Երթ` ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի

«Մի խեղաթյուրեք փաստերը», «Հայաստանում հիմնական լեզուն հայերենն է» եւ նման բովանդակության այլ կոչերով շուրջ 140 մարդ դուրս էին եկել փողոց` պայքարելու բրիտանական հանրահայտ հրատարակչության թույլ տված սխալի դեմ:

Նախաձեռնության հեղինակ եւ ակտիվիստ, լրագրող Անի Գասպարյանին միացել էին երիտասարդներ տարբեր հասարակական կազմակերպություններից եւ կուսակցությունների երիտթեւերից:

Հանրագիտարանային կեղծիքի դեմ պայքարողները երթով շարժվեցին դեպի Ռուսաստանի եւ Միացյալ Թագավորության դեսպանատներ` հանձնելու դեսպաններին ուղղված նամակներ: Այս փուլում նախաձեռնությունը ավելին անել չի կարող, քանի որ Հայաստանի ԿԳՆ-ն եւ ԱԱԾ-ն պատասխանել են, որ «նման գործառույթ եւ լիազորություն չունեն` միջամտելու մասնավոր հրատարակչության աշխատանքին»: Հայ իրավաբաններն ու փաստաբաններն էլ չեն կարողանում օգնել բրիտանական հայտնի հրատարակչության դեմ դատական հայց ներկայացնելու գործում:

Նշված հանարագիտարանի տվյալներով` Հայաստանում հիմնական լեզուն, բացի հայերենից, նաեւ ադրբեջաներենն է, Հայաստանի հիմնական կրոններն են ուղղափառությունը եւ իսլամը` մասնավորապես շիա ուղղությունը, նաեւ նշվում է, թե 1988-89 թթ. Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել զինված ընդհարում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պատճառով, եւ Արցախը ներկայացվում է հետեւյալ կերպ. «Ադրբեջանի պատմական տարածք՝ մեծ մասամբ հայերով բնակեցված»: