ՀԱԿ-ը դիմում է Հատուկ քննչական ծառայություն

Լարված իրավիճակ Երեւանի ընտրատեղամասերից մեկում, 5-ը մայիսի, 2013

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանցագործության մասին հաղորդումների փաթեթ է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն` պահանջելով քրեական գործեր հարուցել, նախաքննություն սկսել Երեւանի մի շարք ընտրատեղամասերում իրենց վկայակոչած «հանցագործության փաստերի» առնչությամբ, հայտնաբերել եւ քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Փաթեթը ներառում է մեկ տասնյակ հաղորդումներ մոտ երեք տասնյակ դեպքերի մասին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնը համակարգող Արմեն Խաչատրյանը, հաղորդումների մեջ ամփոփել են Երեւանի ավագանու ընտրություններում բաց քվեարկությունների, ուրիշի փոխարեն քվեարկությունների, գրանցամատյանների անհետացման, վստահված անձանց նկատմամբ բռնությունների, թաղային հեղինակությունների կողմից ընտրությունները ուղղորդելու եւ այլ դեպքեր: Խաչատրյանը վկայակոչեց ամենաաղմկահարույց փաստերը Մալաթիայի, Կենտրոնի, Էրեբունու, Նոր Նորքի ընտրատեղամասերից:

«Օրինակ, 9/28-ում գործի դրվեցին 2003, 2007 թվականների ավանդույթները` տոտալ, բռնի ուժի կիրառմամբ ընտրությունները կեղծելու ավանդույթները. հանձնաժողովը գրեթե զրկված է եղել իր նորմալ գործունեությունն իրականացնելուց, ըստ էության, տեղի է ունեցել բաց քվեարկություն, գործել է երկու խումբ. մի խումբը դրսից բերել է ընտրողներին, մյուս խումբը հենց քվեարկության կենտրոնում վերահսկել է այդ քվեարկությունը: Ինչպես նաեւ նշված են նույն տեղամասի հանձնաժողովի կողմից կատարված ապօրինություններ, ինչպիսիք են` ամփոփիչ թերթիկի տվյալների փոփոխություն, քվեաթերթիկների անհետացում: Միայն այդ տեղամասի հետ կապված մեկ հաղորդման մեջ ներկայացված են մի շարք դեպքեր, որոնք պարունակում են հանցակազմ», - ասաց Խաչատրյանը:

«Այդպիսի տեղամասեր կան նաեւ Մալաթիայում. ուզում եմ հիշատակել. մասնավորապես, 8/22 տեղամասը: Ըստ մեր հավաստի տեղեկությունների` այդ տեղամասի մատյանը գողացվել է, գրանցամատյանը պարզապես գոյություն չունի», - հավելեց նա:

Կոնգրեսի ներկայացուցիչներին այդպես էլ չի հաջողվել բացել տալ նշված 8/22 տեղամասի պարկերն ու փաստաթղթերը: Չնայած թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին վերահաշվարկի դիմում ներկայացված եղել է, սակայն հանձնաժողովը այլ դիմումներով այլ տեղամասերի պարկեր է բացել, մինչ վերահաշվարկի համար սահմանված ժամկետն ավարտվել է, եւ հերթը այս տեղամասին այդպես էլ չի հասել:

«Այստեղ ակնհայտ անգործություն կա ընտրատարածքային հանձնաժողովի կողմից, սակայն այդ անգործությունը հանցավոր գործողություններ պարտակելու միտում է ունեցել», - ընդգծեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

10/06 տեղամասի վերաբերյալ Արմեն Խաչատրյանը «կրկնակի քվեարկության» դեպքեր մատնանշեց:

«Ստորագրված ցուցակների քաղվածքներն անելուց հետո պարզել ենք, որ կան նաեւ բազմաթիվ կրկնակի քվեարկության դեպքեր, մասնավորապես, նույն անձնագրի սերիայով, նույն ստորագրությամբ երկու տողում հայտնաբերել ենք քվեարկություն: Այսինքն` նույն անձը իր անձնագրով երկու անգամ նույն տեղամասում քվեարկություն է կատարել: Բացի դրանից, այդ տեղամասում հանձնաժողովի նախագահը, ով իրավասություն չունի գրանցամատյանում քվեարկողի տվյալներ լրացնել, նրա կնիքն է դրված այնտեղ, ընդ որում բացակայում է կամ անձնագրի սերիան կամ ստորագրությունը: Սա նախագահի կողմից լիազորությունները գերազանցել է, կամ իր լիազորություններից դուրս գործողություններ կատարել: Նմանատիպ բազմաթիվ դեպքեր կան, որոնք մանրամասն շարադրված են հաղորդումների մեջ», - ասաց Խաչատրյանը:

Հատուկ քննչական ծառայություն ուղարկված հաղորդումների մեջ նաեւ 2/30 ընտրատեղամասն է հիշատակվել, որտեղ, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, ընտրողներին ուղղորդելու նպատակով դրսից 20-30 հոգանոց խումբ էր ներխուժել տեղամաս, բռնություն գործադրել ընդդիմադիր վստահված անձի նկատմամբ:

Ինչպես այս, այնպես էլ հաղորդման մեջ հիշատակված մի շարք այլ տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար Կոնգրեսը դիմել էր ընտրատարածքային հանձնաժողովներ, սակայն բոլոր դիմումները մերժվել են: Կոնգրեսի դիտարկումներով` թաղային տարրերի կողմից ընտրությունների վերահսկումը եղել է «համատարած, համակարգված, տոտալ բնույթ է ունեցել, եւ ընտրությունների արդյունքները պայմանավորված են հենց այդ համակարգված գործողություններով»:

«Իսկ ոստիկանները որոշ դեպքերում մատնվել են անգործության, որոշ դեպքերում գործող անձինք եղել են հենց ոստիկաններ: Մեր ներկայացրած փաթեթում ներառված են նաեւ ոստիկանների գործողությունների վերաբերյալ դեպքեր», - ասաց Խաչատրյանը:

ՀՔԾ ներկայացված ՀԱԿ-ի փաթեթում ներառված չեն այն դեպքերը, որոնց վերաբերյալ ոստիկանությունում հարուցված քրեական գործեր կան: Ոստիկանության վերջին հաղորդագրության համաձայն` ավագանու ընտրություններում խախտումների կապակցությամբ 8 քրեական գործեր են հարուցվել, մի քանի տասնյակ ահազանգեր եւ հաղորդումներ էլ ուսումնասիրվում են: