այսօր իրեն թույլ է տալիս ստալինիզմի դիրքերից խոսել իրենց պանծալի անցյալի մասին, ապա մենք շատ բաց ճակատով պատրաստ ենք հասարակության հետ հարաբերվել»:

Նախաձեռնողները վստահեցրեցին, որ ՀՀՇ կուսակցությունը ղեկավար չի ունենալու, ղեկավարվելու է կոլեգիալ սկզբունքով: Կուսակցության հիմնադիր համագումարը նախատեսում են հրավիրել սեպտեմբերին:

Ընդդիմադիր ՀԱԿ-ը չի արձագանքում ՀՀՇ-ն վերագրանցելու այս նախաձեռնությանը: ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին միայն փոխանցեց, որ դա նախաձեռնողների խնդիրն է, իրենք ասելիք չունեն: