«Ազատ դեմոկրատները»-ը հակված է սատարելու Բագրատյանին

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կսատարի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին:

«Այս պահին ուսումնասիրում ենք ծրագրերը: Դեռեւս միայն ընդդիմադիրներից Հրանտ Բագրատյանն է հստակ ծրագիր ներկայացրել, որը ազատական է, շատ հոգեհարազատ է մեր գաղափարախոսությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով, որ առավել հավանական է, որ նախագահական ընտրություններում սատարեն Բագրատյանին:

«Մենք` որպես ազատականներ, ունենք ազատական թեկնածու, եւ Հրանտ Բագրատյանի հաղթանակը կարող է նպաստել ազատական դաշտի է'լ ավելի ամրապնդմանը», - փաստարկեց Արզումանյանը:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությանը` նա ասաց. - «Գիտեք, որ մենք մասնակցել ենք ընդհանուր դաշինքով` «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն» եւ հասարակական սեկտոր: Ինչ-ինչ տարաձայնություններ կան, անշուշտ, հիմա համագործակցություն չկա որպես այդպիսին: Բայց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հռետորաբանությունը շատ ավելի ազգայնական եւ պահանջատիրական էլեմենտներ է իր մեջ ներառում, որ մեզ համար դժվար է համադրել ազատականության հետ: Կտեսնեք ծրագիրը ինչպիսին կլինի, բայց այս պահին այն գաղափարները, որ առաջարկում է Հրանտ Բագրատյանի թիմը, մեզ համար ավելի հոգեհարազատ են»:

Արզումանյանը զարմանալի է համարում, որ ՀԱԿ-ի կարկառուն դեմքերից եւ Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ամենաակտիվ պատգամավորներից մեկը համարվող Բագրատյանը աջակցություն չի ստանում ՀԱԿ-ից:

Հակադարձելով Կոնգրեսից հնչող պնդումներին, թե այսօր ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել, եւ ընդդիմության մասնակցությունը միայն լեգիտիմացնելու է նախագահական ընտրությունները` Ալեքսանդր Արզումանյանն ասաց, թե 2012-ին խորհրդարանական ընտրություններից առաջ նույնպես պարզ էր, որ ընտրությունները կեղծվելու են, սակայն ՀԱԿ-ը մասնակցեց դրանց:

«Ի՞նչ է փոխվել մայիսի 6-ից ցայսօր, որ մենք չգիտեինք եւ ասում են, որ հնարավոր չէ», - հարց հնչեցրեց նա` պատասխանելով, թե փոխոխությունն այն է, որ փորձ է կատարվել ռեժիմի մի մասի` «Բարգավաճ Հայաստան»-ի հետ միասին իրականացնել իշխանափոխություն, եւ դրա արդյունքում ապատիա առաջացավ թե' Կոնգրեսում, թե' ընդդիմադիր հասարակության շրջանակներում:

ՀԱԿ-ի` ընտրություններին չմասնակցելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու որոշման առնչությամբ Արզումանյանն նշեց, որ բոյկոտը նույնպես պայքարի լեգիտիմ ձեւ է, սակայն այդ ուղղությամբ հարկավոր էր ամիսներ առաջ «տքնաջան» աշխատել:

Նախկին արտգործնախարարը վիրավորական է համարում պնդումները, թե առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չի կարող իրական մրցակից լինել գործող նախագահին: Արզումանյանն ընդգծեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը եւ Հրանտ Բագրատյանը իրենց անցած ճանապարհով որեւէ բանով չեն զիջում ո'չ նախորդ, ո'չ ներկա նախագահին:

«Չի կարելի այդպես հուսահատեցնել հասարակությանը: Հասարակությունը պետք է շանս ունենա, գնա եւ պայքարի: Հասարակությանը չի կարելի թողնել մեն-մենակ ռեժիմի կամայականությունների դեմ», - հավելեց նա:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ իրականում առաջադրված թեկնածուները շատ լավ գիտակցում են, որ հաղթելու շանս չունեն եւ ընդամենը քաղաքական մրցապայքարի իմիտացիա են ստեղծում, Ալեքսանդր Արզումանյանն արձագանքեց. - «Չեմ կարծում: Որովհետեւ դրանով իսկ կվիրավորեմ այդ մարդկանց: Նույն տրամաբանությամբ, երբեւէ իշխանափոխություն չի եղել ընտրություններով: Մշտապես կեղծվել է եւ մշտապես բոլորը իմացել են, որ այդպես է լինելու: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ բոլոր թեկնածուները նախորդ բոլոր ընտրություններում աշխատել են իշխանության լեգիտիմության վրա»:

Հարցին, թե հնարավոր է, որ իշխանությունները, հաշվի առնելով, որ չեն տեսնում այն գլխավոր մրցակցին, որը կարող է լուրջ խնդիրներ հարուցել ընտրությունների ընթացքում, այս անգամ զերծ մնան ընտրակաշառքներից, ընտրախախտումներից, ընտրացուցակների հետ կապված մանիպուլյացիաներից, Արզումանյանը պատասխանեց. - «Կարող է զերծ մնալ դրանց որոշ դրսեւորումներից: Բայց որ ամբողջովին թույլ տա ազատ, արդար ընտրություններ, բացառում եմ, որովհետեւ Հայաստանում ազատ, արդար ընտրությամբ իշխող ռեժիմը չի կարող վերարտադրվել»: