Մատչելիության հղումներ

Արթիկում ոստիկանի են ծեծել


Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը հաստատում է այն լուրերը, որ երեքշաբթի երեկոյան Արթիկ քաղաքի սրճարաններից մեկում ոստիկանության աշխատակիցը դաժան ծեծի է ենթարկվել քրեական մի հեղինակության եւ նրան ուղեկցող անձանց կողմից, ինչին հաջորդել են կրակոցները:

Ծեծի ենթարկվածը ոստիկանության Արթիկի բաժնի պարեկապահակային ծառայության ավագ սերժանտ Լուկաշ Մինասյանն է: «Ազատություն» ռադիոկայանին հասած նախնական տեղեկություններով, երբ ոստիկանը ծառայություն է իրականացնելիս եղել Արթիկի փողոցների խաչմերուկում, այդ անձինք նրան են մոտեցել «Վազ 21 07» մակնիշի մեքենայով եւ կանչել «ռազբորկայի»: Ոստիկանը հրաժարվել է` հիմնավորելով, որ այդ պահին աշխատանքի մեջ է: Սակայն այդ հեղինակության` Անուշավան Բաղդասարյանի գլխավորած խումբը ոստիկանին առեւանգել է, տարել սրճարանի առանձնասենյակներից մեկն ու ծեծի ենթարկել: Ծեծն ուղեկցվել է սպառնալիքներով ու հայհոյանքներով, որից հետո, նախնական տվյալներով, Լուկաշ Մինասյանը իրեն ամրակցված ատրճանակից նախ նախազգուշական կրակոց է արձակել օդ, այնուհետեւ կրակել է Անուշավան Բաղդասարյանի ոտքերին ու փորձել է սրճարանից փախչել: Բաղդասարյանը վիրավոր ոտքով հետապնդել է նրան, բայց ոստիկանին հաջողվել է փախչել: Բաղդասարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, խմբի մյուս անդամները փորձել են փախչել, սակայն բերման են ենթարկվել:

Նախնական տեղեկություններով, վիճաբանությունը առիթը այդ անձանց եւ ոստիկանի` արտերկրում աշխատող եղբոր միջեւ գումարային խնդիրներն են եղել: Այդ հեղինակությունը փորձել է խնդիրը լուծել մերձավորներին ահաբեկելու եւ հաշվեհարդար տեսնելու ճանապարհով:

Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ոստիկանը ատրճանակից կրակել է ինքնապաշտպանական նկատառումներով, քանի որ նրան գետնին են գցել եւ ոտքերով հարվածել:

«Ոստիկանը վնասվածքներ ունի` դեմքի եւ կողոսկրերի շրջանում: Երբ գցել են գետին, սկսել են տշել, նրան մարմնական վնասվածքներ են հասցրել: Քաղաքացին ոստիկանի նկատմամբ ձեռք բարձրացնի եւ նման բան անի, խստագույնս պետք է պատժվի: Այդ խնդիրը վերջնականապես դրված է, եւ գործառույթը բարձր մակարդակով կատարվում է, ոստիկանապետը հետեւում է դրան ամեն օր, ամեն վայրկյան», - ասաց Կարապետյանը:

Հարուցված է քրեական գործ, նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը: Դեռեւս հստակ տեղեկություններ չեն հաղորդվում, թե միջադեպի կապակցությամբ քանի հոգի է ձերբակալվել:

Մի շարք լրատվամիջոցներ այսօր տեղեկություններ էին տարածել, թե ոստիկանին ծեծի ենթարկած խմբի պարագլուխ Անուշավան Բաղդասարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) պատգամավոր, ԲՀԿ-ի Շիրակի կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանի թիկնազորայիններից է: Գրիգորյանի օգնական Աղասի Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Գրիգորյանը որեւէ կապ չունի այդ անձի հետ, եւ միջադեպը դիտավորյալ է քաղաքականացվում:

«Մարտուն Գրիգորյանը թիկնազոր չունի եւ չի ունեցել: Անուշավանը եղել է [Գրիգորյանի] հանգուցյալ հորեղբոր` Սերոբ Գրիգորյանի մտերիմը, այդպես առնչվել են մինչեւ 2007 թվականը, կապ եղել է, գնացել-եկել է, շրջապատի մարդ է եղել: 2007-ից մինչեւ երեկվա դեպքը ընդհանրապես որեւէ առնչություն այդ մարդու հետ չի եղել: Այդ մարդուն Մարտուն Գրիգորյանի կողքին որեւէ տեղ տեսնող չի եղել», - ասաց պատգամավորի օգնականը:

Աբրահամյանի խոսքով` պատգամավորին Անուշավան Բաղդասարյանի հետ «կապող կա, գործը քավոր ունի», եւ որ իրենք «պատվերի հոտ են առնում»: Թե որ շրջանակներին է ձեռնտու այդ անձին Մարտուն Գրիգորյանի հետ կապելը, Աղասի Աբրահամյանը չմանրամասնեց, բայց նշեց, որ դա կարող է կապված լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններում Մարտուն Գրիգորյանի առաջադրվելու ծրագրերի հետ:

«Դեռ նախընտրական պրոցեսները չսկսված արդեն շատ են ակտիվացել, դիվիդենտներ են քաղում` փորձելով դիրքերը թուլացնել, սեփականն են ամրապնդում, իրենց համար այս առիթը շատ «բարեպատեհ» է եւս մեկ հարձակում սկսելու համար», - ասաց Մարտուն Գրիգորյանի օգնականը:

«Երեւի այդ [Գրիգորյանի առաջադրվելու] լուրն է, որ բոլորին մի քիչ ափերից հանում է», - ասաց Աբրահամյանը` հավելելով, որ իրենք գրեթե համոզված են, որ Մարտուն Գրիգորյանի դեմ հակաքարոզչություն է սկսվել. - «Մենք ունեցել ենք նախադեպերը, մենք գիտենք ինչ են անում»:

Աղասի Աբրահամյանը չբացառեց, որ նման լուրեր շրջանառության մեջ դնելով` փորձ է արվում նաեւ ԲՀԿ-ին հարվածել. - «Եթե հընթացս կարելի է նաեւ այդ խնդիրը լուծել, ինչո՞ւ չլուծեն», - ասաց նա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի տեսակետին, ապա կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը եւս «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Անուշավան Բաղդասարյանին Մարտուն Գրիգորյանի հետ կապելը ապատեղեկատվություն է, ինչը մեկնաբանելու կարիք չկա:

please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG