Սերժ Սարգսյան. «Ցավում եմ իմ սխալների համար»

Սերժ Սարգսյանը Աշտարակում զրուցում է ընտրողների հետ:

Հայաստանի նախագահ եւ իր գլխավորած իշխող ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր ընտրողների հետ հանդիպումներ ունեցավ Արագածոտնի մարզում` Աշտարակում եւ Ապարանում:

«Եթե մերժում եք այն կարծիքը, թե մեր ժողովրդի վաստակը քչերինն է, հնչեցրեք ձեր ձայնն այս ընտրություններում: Եթե մերժում եք այն միտքը, թե մեր իշխանությունն այլեւս պատանդ է մի քանի հարուստների ձեռքին, պիտի մասնակցեք այս ընտրություններին: Եթե ընդունում եք, որ մեր երկիրը նոր տնտեսության, լավ վարձատրվող աշխատատեղերի կարիք ունի, եթե հավատում եք, որ պիտի ապրենք արդար երկրում, չմնաք տանը. Գնացեք ձեր ընտրության հետեւից», - Աշտարակում բազմամարդ հանրահավաք հանդիպմանը եկածներին ասաց Սերժ Սարգսյանը` հորդորելով քվեարկել իր օգտին:

Նշելով, թե «վատ իշխանությունը կարող է վերարտադրել իրեն», բայց չի կարող «լավ քաղաքացի կերտել»` նախագահի թեկնածուն առանձին օրինակներով նկարագրեց լավ քաղաքացու կերպարը: Առաջին հերթին հիշատակեց այն հայ զինվորներին, ովքեր տասն օր առաջ ոչնչացրել էին մեր անվտանգության նկատմամբ ոտնձգություն կատարած դիվերսանտներին:

Ապա ասաց. - «Ընդամենը օրեր առաջ մեր իրավապահները բացահայտեցին քաղաքական պայքարի ելած գործչի կյանքի դեմ կատարված հանցագործությունն ու ձերբակալեցին հանցագործներին: Ձեր շնորհիվ է այս գործելաոճը դարձել իրականություն, իրավապահ համակարգում փոփոխությունների ձե'ր պահանջով»:

Վերհիշելով 2008 թվականը, երբ, «փոթորկահույզ մայրաքաղաքում» երդվում էր երկիրը տանել փոփոխությունների ճանապարհով` թերեւս ամբողջովին չգիտակցելով, թե ինչ ահռելի պատասխանատվություն է առնում իր ուսերին` Սերժ Սարգսյանը նշեց. - «Սակայն այլ ելք չունեի: Հայաստանի վերքերը խորն էին: Ժամանակները փոխվել են, փոխվել է երկիրը, փոխվել եմ եւ ես»:

Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ իր սխալների մասին. - «Ցավում եմ իմ սեփական սխալների համար, որոնք քիչ չեն եղել եւ որոնց մասին ինձնից ավելի ոչ ոք չգիտի»: Այնուհետեւ հավելեց, որ այդուհանդերձ, երբեք չի մոռացել 18-րդ դարի ամերիկացի փիլիսոփա եւ բանաստեղծ Ռալֆ Էմերսոնի խոսքերը. - «Մեծագույն քաջությունը երբեք չընկնելը չէ, այլ ընկնելուց հետո ամեն անգամ ոտքի ելնելը»:

Եթե Աշտարակում հանրահավաք-հանդիպումը բազմամարդ էր, ապա Ապարանում, որտեղ նախագահի թեկնածուն իր համակիրների հետ հանդիպեց քաղաքի Մշակույթի տանը, ընտրողներն ակտիվ չէին: Երբ Սարգսյանն ավարտեց իր ոչ ընդարձակ ելույթն ու առաջարկեց հարցեր տալ, հնչեց ընդամենը երկու-երեք հարց, որոնց հետեւեցին գովեստի խոսքերն ու անգամ մի բանաստեղծական ձոն: