Մատչելիության հղումներ

Ծառուկյանը «երբեւէ չի էլ հայտարարել, որ առաջադրելու է իր թեկնածությունը»


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը երբեւէ չի էլ հայտարարել, որ առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, հետեւաբար՝ չէր էլ կարող հայտարարել, թե փոշմանել է։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Տեղեկություններ կան այն մասին, թե ԲՀԿ ղեկավարն արդեն իսկ վերջնական որոշում է կայացրել եւ չի առաջադրելու իր թեկնածությունը փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում։ Թերեւս այդ մասին առաջիկայում պաշտոնական բացատրություն կտրվի, սակայն Գագիկ Ծառուկյանի խոսնակը նշում է, որ այդ ամենը լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված վարկածներ են։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչն է ետ պահում ԲՀԿ ղեկավարին վերջ դնելու այդ անորոշությանը, խոսնակն ասաց, թե պարզապես պետք է լինի կուսակցության քաղխորհրդի նիստ, որին եւ կհետեւի Ծառուկյանի հայտարարությունը։ Թե կոնկրետ ե՞րբ՝ պարզ չէ․ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ՝ առաջիկա երկու օրերի ընթացքում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նույնպես նշեց, թե շատ շուտով իրենք պաշտոնական տեղեկատվություն կտարածեն՝ խորհուրդ տալով մի փոքր էլ սպասել։

«Տեղեկատվություն կա, որ պարոն Ծառուկյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին, որից հետո նա փոշմանել է եւ այլեւս չի ցանկանում առաջադրվել։ Կարո՞ղ էր այդ հանդիպումը նման որոշման պատճառ դառնալ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Ուրիխանյանը պատասխանեց․ - «Երբեք ոչ ոք ոչ մի տեղեկատվություն նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ-ի կողմից եւ առաջնորդի անունից, առավել եւս անձամբ ինքը, չի հայտնել։ Հետեւաբար, չհայտնված որոշման վերաբերյալ փոշմանել, որոշում փոխել արտահայտությունները տեղին չեն»։

«Իսկ ո՞րն է պատճառը, որ այսքան ձգում է պարոն Ծառուկյանը եւ հանրությանն այդպես էլ տեղյակ չի պահում իր որոշման մասին, ինչո՞ւ վերջ չի դնում այս անորոշությանը», - հարցին էլ ԲՀԿ խոսնակն արձագանքեց․ - «Եկեք հանրության վրա հղումներ չանենք, որովհետեւ կա շատ պարզ, տրամաբանական հարց՝ ի՞նչն է պարտադրում այս պահին, ոչ թե այլ պահի խոսել այս կամ այն թեմայի շուրջ, ո՞վ է թելադրողը։ Նախագահական ընտրությունների համար կան սահմանված ժամկետներ»։

Հարցին՝ «հնարավո՞ր է, որ «Բարգավաճ Հայաստանը» այս ընտրություններին ընդհանրապես թեկնածու չունենա», ԲՀԿ խոսնակը պատասխանեց․ - «Ինչ էլ որ անի «Բարգավաճ Հայաստանը», անելու է մի համոզմունքի հիման վրա՝ ցանկացած քայլ իրականացվելու է ոչ թե շատերի համար ինքնանպատակ դարձած պաշտոններ զբաղեցնելու համար, այլ մարդկանց կյանքում որակ փոխելու համար»։

Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու մասին տեղեկատվությունը տարածվեց այն բանից հետո, երբ անցած շաբաթ օրը ԲՀԿ ղեկավարը հանդիպեց նախագահ Սերժ Սարգսյանին։ Թե ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ընթացքում, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի կողմից տրված մեկնաբանությանն ավելացնելու բան չունի։

Հիշեցնենք՝ նախագահի խոսնակն ասել էր, թե նախագահն ամեն օր աշխատանքային բազմաթիվ հանդիպումներ է ունենում, որոնց մասին հաղորդագրություններ չեն տրվում։

Ուշագրավ է, որ միեւնույն օրը Գագիկ Ծառուկյանից բացի երկրի ղեկավարը հանդիպել էր նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության անդամների հետ։ Էդուարդ Շարմազանովին հարցրեցինք նաեւ, թե ինչ նպատակ էր հետապնդում նրանց հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, եթե Հանրապետականը ի սկզբանե դեմ էր Դաշնակցության օրակարգային առաջարկներին։

Հիշեցնենք՝ Դաշնակցությունը 7 կետից բաղկացած օրակարգ էր ներկայացրել, որոնցից առնվազն երկուսին նախագահը դեմ էր արտահայտվել։ Խոսքը վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը ետ կանչելու եւ նախագահականից երկրի կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկներին։ Չնայած այդ սկզբունքային անհամաձայնություններին՝ Դաշնակցության տարածած հաղորդագրության համաձայն խորհրդակցությունները նախագահի հետ պետք է շարունակվեն։

«Ո՞րն է այդ խորհրդակցությունների նպատակը, հաշվի առնելով, որ հայտնի են արդեն Հանրապետականի եւ նաեւ նախագահի դիրքորոշումները», - հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ - «Նախագահի քաղաքականության առանցքը ոչ թե տարբերություններ փնտրելն է, կամ տարբերությունների վրա քաղաքականություն իրականացնելը, կամ ընդդեմ ինչ-որ գաղափարների, ծրագրերի քարոզչություն իրականացնելը, այլ առհասարակ մեր հասարակության ներսում, քաղաքական ուժերի մեջ նաեւ տեսնել այն շփման եզրերը, այն միեւնույն գաղափարները, որոնք կարող են օգտակար լինել միասնական բարեփոխումների արդյունքում։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ, որ սա լրիվ արդարացված հանդիպում է, որովհետեւ մենք չպետք է գնանք իրար մերժելու ճանապարհով, մենք պետք է գնանք իրար լսելու ճանապարհով։ Անպայման չէ, որ մենք բոլոր հարցերում ունենանք միեւնույն դիրքորոշումը։ Այդ դեպքում մենք կունենանք ոչ բազմակարծիք Հայաստան եւ ոչ բազմակուսակցական Հայաստան»։

Հավելենք, որ Ազգային ժողովի փոխնախագահը չցանկացավ անդրադառնալ այն հարցին, թե ի վերջո խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», կմասնակցի՞ նախագահական ընտրություններին, թե ոչ։
XS
SM
MD
LG