Մատչելիության հղումներ

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել


ՀՀ նախագահի թեկնածուն հացադուլ է սկսել
please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00
Քարոզարշավի մեկնարկին նախագահի թեկնածու, «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը վաղ առավոտյան անժամկետ հացադուլ սկսեց Գիտությունների ազգային ակադեմիայի առջեւ:

Նախագահի թեկնածուն հայտարարում է, որ խոչընդոտված է քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը: Ղուկասյանը շարունակում է պնդել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է անվավեր ճանաչի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Մեր երկրում ձեւավորվել է քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու հարկադրելու մի մեքենա: Դա իշխող կուսակցության ընտրական մեքենան է, եւ նման պայմաններում, բնականաբար, չմատնանշել, որ այդ մեքենան կա, չվիճարկել դրա մասնակցությունը ընտրություններում, անգրագետ քաղաքական մոտեցում պիտի լինի», - ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանը իրատեսական չի համարում, որ ԿԸՀ-ն կվերանայի որոշումն ու Սերժ Սարգսյանին դուրս կթողնի ընտրապայքարից: Ղուկասյանը սպասում է միջազգային դիտորդների արձագանքին. հացադուլից կհրաժարվի միայն մի դեպքում, եթե նրանք դադարեցնեն առաքելությունը Հայաստանում, ինչը, ըստ թեկնածուի, կվկայի, որ Հայաստանը հեռու է ժողովրդավարական պետություն լինելուց:

«Քարոզարշավը իմաստ ունի այն դեպքում, երբ քաղաքացիները ունեն ազատ ընտրելու իրավունք: Եթե չունեն, քարոզարշավը այդ դեպքում վերածվում է թատրոնի: Բոլորիս համար ակնհայտ է, որ հարկադրանքի վրա հենվող քաղաքական ուժը կարող է ճանաչել միայն «ուժը ծնում է իրավունք» սկզբունքը եւ կարող է փոխել իր վարքագիծը կամ դիրքորոշումը միայն այլ ուժի միջոցով: Այս եղանակով մենք ստեղծում ենք այդ ուժի հարկադրանքի մի օղակ», - ընդգծեց թեկնածուն:

Ղուկասյանը թեեւ միայնակ է հացադուլ անում, բայց ասաց` աջակիցներ, համախոհներ ունի, հիմնականում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են: Թեկնածուն աթոռ է տեղադրել Գիտությունների ակադեմիայի շենքի աստիճանահարթակի մոտ, մեջքի ետեւում հայերեն եւ անգլերեն լեզուներով փակցված է «Վերջ շինծու ընտրություններին» պաստառը: Հատուկենտ ոստիկաններ շրջում են տարածքում, նախագահի թեկնածուն նրանց հետ պայմանավորվել է, որ վրան չի տեղադրելու, թեեւ հացադուլը շուրջօրյա է: Քնելու համար Անդրիաս Ղուկասյանն օգտագործելու է միայն բացվող աթոռ եւ ծածկոց:

«Դժվար է լինելու, բայց այդ դժվարությունը ես կհաղթահարեմ: Մեր պետությունը այսօր հարկադրում է զինվորներին նման պայմաններում պաշտպանել մեր երկրի սահմանները: Եթե մեր քաղաքացիները նման պայմաններում կատարում են սահմանների պաշտպանության աշխատանքը, քաղաքական գործիչների համար այս դրությունը խոչընդոտ չպետք է լինի», - ասաց Ղուկասյանը:

Օրվա երկրորդ կեսին Անդրիաս Ղուկասյանին այցելել է նախագահի մեկ այլ թեկնածու` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Ղուկասյանը դիմել էր նախագահի մյուս թեկնածուներին` կոչ անելով դուրս գալ ընտրապայքարից` միայնակ թողնելով Սերժ Սարգսյանին: Ղուկասյանն առաջարկում էր այս կերպ միավորվելով` քաղաքացիական պայքար ծավալել քրեաօլիգարխիկ համակարգի դեմ: Ինչպես նախագահի թեկնածուն էր ձեւակերպել` իր առաջարկը չընդունելու դեպքում բոլորի համար պարզ կդառնա, որ այդ թեկնածուները պարզապես իշխանությունների դրածոներն են: Ղուկասյանի այս առաջարկը արձագանք չգտավ, նախագահի թեկնածուն վերահաստատեց իր դիրքորոշումը:

«Դրա համար այսօր ես միայնակ եմ այդ հարցադրման մեջ, որ պետք է վիճարկել իշխող կուսակցության մասնակցությունը ընտրություններում: Մյուս թեկնածուները չեն վիճարկում եւ համարում եմ, որ իշխող կուսակցությունը ունի բարոյական, քաղաքական իրավական իրավունք մասնակցել այս ընտրություններին: Ուստի նաեւ համարում են, որ կարող են առանց պայքարի, պարզապես քարոզարշավի միջոցով հաղթահարել այդ հարկադրանքի մեքենան», - ասաց նա:
XS
SM
MD
LG