Մատչելիության հղումներ

Եվրահանձնակատար Ֆյուլեն հանդիպել է ԲՀԿ պատվիրակության հետ


Եվրահանձնակատար Ֆյուլեն ողջունում է ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, 6-ը դեկտեմբերի, 2012
Եվրահանձնակատար Ֆյուլեն ողջունում է ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, 6-ը դեկտեմբերի, 2012
Եվրամիության ընդլայման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հինգշաբթի երեկոյան հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչների, ինչպես Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ է ասվում` Հայաստանի Ազգային ժողովի «ամենամեծ ընդդիմադիր կուսակցության հետ»:

Փաստորեն, Եվրոպական հանձնաժողովն արդեն ակնհահայտորեն ԲՀԿ-ին ընդդիմադիր է համարում, մինչդեռ ԲՀԿ-ն մինչ այսօր խուսափում է ընդդիմություն բառից` ինքն իրեն անվանելով «այլընտրանքային» ուժ:

Դեկտեմբերի 6-ի երեկոյան ԲՀԿ-ի եւ Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարի հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական օրակարգին առնչվող բարեփոխումները եւ առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արված առաջարկությունները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Սթանոն:

Համաձայն նույն հայտարարության` հանձնակատար Ֆյուլեն կոչ է արել, որպեսզի ընդդիմությունը քննադատական, բայց նաեւ կառուցողական ներգրավվածություն ունենա իշխանության հետ վերոնշյալ գործընթացում: Ասոցիացման համաձայնագրի, ինչպես նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների առնչությամբ Շտեֆան Ֆյուլեն կոչ է արել իր զրուցակիցներին բազմակուսակցական համաձայնության գալ այն բարեփոխումների շուրջ, որոնք անհրաժեշտ են Համաձայնագրի արդյունավետ իրականացման համար:

Սա ԲՀԿ պատվիրակության բրյուսելյան այցի վերջին, բայց թերեւս ամենակարեւոր հանդիպումն էր: Նախօրեին Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի եւ այլ եվրոպացի պաշտոնյաների հետ:

Դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան ԲՀԿ պատվիրակությունը վերադառնում է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG