Ֆինանսների նախարարը գնաճի ցուցանիշը գնահատում է «բավական ցածր»

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012 թվականի առաջին հինգ ամիսների կտրվածքով արձանագրված սպառողական գների ինդեքսը, ըստ որի, նախորդ տարվա նույն՝ հունվար-մայիս ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գրանցվել է 2,5 տոկոսի գնաճ:

Միեւնույն ժամանակ, այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ գնաճը կազմել է 0,5 տոկոս: 2010 թվականի համեմատությամբ անցած մայիսին արձանագրված գնաճի ցուցանիշն առավել շոշափելի է՝ շուրջ 10 տոկոս:

«Գնաճի թիվը՝ այն կես տոկոս է 12 ամսի համար, բավական ցածր է», - այսօր կառավարության նիստի ժամանակ գնահատեց Վահե գաբրիելյանը
Վիճծառայությունը նաեւ որոշակի գնանկում է արձանագրել: Այսպես՝ այս տարվա մայիսին ապրիլի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1.3 տոկոսի գնանկում: Այդ թվում՝ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.4 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների` համապատասխանաբար 0.2 տոկոսի եւ 0.1 տոկոսի աճ:

Մայիսին ապրիլի համեմատ պարենային ապրանքների գնանկման վրա, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, իրենց անմիջական ազդեցությունն են թողել բանջարեղենի, կարտոֆիլի, կաթնամթերքի եւ ձվի գների նվազումը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը եւս նշեց, որ մայիսին ապրիլի համեմատ գրանցված գնանկումը առավելապես պայմանավորված է սեզոնայնությամբ։

«Չեմ կարծում եմ, որ այս սեզոնային գնանկումը, այն ինչ որ տարփողում ու տարածում են, ճիշտ չափանիշ է տնտեսությունը բնութագրելու։ Ամբողջ աշխարհում հայտնի է, որ առաջին բերքը ավելի թանկ է վաճառվում, քան հետագա հիմնական բերքը», - ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է մեկ տարվա կտրվածքով արձանագրված գնաճին, որը հիշեցնենք, կազմում է ընդամենը կես տոկոս, եւ որը ֆինանսների նախարարի գնահատմամբ շատ ցածր է, ապա, Գալոյանի խոսքով, վիճակագրությունը, եւ հատկապես պետական վիճակագրությունը ճշգրիտ գիտություն չէ, եւ դրան հեշտությամբ կարելի է ցանկացած ձեւ ու անգամ բովանդակություն հաղորդել, ինչն էլ արվում է:

Դրանով հանդերձ, մեր զրուցակիցը կանխատեսում է, որ անգամ այդ պարագայում, սպառողական գների ինդեքսի հետագա հրապարակումներում պետությունն, այնուամենայնիվ, ցույց է տալու գնաճ, եւ դա, մասնավորապես, բացատրելու է դրամի փոխարժեքի՝ հունիսի սկզբին արձանագրված անկումով։

Արա Գալոյանի գնահատմամբ, Հայաստանի տնտեսության ներկա վիճակի պայմաններում առաջիկայում սպասվող գնաճը կարող է լուրջ սպառնալիքի վերածվել։

Your browser doesn’t support HTML5

Ֆինանսների նախարարը գնաճի ցուցանիշը գնահատում է «բավական ցածր»