Մատչելիության հղումներ

Գյուղացիները դժգոհում են կաթի մթերման գների իջեցումից


Գյուղացիները պնդում են, որ վերջին օրերին Հայաստանի խոշոր կաթնամթերք արտադրող ընկերությունները սկսել են նախկին 150-140 դրամի փոխարեն 1 մեկ լիտր կաթը մթերել 110-130 դրամով, ինչի հետեւանքով իրենք վնասներ են կրում։

«Գյուղացիների փոխարեն եկել եմ՝ կառավարությանը խնդրում եմ ուշադրություն դարձնել գյուղատնտեսական մթերքների գների իջեցման վրա», - այսօր Գյումրիում հրավիրած ասուլիսին հայտարարեց Աշոցքի տարածաշրջանի Հարթաշեն համայնքի գյուղապետ Գրիշա Գալստյանը։ - «Ուշադրություն դարձնեն, Մրցակցային հանձնաժողովը նայի՝ պատճառը ո՞րն է, որ կաթի [մթերման] գինը ընկնում է, եթե կաթն ու կաթնամթերքը խանութում նույն գնով է վաճառվում»։

Գյուղապետը հայտարարեց, որ գյուղացիները, չունենալով այլ շուկաներ, ստիպված համաձայնում են էժանացված գներով մթերել կաթը, սակայն վնասներ են կրում։

«Տեսնում են, որ անասուն պահելով ընտանիքի գոյությունը չեն կարող պաշտպանել, ստիպված արտագաղթում են», - հավելեց Գրիշա Գալստյանը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ հանձնաժողովը մեկ ամիս շարունակ ուսումնասիրել է կաթի շուկան։

«Այստեղ որեւէ մրցակցային սահմանափակում կամ հակամրցակցային որեւէ պայմանավորվածություն չկա, չհիմնավորված որեւէ վարքագիծ չի հայտնաբերվել», - նշեց Սահակյանը։

Հիշեցնենք, վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, հանդիպելով Շիրակի մարզի մի քանի համայնքապետերի հետ, կաթի մթերման գնի իջեցումը այսպես էր մեկնաբանել․ - «Մթերող ընկերությունները մեզ ասել են, որ այս տարի առաջարկը մեծացել է, քանի որ տնտեսությունները անցած տարի անասուններ են ավելացրել։ Սպասումներ է ձեւավորվել, որ կաթի մթերման գինը պիտի բարձրանա, օբյեկտիվորեն առաջարկը մեծացել է, իրենց պահանջարկն էլ սահմանափակ է՝ դրա հետեւանքով գները նվազել են»։

please wait

No media source currently available

0:00 0:05:03 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG