Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը կրկին քննադատում է ռուսական «Հայրենակիցներ» ծրագիրը


Վարչապետ Տիգրան Սարգսյան, արխիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյան, արխիվ

«Մեր ռազմավարական դաշնակիցը չպետք է դիմի քայերի, որոնք կվնասեն մեր շահերին», - ասում է Հայաստանի վարչապետը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

Հայաստանի վարչապետը կրկին քննադատում է Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունների կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագիրը:

Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշում է. - «Ժողովրդագրական խնդիրն առանց այդ էլ առկա է, բնակչության արտահոսքը հատկապես սահմանամերձ գոտուց կհարվածի Հայաստանի շահերին: Այդ իսկ պատճառով, մեր ռազմավարական դաշնակիցը չպետք է դիմի քայերի, որոնք կվնասեն մեր շահերին: Մենք հստակորեն ամրագրել ենք ենք մեր այս հստակ ու աներկբա տեսակետը բոլոր արձանագրություններում»։

Միաժամանակ, Հայաստանի վարչապետը բավական դրական կարծիք է հայտնում Ռուսաստանի հովանու ներքո ընթացող մյուս նախագծերի մասին:

«Մենք հետաքրքրված ենք ԵվրազԷՍ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացներով», - ասում է Սարգսյանը:

Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով` պաշտոնական Երեւանը այսօր փորձում է համադրել ԱՊՀ-ի անդամների միջեւ իրականացվող նախագծերն ու Եվրամիության հետ համագործակցությունը: Իր տեսակետը թերեւս ավելի համոզիչ դարձնելու համար` Տիգրան Սարգսյանն «Իզվեստիա»-ին տված հարցազույցում անգամ մեջբերում է Ռուսաստանի նախագահի խոսքերը. - «Ռուսաստան - Եվրամիություն համաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինը հստակ ձեւակերպում տվեց, որին մենք եւս հետեւում ենք: Դրա համաձայն` [ինտեգրացիոն] գործընթացները չի կարելի հակադրել, դրանք պետք է փոխադարձաբար լրացնեն միմյանց»։ Սարգսյանի խոսքերով` Պուտինի արտահայատած այդ տեսակետը «համահունչ է այն սկզբունքներին, որոնք մեր մոտեցումների հիմքում են»:

Ինչ վերաբերում է Եվրամիություն - Հայաստան համագործակցությանը, ապա, ըստ Տիգրան Սարգսյանի, Հայաստանի ղեկավարությունը հստակ պատկերացում ունի հետագա քայլերի վերաբերյալ. - «Այսօրվա մեր առաջնահերթությունը Եվրամիության հետ ազատ առեւտրի համապարփակ գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումն է: Մենք ցանկանում ենք այդ համաձայնագիրը կնքել 2013-ին, թեեւ մեր եվրոպացի գործընկերները կարծում են, որ դա հնարավոր կլինի իրագործել միայն 2014 թվականին»։

«Իզվեստիա»-ի թղթակիցը փորձել է պարզել Հայաստանի վարչապետի տեսակետը ԱՊՀ-ի տարածքում գործող Մաքսային միության հանդեպ: «Հայաստանը մի առանձնահատկություն ունի` մեր երկիրը Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունի, այդ իսկ պատճառով, հարկավոր է համագործակցության մեխանիզմներ մշակել», - նշում է Սարգսյանը` սահուն անցում կատարելով ֆինանսական համագործակցության թեմային. - «Կարծում եմ, որ Մաքսային միությունը իր բնույթով շատ մոտ է ընդհանուր տարադրամային գոտուն: Անհրաժեշտ է ընդամենը հինգ տարի շարունակ համաձայնեցված բյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն իրականացնել: Իմ կարծիքով` դա ձեռնտու կլինի թե՛ Ռուսաստանի, թե՛ Ղազախստանի եւ թե՛ Բելառուսի համար»։

Տիգրան Սարգսյանի խոսքով` «միասնական տարադրամը շահավետ է թե՛ տնտեսվարողների, թե՛ քաղաքացիների համար»: «Ինչ իմաստ ունի ազգային տարադրամ պահել եւ դրամ կորցնել փոխանցումների ժամանակ», - ասում է կառավարության ղեկավարը` չհստակեցնելով, սակայն` արդյո՞ք Հայաստանի իշխանությունները մի օր կարող են գնալ այդ ուղով` հրաժարվելով ազգային տարադրամից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG