Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Կախվածություն չունեմ ոչ մեկից»


«Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրվի Հայաստանի Հանրապետության նախագահ, կհրաժարվի աշխատավարձից, կաշխատի կամավորության սկզբունքով:

«Որովհետեւ եթե խոսում ենք բյուջեն ճարպահանելու, ժողովրդին վերադարձնելու մասին, եթե խոսում ենք ստվերը բերման ենթարկելու մասին, դա պիտի անես սեփական օրինակով», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախագահի թեկնածուն:

Հովհաննիսյանը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրի, անցած տարի եկամուտ չի ունեցել:

«Ինձ ընտանիքս է պահում», - լրագրողներին հավաստիացրեց նա:

Հովհաննիսյանը, որի ծնողները ԱՄՆ-ում են բնակվում, եկամուտ չունենալու հանգամանքը իբրեւ դրական փաստ որակեց. - «Սա ընդգծում է նաեւ այն իրականությունը, որ ես կախվածություն չունեմ ոչ մեկից, բիզնես չունեմ եւ չեմ ունեցել», - ասաց նա:

«Ժառանգության» առաջնորդը հայաստանցիներին հորդորեց մասնակցել առաջիկա ընտրություններին` որքան էլ հիասթափված, նեղացած, հուսահատված լինեն սեփական երկրից: Եթե հայաստանցին տնից դուրս գա եւ խղճի մտոք քվեարկի, Հովհաննիսյանը համոզված է, որ իր հաղթանակն ապահովված է:

«Եթե տանը նստեն, ուրեմն թող հետո չբողոքեն, թող խավարը չանիծեն», - ասաց նա:

Ընտրություններին չմասնակցելու կոչերը նա «ճակատագրապաշտություն» է որակում. այն ուժը, որը հայաստանցիներին ուղղորդում է չմասնակցության, իր գործառույթը չի իրականացնում, համոզված է Հովհաննիսյանը: «Ժառանգության» առաջնորդը այդ համատեքստում հատուկ անդրադարձավ նախագահական ընտրապայքարին «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության` չմասնակցելու հանգամանքին:

«Կարող է այդ ուժերից մեկը արդեն կողմնորոշվում է դեպի իշխանական թեկնածուն, միգուցե դա անկեղծ մոտեցում է: Մեկ ուրիշը վեց տարի առաջ տարավ ընդդիմադիր շարժումը եւ հետո հինգ տարի անց որոշեց չմասնակցել եւ ոչ մեկին չսատարել: Այդ զոհերը ինչի՞ համար էին, եթե չկա շարունակություն: Եվ երրորդը` Դաշնակցությունը չի որոշել սատարելու է, թե չէ, բոլոր դեպքերում ես կգնահատեի ցանկացած քաղաքական ուժի, հոսանքի զորակցությունը», - ասաց նա:

Նախագահի թեկնածուն իր հիմնական մրցակից է համարում գործող նախագահին: Ինչպես բոլոր մասնակիցներին, հիմնականին էլ նա հաջողություն մաղթեց, ինչպես նաեւ հիշեցրեց ազատ, արդար ընտրությունների ապահովման պարտադիր պայման հանդիսացող մոտ մեկ ու կես տարի առաջ հնչեցրած 15 քայլ ենթադրող իր պահանջները: Հովհաննիսյանը կրկին գործող նախագահին հորդորեց ապակուսակցականացնել պետական հաստատությունները:

«Ժառանգության» առաջնորդը այսօր նաեւ Սերժ Սարգսյանին բանավեճի հրապարակային հրավեր հղեց: Եթե Սերժ Սարգսյանին պարտվի, կշնորհավորե՞ք նրան, հարցրեց լրագրողներից մեկը: «Եթե նման բան տեղի ունենա, ազատ, արդար ընտրություններում, անպայմա'ն», - ասաց Հովհաննիսյանը: Կատարյալ ընտրությունների դեպքում նաեւ կհամաձայնվի կառավարման համակարգի մաս կազմել:

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դիմել է ԿԸՀ` պահանջելով անվավեր ճանաչել իշխող կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը եւ նրան հանել ընտրապայքարից: Ղուկասյանը հայտարարել է, որ մինչեւ քարոզարշավի սկիզբը` հունվարի 21-ը, իր պահանջը չկատարելու դեպքում անժամկետ կհայտարարի: Հարցին, թե հնարավո՞ր է հացադուլ անելու փորձ ունեցող Հովհաննիսյանը եւս միանա նրան, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Հացադուլը ինձ համար պրոբլեմ չէ, բայց ես կոչ կանեի չդիմել այդ քայլին, պետք չէ դա անել»:

Երկուշաբթի օրը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը Ազատության հրապարակից կմեկնարկի: Նրա ընտրական շտաբը, ի տարբերություն մյուս թեկնածուների, «ձեւական կառուցվածք չի ունենա», պատասխանատվություն կրողներ կլինեն, բայց հիմնական բեռն իր վրա կվերցնի թեկնածուն, քաղաքական PR-ի տարրեր քարոզարշավում կօգտագործվեն, բայց ոչ հրավիրված մասնագետների օգնությամբ:

«Առաջ ասում էին, որ մարդկանց բարեւելը քաղաքական հնարք է, որ ես սովորել եմ ինչ-որ արեւմտյան քաղտեխնոլոգների կողմից: Եթե իմ բնավորությունը, իմ անմիջականությունը քաղաքական տեխնոլոգիա է, ես չեմ փոխելու իմ բնավորությունը», - ասաց նա:
XS
SM
MD
LG