Անդրիաս Ղուկասյանը «ճնշումների է ենթարկվում»

Your browser doesn’t support HTML5

Հունվարի 21-ից հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը պնդում է, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվում:

Ռուսաստանյան «Գոլոս Ռոսիի» պետական ռադիոկայանը միակողմանիորեն, առանց նախազգուշացնելու դադարեցրել է պայմանագիրը նախագահի թեկնածուի ղեկավարած «Ռադիո Հայ»-ի հետ` պատճառաբանելով, թե Ղուկասյանի «քաղաքական վարքագիծն ադեկվատ չէ»:

Անդրիաս Ղուկասյանը այսօր լրագրողներին ասաց, թե «Գոլոս Ռոսիի»-ն, խախտելով երկարաժամկետ պայմանագիրը, քաղաքական որոշում է կայացրել` զրկելով «Ռադիո Հայ»-ին եկամտի հիմնական աղբյուրից:

«Սա մի օրինակ է, որ այլ պետության կողմից փորձում են ճնշում գործադրել Հայաստանում ընտրություններին մասնակցող թեկնածուների վրա: Ես բացասական եմ գնահատում այս երեւույթը, որովհետեւ ինքը, ըստ էության, մի թեկնածուին պաշտպանում է` մյուս թեկնածուի համար խոչընդոտներ ստեղծելով», - ասաց նա:

Ղուկասյանը հայտարարեց, որ վաղը բողոք է ներկայացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով` գործող նախագահի նախընտրական վերջին տեսահոլովակը շրջանառությունից անհապաղ հանելու պահանջով: Այդ տեսահոլովակում Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին է վերագրվում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացումը, եւ ցուցադրվում են կադրեր Մաշտոցի պուրակի պայքարի մասին, որոնցում երեւում է նաեւ կրպակներն ապամոնտաժող բրիգադի մասնակից Անդրիաս Ղուկասյանը:

«Բնականաբար, ինձ համար անընդունելի է, որ Հանրապետական կուսակցությունն օգտագործում է իմ պատկերը եւ իմ համախոհների պատկերը իր գովազդային հոլովակներում: Որովհետեւ դա, իմ կարծիքով, մոլորություն է ստեղծում քաղաքացիների մոտ. կարող է թերի տպավորություն ստեղծվել, որ ես եւ իմ համախոհները աջակից ենք հանդիսանում իշխող կուսակցության ղեկավարին, ինչն այդպես չէ», - ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանը փոխանցեց, որ այսօր իրեն այցելած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը զորակցություն է հայտնել իրեն, նշել է, որ հարգանքով է վերաբերվում Ղուկասյանի քայլին, ինչը, սակայն, չի նշանակում, թե կիսում է նրա քաղաքական հայացքները:

«Ինձ համար անսպասելի էր այդ հանդիպումը», - ասաց նախագահի թեկնածուն: - «Մարդկային առումով հասկանալի է: Քաղաքական առումով մենք գտնվում ենք ծայրահեղ իրարամերժ դիրքերում»:

Ըստ Ղուկասյանի, Սահակյանի այցը վկայում է, որ իշխող կուսակցությունն ընդունել է, որ սա հացադուլ է. - «Ընդունեց, որ այս պայքարը սկզբունքային է: Սա ազնիվ պայքար է: Մենք որպես քաղաքական հակառակորդներ, փաստորեն, ճանաչում ենք իրար: Սկզբունքային պայքարը գնալու է մինչեւ վերջ»:

Թեկնածուն վերահաստատեց, որ մտադիր է շարունակել հացադուլը մինչեւ քվեարկության օրը: Հացադուլի 15-րդ օրը ընդամենը երկու ժամով տուն կգնա` «հիգիենայի նկատառումներով», եւ պատրաստ է այդ ընթացքում հյուրընկալել լրագրողներին` կասկած չհարուցելու համար:

Միջազգային դիտորդները Անդիաս Ղուկասյանին մինչեւ այժմ չեն այցելել:

Ղուկասյանին սատարելու նպատակով եռօրյա հացադուլ հայտարարած քաղաքացիական ակտիվիստ Շանթ Հարությունյանը այսօր ավարտեց այն:

«Բոլորս պետք է մասնակցենք ժողովրդին ստրուկի կարգավիճակից ազատելու գործին», - հեռանալուց առաջ ասաց Հարությունյանը` շարունակելով. - «Քանի որ երկիրը բռնազավթված է, հայ ժողովուրդն այստեղ ոչ թե քաղաքացի է, այլ հպատակ: Օր-օրի ակնհայտ է դառնում, որ ամեն ինչ կեղծ է` ընտրություններ լինի թե ուրիշ բան: Ու որքան հիասթափությունը մեծանում է, այնքան մարդկանց պայքարի ոգին կարծես թե ընկճվում, կոտրվում է: Անդիասին ես մաղթում եմ դիմացկունություն, ուժ, կորով: Ծանր օրեր են սպասվում»: