ԲՀԿ-ն որոշում է ընդունել նախագահական ընտրությունների վերաբերյալ

Ծառուկյանը չի առաջադրվի, ԲՀԿ-ն որեւէ թեկնածուի չի սատարի
Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստ, որին մասնակցել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, քաղխորհրդի անդամները եւ խմբակցության պատգամավորները։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանի փոխանցմամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քաղխորհրդի նիստում հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը:

«Ընդհանուր առմամբ, երկու որոշում է կայացվել քաղաքական խորհրդի եւ խմբակցության համատեղ նիստի ժամանակ։ Մեկը՝ թեկնածու չառաջադրելու վերաբերյալ, երկրորդը՝ նախագահական ընտրություններում մեկ այլ թեկնածություն չսատարելու վերաբերյալ», - հավելեց Ուրիխանյանը, - «Պատճառները բազմաթիվ են։ Մենք, ու հատկապես ԲՀԿ առաջնորդը, միշտ ասել ենք՝ մեզ համար չի կարող լինել, չի եղել եւ չի լինելու ինքնանպատակ որեւէ՝ այդ թվում նախագահի պաշտոնը։ Մեր գործողությունները միտված են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների կյանքի որակի փոփոխություն ապահովելուն։ Դրանից բխող մարտավարական, ռազմավարական նկատառումներից ելնելով՝ կատարվում են այս կամ այն քայլերը կուսակցության եւ առաջնորդի կողմից»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ինչպե՞ս են «որակ փոխելու», եթե նախագահական ընտրություններին չեն մասնակցում, ԲՀԿ խոսնակը պատասխանեց․ - «Կարծում եմ ԲՀԿ-ն իր ծանրակշիռ մասնակցությամբ քաղաքական դաշտում, խորհրդարանական խմբակցությամբ, բոլոր այլ հնարավորություններով, սեփական ազդեցությունը գործադրելով գնալու է քայլ առ քայլ, քարը քարի վրա դնելու ճանապարհով»։

«Ինչո՞ւ չգնալ նախագահական ընտրությունների», - մեր այս ճշտող հարցին Ուրիխանյանը արձագանքեց․ - «Իսկ ինչո՞ւ պարտադիր մենք պետք է ենթարկվենք ձեր ցանկությանը եւ այլոց ցանկությանը եւ կատարենք այս կամ այն քայլը։ Նաեւ հաշվի առեք, որ առաջնորդի առաջադրվել չառաջադրվելու հարցը իր անձնական որոշման հարց է»։

«Ազատություն» ռադիոկայանի հաջորդ հարցին՝ «ինչպե՞ս եք բացատրելու ձեր ընտրողներին, թե ինչու կուսակցությունը նպատակահարմար չգտավ մասնակցել նախագահական ընտրություններին», ԲՀԿ խոսնակը պատասխանեց․ - «Պատասխանելու ենք նրանով, ինչ մարդիկ մեզանից սպասում են։ Իսկ մարդիկ մեզանից սպասում են ոչ թե աթոռներ զբաղեցնելը, այլ իրենց կյանքում փոփոխություններ իրականացնելը։ ԲՀԿ-ն հաջողությամբ իրականացնելու է, մի կասկածեք ու մի վարանեք»։

«Իսկ ինչո՞ւ չեք սատարում մեկ այլ թեկնածուի»՝ հարցին ի պատասխան Տիգրան Ուրիխանյանն ասաց․ - «Նպատակահարմարությունից ելնելով։ Դա է մեր մարտավարությունը»։

«ԲՀԿ-ի վրա եղե՞լ են ճնշումներ, Գագիկ Ծառուկյանի վրա եղե՞լ են ճնշումներ, որպեսզի նա չառաջադրվի եւ ընդհանրապես չմասնակցի ընտրական գործընթացներին, անգամ մեկ այլ թեկնածուի չսատարի» հարցին էլ ԲՀԿ խոսնակը պատասխանեց․ - «ԲՀԿ-ին ճնշել՝ կնշանակի փորձել ճնշել այն հույսը, որը մարդիկ ունեն երբեւէ բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստան ունենալու առումով։ Դուք ասում եք՝ արդյո՞ք ճնշման արդյունք չէ։ Ո՛չ»։

«Դուք համաձա՞յն եք, որ ԲՀԿ-ն այս կերպ հուսախաբ արեց ողջ ընդդիմադիր դաշտը» հարցին մեր զրուցակիցն արձագանքեց․ - «ԲՀԿ-ն չի կարող հուսախաբ անել, որովհետեւ ԲՀԿ-ն բացի մարդկանց կյանքի որակի փոփոխությանն ուղղված ջանքերի գործադրումից որեւէ այլ բան չի խոստացել, անում է այն, անելու է եւ շարունակելու է անել»։

Նշենք, որ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրելու իր թեկնածությունը եւ ոչ էլ սատարելու են մեկ այլ թեկնածուի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսում քաղխորհրդի նիստ հրավիրվեց, որից հետո ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը հետեւյալ հայտարարությունն արեց․ - «Հայ ազգային կոնգրեսում այս պահին շարունակվում են ստեղծված նոր քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումները։ Վերջնական որոշումը Հայ ազգային կոնգրեսը կհրապարակի այդ քննարկումների ամփոփումից հետո»։

Ուշագրավ է, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր Հայ ազգային կոնգրեսում այսօր հրավիրված քաղաքական խորհրդի նիստին, իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը չցանկացավ որեւէ բան ասել Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ։

Հայ ազգային կոնգրեսը վերջին ամիսներին ակտիվ բանակցությունների մեջ էր «Բարգավաճ Հայաստանի» հետ։ Բանակցությունների նպատակը, ըստ կոնգրեսականների, իշխանությունների վերարտադրությունը կանխելն էր։ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այդ բանակցությունների ընթացքում անգամ հայտարարեց, թե չի բացառվում, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն նախագահի մեկ միասնական թեկնածու ունենան։