«Հայրենակիցներ» ծրագրին են դիմում` բողոքելով սոցիալական անարդարությունից

Ամեն օր վաղ առավոտից մի խումբ մարդիկ են հավաքվում Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության գրասենյակի մոտ. նրանք ուզում են հեռանալ Հայաստանից` Ռուսաստանում ավելի լավ ապրելու ակնկալիքով:
53-ամյա տաքսու վարորդ Արգամը մեկ ու կես ամիս առաջ է դիմել Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությանը` «Հայրենակիցներ» ծրագրով Ռուսաստան մեկնելու եւ այնտեղ ապրելու, աշխատելու համար:

Արգամին հանդիպեցի այս ծրագրի գրասենյակ ուղեւորվելիս, երբ փորձում էի բացատրել հասցեն: Բացատրության կարիք, չկա, բոլոր տաքսիստները գիտեն այդ վայրը, ասաց Արգամն ու ավելացրեց` սպասում եմ աղջիկս Կոնսերվատորիան ավարտի, հավաքեմ ընտանիքիս ու գնամ:

«Ռուսաստանը մեզ օտար չէ, Ռուսաստանը մեզ հարազատ է: Ես ինձ ավելի ճնշված եմ զգում իմ Հայաստանում, իմ Երեւանում, քան թե դրսում կզգամ», - համոզված է տաքսիստը:

80-100 հազար դրամ ամսական աշխատավարձը չի հերիքում, մյուս կողմից էլ սոցիալական անարդարության դեմ պայքարի էլ ուժ չկա, մինչ կհասնեինք Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն պատմում էր վարորդ Արգամը: Ասում է` իրեն Հայաստանում կարող է պահել «գոնե 200 հազար դրամ աշխատավարձը»:

«Պատրիոտիզմը վերացել է մեր մեջ, որ մենք հայրենասեր ենք, ո՞նց մեր հայրենիքը լքենք: Չէ, եթե դու էսօր չես կարողանում քո երեխային կերակրել, հագցնել, ամեն ինչ մնում է երկրորդ պլանում», - ասում է նա:

Մինչդեռ «Հայրենակիցներ» ծրագիրն առաջարկում է Ռուսաստանի քաղաքացիություն, սկզբնական շրջանի համար 80-240 հազար ռուբլի, ասյինքն` 2500-8000 դոլար, որոշ դեպքերում էլ, եթե այդ մասնագետի խիստ պահանջ կա, նաեւ բնակարան: Հիմա ծրագիրն ավելի է ընդլայնել իր հնարավորությունները. դիմորդներին անգամ երկրամասի ընտրության հնարավորություն է տրվում:

Մինչ Արգամը սպասում է իր պատասխանին, նրա գործընկերներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ եւ խուսափեց նաեւ տեսախցիկի առջեւ խոսելուց, 15-20 օրից հավաքում է ճամպրուկն ու մեկնում Խաբարովսկի երկրամաս` վարորդ աշխատելու համար: Ասաց` ակնկալում է, որ այնտեղ ամսական մինչեւ 2000 դոլար կվաստակի:

«Իսկ էստեղ հնարավոր չէ, առայժմ չի ստացվել, ես արդեն 50 տարեկան եմ: Էստեղ կարող ես մի 300 դոլար աշխատել», - ասաց տղամարդը:

Ամեն օր վաղ առավոտից Երեւան Մանուշյան 72 հասցեում մարդկանց խմբեր են հավաքվում: Մի մասն առաջին անգամ է այստեղ` հատուկ դասընթացին ներկա գտնվելու համար, մյուսներն էլ արդեն որոշել են, որ գնալու են, եկել են դիմում ներկայացնելու: Այստեղ միայն վարորդի ու բանվորի աշխատանք որոնողների չէին, կային ուսանողներ տարբեր բուհերից, ատամնաբույժներ, ուսուցիչներ, իրավաբաններ: Օրինակ, տիկին Սիրանույշը, որ ժամանակին դպրոց ուներ Երեւանում, փակել է այն եւ որոշել մեկնել Ռուսատան: Ունենալով իրավաբանի կրթություն` նա այսօր տեղ չի գտնում իր երկրում:

«Ցանկացած երկրում, ցանկացած տեղ, բայց ոչ Հայաստանում», - ասաց նա:

Այսօր երբ ազգությամբ ռուս հսկիչը, հերթ կանգնածներին դիմելով ասաց, որ չորս հոգի կարող են ներս մտնել, չորսի փոխարեն մի վեց հոգի բռենցին դռան ճանապարհը, հսկիչը ոչ բարյացկամ տոնով ասաց. - «Ես ասեցի 4, եւ ոչ թե 4.5 մարդ»:

«Բոլորդ բողոքում եք սոցիալական անարդարությունից, իսկ արդյոք այն երկիրը, ուր մեկնում եք, սոցիալական արդարության օրինա՞կ է». այս հարցին ի պատասխան` հավաքվածները հիմնականում լռում էին: Նրանցից մեկն էլ ասաց. - «Այնտեղ այդքան չեն ոտնահարվում մարդու իրավունքները»:

Պատասխանող 30-ամյա մի երիտասարդ էր, ով դեղագործ է, իսկ կրտսեր եղբայրը` ատամնաբույժ: Ծանոթներից եւ արդեն այնտեղ մեկնող մարդկանցից լսել են, որ Ռուսաստանում այս մասնագետների կարիքը կա ու վճռական են, գնալու են:

Դեռ անցած տարի Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մտահոգություն հայտնեց, որ «Հայրենակիցներ» ծրագրին Հայաստանից դիմել է 26 հազար մարդ, որոնցից արդեն Ռուսաստան է մեկնել 1500-ը: Մտահոգությունը ուղղված էր, մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով էլ իր ելույթում ասաց. - «Այս հարցը քննարկվել է ռուս գործընկերների հետ բոլոր ատյաններում, մեր քաղաքական դիրքորոշումը հետեւյալն է` այս պետական ծրագիրը ՀՀ-ում այն ձեւով ու ֆորմատով, ինչպես իրականացվում է այլ պետություններում, մեզ համար ընդունելի չէ, մենք մեր համաձայնությունը չենք տվել, որ այն ՀՀ-ում իրականացվի»:

Վարչապետի գրասենյակից մեզ դեռեւս չհայտնեցին, թե ինչ քայլեր են ձեռնարկում հայաթափության այս ծրագրի դեմ պայքարելու համար` հատկապես, որ ժողովրդի միակ ակնկալիքը բարեկեցիկ կյանք ապահովելն է:

Հայաստանի կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր ղեկավարած կառույցը այս գործերի հետ առնչություն չունի:

Երբ փորձեցինք հասկանալ, թե Հայաստանում ո՞վ առնչություն ունի այս ծառայության հետ, պարզեցինք, որ ոչ արտաքին գործերի, ոչ էլ արդարադատության նախարարությունում ՀՀ-ում Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն ներկայացուցչություն անունով կառույց գրանցված չէ: Վերոնշյալ ծառայությունից տեղեկատվություն ստանալու մեր բազմաթիվ փորձերն էլ անհաջողության մատնվեցին. հարցազրույց մեզ այդպես էլ չտվեցին, իսկ էլեկտրոնային հասցեով ուղարկված մեր բոլոր հարցերը առայժմ մնացել են անպատասխան:

Եվ մինչ Հայաստանի պետական մարմինները լռում են, Ռուսաստանի Դաշնությունը` հանձինս նախագահ Վլադիմիր Պուտինի, մտադրություն ունի տարեկան 300 հազար ներգաղթյալի մուտք ապահովել Ռուսաստան նախկին Խորհրդային Միության բոլոր երկրներից: