Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը եւ «Բարեւ, Երեւանը» հանցագործության մասին հաղորդումներ կներկայացնեն


ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանցագործության մասին տասնյակ հաղորդումներ է պատրաստում` ընտրատեղամասերում վերահաշվարկի դիմումների քննության ընթացքում հայտնաբերված բազմաթիվ փաստերի առիթով:

Հաղորդումները կներկայացվեն դատախազությանը` քրեական գործեր հարուցելու եւ օրինախախտներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, վերահաշվարկի եւ որոշ տեղամասերում Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները անվավեր ճանաչելու իրենց դիմումների գլխավոր նպատակը հենց հանցագործությունների մասին ապացույցներ ձեռք բերելն է եղել:

«Իշխանական քարոզչությունը փորձում է աղավաղել վերահաշվարկի մեր դիմումների իմաստը: Մենք վերահաշվարկի չենք դիմել նրա համար, որ որեւէ ձեւով փոխենք ընտրության արդյունքները: Մենք հարյուր տոկոսով վստահ ենք, որ եւ բազմակի քվեարկողները, եւ կաշառված ընտրողները ֆիզիկապես ներկայացել են եւ քվեարկել են այնպես, ինչպես պետք է Հանրապետական կուսակցությանը, եւ մենք հասկանում ենք, որ զուտ վերահաշվարկը որեւէ փոփոխություն չի մտցնի: Վերահաշվարկի դիմելու մեր նպատակը այլ է` ապացույցներ ձեռք բերել եւ հանրությանը ներկայացնել այս լայնածավալ հանցագործության մասին: Ապացույցներ առ այն, որ նախ` եղել են բազմակի քվեարկություններ, երկրորդ` կաշառված կամ ահաբեկված ընտրողներին վերահսկել են, որ նրանք գնան եւ քվեարկեն իշխող ռեժիմի ուզած ձեւով: Վերահաշվարկը դա մի հնարավորություն է, որ մենք կարողանանք ծանոթանալ մատյանների հետ, թե ով է քվեարկել (ինչն այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ պահում են մատյանների գաղտնիությունը), քաղվածքներ անել եւ հետո համեմատել իրական պատկերի հետ», - ասաց Զուրաբյանը` ընդգծելով. - «Եվ ես կարող եմ ասել, որ մեր ռազմավարությունը տալիս է լուրջ արդյունքներ. Օրինակ, Ավանում մենք պարզել ենք, որ 15 մարդ, որոնք նշված են մատյանում որպես քվեարկած, հաշվառված են մի հասցեում, որը գոյություն չունի: Ավելի աղաղկող փաստ նույն ընտրատեղամասում` պարզվում է, որ ոստիկանության կողմից հրապարակված ցուցակը եւ մատյանի ցուցակը իրար հետ չեն համընկնում: Արձանագրել ենք նաեւ բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ քվեարկել են ուրիշների փոխարեն: Արձանագրել ենք դեպքեր, որ հանձնաժողովների նախագահները, դուրս գալով իրենց լիազորություններից, փաստորեն, արտոնել են մարդկանց առանց անձնագրերի քվեարկություններ, ընդ որում` իրենք էլ հենց գրառումներ են արել այդ կապակցությամբ մատյանում: Գրված է, որ հանձնաժողովի նախագահը արտոնում է, իր ստորագրությունն էլ դրված է… Սրանք բաներ են, որ երբեք չէին բացվի, եթե մենք չդիմեինք վերահաշվարկի: Այսինքն` այդ մարդիկ ուղղակի պետք է բանտ նստեն»:

ՀԱԿ-ը վերահաշվարկի եւ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումներ էր ներկայացրել երեք տասնյակ տեղամասերի վերաբերյալ: Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելուց բացի այս քաղաքական ուժը պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան:

«Այս հանցագործների ձեռքը մենք պետք է բռնենք», - ասաց Զուրաբյանը:

Վերահաշվարկի դիմումների մյուս մասն էլ ներկայացրել է ընդդիմադիր «Բարեւ, Երեւան» դաշինքը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց դաշինքի ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, իրենք էլ վերահաշվարկի միջոցով ընտրությունների արդյունքները փոխելու ակնկալիքներ չեն ունեցել, նպատակը կրկին կեղծիքների բացահայտումն է եղել, հատկապես` Հայաստանից բացակայողների փոխարեն քվեարկությունները: Մինչ ընտրությունները դաշինքը պարզել էր Երեւանի մի շարք համայնքներում երկրից բացակայողների ցանկը, եւ վերահաշվարկի դիմումներով հնարավորություն է ստացել ստուգումներ անցկացնել:

Հարցին, թե աղմկահարույց բացահայտումներ արդյոք հաջողվե՞լ են, Սաֆարյանը պատասխանեց. - «Յուրաքանչյուր դեպքը ինձ համար աղմկահարույց է, եթե բացակա մարդու փոխարեն քվեարկություն է տեղի ունեցել: Ես այս պահի դրությամբ այդպիսի առնվազն 2-3 դեպքի մասին գիտեմ, դրանք արդեն պատրաստի գործեր են դատախազություն, ոստիկանություն ուղարկելու համար: Չափազանց լուրջ խախտում է, եթե այդ մի քանի տոկոսի ընտրատեղամասերի դեպքում նման փաստեր են ի հայտ եկել, պատկերացրեք, ինչ կլիներ, եթե մենք ունենայինք ամբողջ Երեւանի ցուցակները: Այն, ինչ մենք կարողացել ենք այս օրերի ընթացքում վեր հանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի ժամանակ, բոլորը կամփոփենք, եւ կանենք մեր հաջորդ քայլը»:

«Բարեւ Երեւանը» եւս պատրաստվում է իր բացահայտած հանցակազմ պարունակող դեպքերի վերաբերյալ հաղորդումներ ներկայացնել իրավապահներին:

Երեւանի բոլոր տեղամասերում քվեարկության ողջ ընթացքը նկարահանած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված տեղեկատվության, բողոքներ չի ներկայացրել:

«Ընտրությունների հետ կապված կարող եմ ձեզ հետ խոսել այն ժամանակ, երբ մենք կունենանք խոսելիք: Այսինքն, երբ որ կավարտվեն մեր քննարկումները, որեւէ այլ բան հիմա ասել չեմ կարող», - փոխանցեց կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG