Իսլանդական հրաբուխն առայժմ չի ազդել հայաստանյան չվերթների վրա

Իսլանդիա – Ինքնաթիռը թռչում է Գրիմսվոտն հրաբխի ժայթքումից առաջացած հսկայական մոխրի ամպի կողքով, 21-ը մայիսի, 2011թ.

Այս պահի դրությամբ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում որեւէ չվերթ չի հետաձգվել Իսլանդիայում շաբաթ օրը ժայթքած հրաբխի հետեւանքով։

«Մենք աշխատում ենք։ Եթե միջազգային ավիաընկերությունների չվերթները հասնում են «Զվարթնոց»՝ պատրաստ ենք նրանց սպասարկել։ Առայժմ փակվել է Լոնդոնի «Հիթրո» օդանավակայանը, որտեղից մենք ընդամենը 1 չվերթ ունենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի միջազգային ավիաուղիներ ընկերության խոսնակ Գեւորգ Աբրահամյանը։

Այսօր ավելի վաղ Եվրոպական օդային երթեւեկության գործակալությունը (Եվրոկոնտրոլ) հայտարարել էր, որ Իսլանդիայում ժայթքած Գրիմսվոտն հրաբխից տարածվող մոխրի հսկայական ամպի պատճառով շուրջ 500 եվրոպական չվերթ կարող է չեղյալ հայտարարվել, դրանցից 252-ը արդեն իսկ հետաձգվել են։ Հրաբխային մոխիրն այսօր հասել է Իռլանդիա, Շոտլանդիա եւ Սկանդինավիա եւ շարունակում է տարածվել անկանխատեսելի ուղղություններով։

Փորձագետները, սակայն, քիչ հավանական են համարում անցած տարվա քաոսային իրավիճակի կրկնությունը։ 2010-ի ապրիլին Իսլանդիայում մեկ այլ՝ Էյաֆյալլայոկուլ հրաբխի ժայթքման պատճառով Եվրոպայում 6 օր շարունակ կասեցվել էր օդային հաղորդակցությունը, փակվել էին նաեւ Երեւանը Եվրոպայի հետ կապող երթուղիները։