Հայաստան–ԵՄ. հայկական կողմը գոհ է բանակցային գործընթացից

Հայաստան -- Կոնյակի տակառներ Երեւանի կոնյակի գործարանում, արխիվ

Երեւանում այսօր մեկնարկեց Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը:
Բրյուսելից ժամանած պատվիրակությունը հայկական կողմի հետ 2 օր բանակցելու է մտավոր սեփականության իրավունքների, առեւտրի սանիտարական միջոցների եւ մաքսատուրքերի դրույքաչափերի շուրջ:

«Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու ժամանակ, Հայաստան ներմուծելիս, եվրոպական ապրանքներից պետք է մաքսատուրքեր չգանձվեն եւ փոխադարձաբար, հայկական ծագում ունեցող ապրանքները Եվրամիության 27 անդամ երկիր ներմուծելիս նույնպես մաքսատուրքեր չպետք է գանձվեն», - ասում է հայկական կողմի գլխավոր բանակցող Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը։

Հայկական կողմի գլխավոր բանակցող Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն ասում է` հայկական կողմը գոհ է բանակցային գործընթացից, թեեւ ասում է՝ համաձայնությունները Հայաստանում կիրարկելու համար հարկավոր կլինեն տարիներ:

Եվրոպական կողմի գլխավոր բանակցող Լյուք Պիեր Դեվինն էլ հիշեցնում է. - «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունները առանձին բանակցություններ չեն եւ առանձին գործընթաց չեն: Դրանք ընդհանուր բարեփոխումների մաս են կազմում, որ պետք է իրականացնի Հայաստանը: Լավ օրենքներ ունենալը լավ է, բայց ավելի լավ է կիրառել այդ օրենքները»:

Խոր եւ Համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունների օրակարգում են նաեւ հայկական արտադրության կոնյակի եւ շամպայնի անվանումները: Հայաստանն իրավունք չի ունենա օգտագործել կոնյակ կամ շամպայն բառերն իր արտադրանքի համար:

«Այս մասով քննարկումները դեռեւս չեն ավարտվել։ Մենք այս հարցը շատ մանրակրկիտ քննարկել ենք մեր մասնավոր հատվածի հետ։ Ես հուսով եմ, որ մենք կգանք այնպիսի մի լուծման, որը, բխելով միջազգային օրենսդրության կարգավորման շրջանակներից, միաժամանակ նաեւ չի վնասի մեր տեղական արտադրողին», - մանրամասնեց Գարեգին Մելքոնյանը։

Հայկական կողմը ջանում է նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովից առաջ Եվրոպայի հետ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցային գործընթացն ավարտին հասցնել, մինչ այդ կանցկացվի բանակցությունների եւս 3 փուլ: