Մատչելիության հղումներ

Ալիկ Սարգսյանի համոզմամբ` Օհանյանը պետք է դրսում լինի


Նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան
Նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան
Նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի համոզմամբ, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը պետք է փոխվի, եւ նա պետք է ազատության մեջ լինի:

Երեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախկին ոստիկանապետն ասաց, թե որ այստեղ բարոյական խնդիր կա, եւ եթե անհարմար չլիներ, ապա ինքն անձամբ կգնար դատավորի մոտ եւ կխնդրեր Մարգար Օհանյանին ազատ արձակել:

«Նա ոստիկանության բարձրաստիճան սպա է եղել: 30 տարի նա այս երկրին ծառայել է, ասենք մի անգամ սխալվել է, վնասն էլ վերականգնված է, չարժի նրան դատել որպես սովորական հանցագործի, ասել` քրեական հանցագործ է, թող գնա միանգամից բերդում նստի, որովհետեւ կարող է խանգարել: Կարծում եմ, այստեղ բարոյական պահ կա: Ես որ անհարմար չզգայի, ինքս կգնայի այսօր դատարան, դատավորին կխնդրեի. ով ինչ կուզեր թող իմ մասին մտածեր, ես եմ գործը հասցրել մինչեւ վերջ, ես էլ գտնում եմ, որ նա այսօր պիտի դրսում լիներ: Ես իմ կողմից կուզենայի խնդրել, որպեսզի դատարանը մեղմ վերաբերվեր: Ուրախ եմ, որ դուք ինձ զանգել եք, այս խոսքերս սրտանց եմ ուզում ասել` ոչ թե որ Մարգար Օհանյանը կամ նրա հարազատները լսեն, ուղղակի ես իմ բարոյական պարտքն եմ կատարում, ճիշտ կլինի, որ այդ մարդը դրսում լինի», - ասաց Սարգսյանը:

Երկուշաբթի մեկնարկած դատական նիստում պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող Մարգար Օհանյանը հայտարարեց, թե ինքը բենզինի յուրացման գործում վկայից դարձել է կասկածյալ եւ ձերբակալվել ընդամենը մեկ զանգից հետո, եւ որ այն ինչի մասին ինքը խոսում է, կապված է ոստիկանության կառույցի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Օհանյանը խնդիրներ ուներ իր հետ, Ալիկ Սարգսյանն պատասխանեց, թե ինքը վերջինիս հետ ամենալավ հարաբերություններն է ունեցել, հին ընկերներ են եղել: Նախկին ոստիկանապետն ասաց` անգամ պատկերացում չունի, թե ով կարող էր զանգել Հատուկ քննչական ծառայություն, որից հետո Օհանյանին ձերբակալել են: Ամեն դեպքում, ըստ նրա, այդ զանգը ոստիկանությունից լինել չէր կարող:

«Որեւէ մեկս, ես ներառյալ, երբեւիցե մեզ թույլ չենք տվել զանգել Հատուկ քննչական: Մեր ընկերները երեւի կլսեն իմ խոսքերը, նրանք թույլ չեն տա, որ ես ստեմ, իրոք այդպիսի բան չի եղել», - ասաց նա:

Ինչ վերաբերում է վառելիքի յուրացման գործին, ապա Սարգսյանն ասաց, թե Մարգար Օհանյանը ամենասկզբից էլ հերքել է, թե ինքը որեւէ կապ ունի չարաբաստիկ վառելիքի գործի հետ: Նախագահի խորհրդականն ասում է, թե մինչեւ վերջին պահը ենթադրում էր, թե Օհանյանը կապ չունի այդ ամենի հետ:

«Նա որեւիցե անգամ ինձ վատ բան, վատ խոսք չի ասել, ես նրա դեմ որեւիցե բան չեմ ունեցել: Ուղղակի որպես պաշտոնյա ասում եմ` երբ բենզինի չարաշահման փաստը արդեն հիմնավորվել էր, արդեն ամեն ինչը բացահայտվում էր, ես` որպես պաշտոնյա, որպես մարդ, դա թաքցնել չէի կարող: Ավելին, ես ուզեցի նույնիսկ իրեն մի անգամ հրավիրել եւ ընկերների միջոցով ասացի` եթե ինքը տեղյակ է, թող վաղը գա ինձ ասի, որ ես տեղյակ եմ չարաշահումից: Միգուցե ես ներելու հնարավորություն ունեի, կամ գործը մի քիչ այլ կերպ կներկայացնեի, վնասի վերականգնելը ներառյալ: Բայց ամեն դեպքում նա վերջին պահին էլ հրաժարվեց, որ ընդհանրապես տեղյակ չէ, ավելին` ասաց, ես եմ խնդրում, թող մինչեւ վերջ ստուգումը կատարեն: Ես էլ իմ ստուգումը կատարել եմ մինչեւ վերջ: Հիմա ամեն ինչ կանեի, որ այս ամեն ինչը եղած չլիներ, նա դրսում լիներ, որովհետեւ իմ համար իրոք շատ ծանր է: Նրա հետ հազար անգամ հաց եմ կիսել, շատ վատ բան եղավ իմ կենսագրության մեջ` անկախ իմ կամքից», - ասաց նախկին ոստիկանապետը:

Մարգար Օհանյանը երեկ դատարանի դահլիճում մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց եւ հորդորեց գործը քննող դատավորին եւ մեղադրող դատախազին «ուրիշի կռիվը իրենց վրա չվերցնել». - «Իմ անձնական հարաբերությունները համապատասխան ղեկավարների հետ այստեղ ավարտական փուլին մի հասցրեք», - ասաց նա:

Մարգար Օհանյանը այդպես էլ չմանրամասնեց, թե ինչ անձնական խնդիրներ ուներ ղեկավարների հետ եւ թե որ ղեկավարներին նկատի ուներ: Ամեն դեպքում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պնդում է, որ Օհանյանը ոչ միայն խնդիրներ չուներ ոստիկանապետի, այլեւ երկրի ղեկավարի հետ, ավելին` նրա նկատմամբ կար շատ լավ վերաբերմունք:

«Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը շահագրգռվածություն ունի Մարգար Օհանյանի դեմ: Նա այդպիսի կերպար չի եղել, բոլորը նրան ընդունում էին, բոլորը հարգալից էին վերաբերվում: Չգիտեմ արժի ասել, թե չէ, բայց իմ ճանաչած բոլոր ղեկավարները նրա նկատմամբ շատ լավ վերաբերմունք են ունեցել, երկրի բոլոր ղեկավարները... Ես մանավանդ հատուկ նորմալ վերաբերմունք եմ ունեցել նրա նկատմամբ: Այնպիսի վերաբերմունք, որ որեւիցե մեկի նկատմամբ չեմ ունեցել: Ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում այստեղ, եթե այդպիսի բան լիներ, առաջինը կզգար հենց ինքը Մարգար Օհանյանը: Եթե նա չի զգում, ես նրա մոտ որեւիցե քաղաքական առումով կասկածելի կապ չեմ տեսել», - ասաց Սարգսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG