Օհանյանի հարցում ոստիկանապետի կարծիքը «համահունչ է օրենքին»

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոսում է կառավարության շենքի առջեւ հավաքված մարդկանց հետ, 12 հունվար, 2012

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հինգշաբթի օրը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր վարած կադրային քաղաքականությանը, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցին եւ այլ հարցերի:

Նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, թե Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը պետք է փոխվի, եւ նա պետք է ազատության մեջ լինի: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ասաց` այս հարցում «իր կարծիքը համահունչ է օրենքին»:

«Ես չեմ կարող ինչ-որ էմոցիոնալ ցանկություններով հայտարարություններ անել եւ չեմ էլ կարծում, որ ես այն մարդն եմ, որ պետք է էմոցիաներ դրսեւորեմ ու ասեմ` «հարգում եմ, սիրում եմ, դրա համար գտնում եմ»... ո'չ», - ասաց նա:

Ոստիկապետի պաշտոնը ստանձնելուց հետո իրականացրած կադրային փոփոխությունների վերաբերյալ Գասպարյանի պարզաբանումը հետեւյալն էր. - «Պայմանավորված են աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու [նպատակով], իսկ հիմնավորումը այն բացահայտումներն են, այն ռեժիմը, որով աշխատում ենք: Ավելորդ, անհարկի ուռճացրած ստորաբաժանումներ, ոչ ճիշտ բաշխված աշխատանք... հիմա ավելի մոբիլ է դառնում, ավելի աշխատունակ: Կան կադրեր, որոնք գնում են, որովհետեւ համարում եմ, որ սպառել են իրենց, եւ իրենք համաձայնում են ինձ հետ, կան մարդիկ, ովքեր ուղղակի զբոսաշրջիկի կարգավիճակ են ունեցել, արդյունավետությունը զրո է, պետք է չլինեն, եղել են նաեւ «անշարժ գույքեր»:

Խոսելով Անձնագրային եւ վիզային վարչության պետի պաշտոնից Նորայր Մուրադխանյանին ազատելու եւ կադրերի ռեզերվ ուղարկելու մասին, ոստիկանապետն ասաց. - «Դա նշանակում է, որ նա ստանում է իր աշխատավարձը, նա աշխատում է, տեղաբաշխումն էլ նշանակում է ռոտացիա, դա նշանակում է աշխատանքն ավելի արդյունավետ անել: Մարդը 17 տարի չի եղել արձակուրդում, թող մի երկու ամիս էլ հանգստանա, ոչի'նչ, նորմալ է: Եթե ազատված չէ համակարգից, ուրեմն, իհարկե, նշանակվի նոր աշխատանքի: Կադրերի ռեզերվ գնում են նաեւ այն մարդիկ, ովքեր ուղղակի ավելի ճիշտ տեղ պետք է նշանակվեն»:

Ոստիկապետը հավաստիացրեց, որ պիտանի մարդիկ ու նորմալ աշխատակիցները համակարգից դուրս չեն մնա: Գասպարյանը իր արածը կադրային ջարդ որակելը տեղին չի համարում:

Ոստիկանապետն անդրադարձավ նաեւ Արթիկում ոստիկանին ծեծի ենթարկելու փաստին:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը երբեք չի հանդուրժի ոչ մեկին, ոչ մի երեւույթի, որ ոստիկան առեւանգեն, ոստիկանի վրա ճնշումներ գործադրեն: Ես նաեւ չեմ հանդուրժի, երբ ոստիկանը այդպես վարվի քաղաքացու հետ: Սա սկզբունք է, այդ սկզբունքը ես երբեք չեմ դավաճանել: Ոստիկանին առեւանգել են, ոստիկանը լավ ոստիկան է, եւ ցանկացած դեպքում, երբ ոտնձգություն կլինի ոստիկանության հանդեպ, ում կողմից էլ լինի, ամենախստագույնս կպատժվի», - ասաց նա:

Անցա տարվա ապրիլին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե օրորոցում անմիջապես կպատժվի նա, ով կփորձի հեղափոխական ճանապարհով ինչ-որ բան փոխել: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտեցումը հեղափոխությանը հետեւյալն է. - «Ես մի անգամ արել եմ հեղափոխություն, 89 թվականին մասնակից եմ եղել, եւ այլ հեղափոխություններ ես չեմ ակնկալում: Ես մազոխիստական բաներով չեմ տառապում, ես ավելի կողմնակից եմ խաղաղության: Սկզբից եղել է խոսքը», - ասաց նա:

Ոստիկանապետը չհերքեց, որ իր կինը հիմա ոստիկանությունում է աշխատում, զբաղեցնում է ռեֆերենտի պաշտոն, իսկ կոչումով փոխգնդապետ է: Ինչ վերաբերում է ոստիկանի հանդեպ հանրության վստահության վերականգնմանը, ապա Գասպարյանի խոսքով` ոստիկանները կորցրել են իրենց հեղինակությունը, եւ այժմ սթափվելու ժամանակն է:

«Այ, որ ասում եք, Գասպարյանն ասել է միլիցա-պեպելնիցա... ես իմ կոլեկտիվին եմ ասել, իմ ընկերներին, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել եմ, որ, տղե'րք, մենք կորցրել ենք մեր հեղինակությունը, ոստիկանությունը վերածել ենք զբոսաշրջիկների, անշարժ գույքերի, վաշխառուների, քյոխվաների ապարատի: Մենք դա կորցրել ենք, քսան տարի շարունակ ենք կորցնում, սթափվելու ժամանակն է», - ասաց նա:

Your browser doesn’t support HTML5

Օհանյանի հարցում ոստիկանապետի կարծիքը «համահունչ է օրենքին»