Համաներումից հետո «մի փոքր» ավելացել է հանցագործությունների թիվը

«Համաներման արդյունքում հանցագործությունների քանակի ավելացման հետ կապած անհանգստանալու հիմքեր չկան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը:

«Ցավագին իրավիճակ չկա, համաներումից հետո մի փոքր ավելացել է հանցագործության արձանագրման դինամիկան, բայց դրա հետ մեկտեղ բացահայտման աշխատանքներն են ավելացել», - ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ մայիսին Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներման առաջարկով հանդես եկավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տարածած հաղորդագրության համաձայն` մայիսի 27-ից մինչ հուլիսի 15-ը համաներմամբ ազատ է արձակվել 533 դատապարտյալ:

Կարապետյանի խոսքով` համաներումից մի քանի օր հետո համաներմամբ ազատ արձակված որոշ նախկին դատապարտյալներ Երեւանում երկու հանցավոր խումբ են ձեւավորվել եւ զբաղվել են անձնական ունեցվածքի գողություններով: Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի հավաստմամբ` երկու հանցավոր խմբերն էլ վնասազերծվել են:

«Հանցավոր խումբը դեռ ազատազրկման վայրում է ձեւավորվել, պայմանավորվել են եւ [ազատ արձակման] հաջորդ օրվանից գողություններ են կատարել: Նրանք արդեն գտնվում են քրեակատարողական հիմնարկում», - ասաց Կարապետյանը:

Ըստ Կարապետյանի, հանցագործությունները կրում են նաեւ սեզոնային բնույթ:

«Ամռան ամիսներին բնակարանային գողությունների աճ է նկատվում: Քաղաքացիները հիմնականում հանգստանալու են մեկնում, հանցագործներն էլ օգտվելով այդ առիթից ներխուժում են բնակարաններ, եւ աճում է անձնական ունեցվածքի գողության դեպքերը», - ասաց Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը:

Հունիսի 14-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի հարեւանությամբ ոստիկանի կրակոցների արդյունքում սպանվեց Արման Ենգիբարյանը, ով իրավապահների պնդմամբ, ներկայանալով որպես «Ջրմուղ կոյուղու» աշխատակից, փորձել էր մտնել Շենգավիթ համայնքի բնակարաններից մեկը: Ըստ ոստիկանության, Արմեն Ենգիբարյանը նաեւ մի քանի ավազակային հարձակումների հեղինակ էր: Հետագայում մամուլում շրջանառվեցին լուրեր, թե ոստիկանները ոչ թե հանցագործի են վնասազերծել, այլ սպանել են անմեղ մարդու: Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի խոսքով, ծառայողական քննություն է անցկացվել, արդյունքում պարզվել է, որ ոստիկանի կրակոցը «իրավաչափ է եղել»:

«Այդ հանցագործը Երեւանում այս պահին հիմնավորված 12-ից ավելի նմանատիպ հանցագործություններ է կատարել: Պաշտոնապես հայտարարում եմ` հանցագործը ինքն է եղել եւ վնասազերծվել է», - ասաց Կարապետյանը:

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով հուլիսի 13-ին աշխատանքից ազատվել էր Երեւան քաղաքի ոստիկանության Քրեական հետախուզության բաժնի պետ Եգոր Անտոնյանը, ում փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Արտակ Կարապետյանը: Անդրադառնալով այս պաշտոնանկությանը` Աշոտ Կարապետյանն ասաց. - «Ընդհանրապես ոստիկանության պետի ոչ մի հրաման քննարկման ենթակ չէ եւ միշտ ընդունվում է որպես ճիշտ հրաման»:

Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված գործին անդրադառնալով` Կարապետյանն ասաց, թե այն դեռեւս գտնվում է նախաքննության փուլում, եւ Թամամյանի մեղքը հիմնավորված կհամարվի միայն դատարանի վճռից հետո;

Նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության փաստի առիթով հարուցված քրեական գործի առնչությամբ էլ Կարապետյանը ասաց, թե գործը փակուղում չէ:

«Հանցագործությունը չի գնում փակուղի, բացահայտման աշխատանքներում դեռ լուրջ անելիքներ կան, լուրջ հեռանկարներ», - ասաց Կարապետյանը` միաժամանակ հավելելով, թե գործի շրջանակներում ձերբակալվածներ չկան:

Հիշեցնենք, որ 2009 թվականին իր տան մուտքի մոտ սպանվել էր փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը, որից հետո ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ հատկապես այս գործի բացահայտումը ոստիկանության ծառայողների «պատվի խնդիրն է»:

Your browser doesn’t support HTML5

Համաներումից հետո «մի փոքր» ավելացել է հանցագործությունների թիվը