Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Նյու Յորք

Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, 28-ը սեպտեմբերի, 2009թ.

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով երկուշաբթի օրը Նյու Յորք է մեկնում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, այցի շրջանակներում նախատեսվում է Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ինչպես նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրներից գործընկերների հետ:

Մեկնաբանելով Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հնարավոր հանդիպման մասին հաղորդագրությունները, Տիգրան Բալայանը ասաց. - «Չի կարելի բացառել հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ, բայց այլ հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում մենք կտեղեկացնենք»:

Ադրբեջանը մտադիր էր այս ամսվա սկզբին ՄԱԿ-ում ներկայացնել Ղարաբաղի հարակից տարածքներում իրավիճակին վերաբերող բանաձեւի նախագիծ, բայց վերջին պահին պաշտոնական Բաքուն հրաժարվեց այդ քայլից: Մինսկի խմբի համանախագահները ողջունեցին Ադրբեջանի այդ որոշումը:

Իսկ ավելի վաղ` տարածաշրջան կատարած վերջին այցելությունից հետո միջնորդները հայտարարություն էին տարածել, որտեղ նաեւ նշված էր, որ սեպտեմբերի երկրորդ կեսին նրանք լինելու են Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, ապա` Նյու Յորքում, եւ նշել էին, որ այստեղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում բանակցելու են կողմերի հետ:

Օրերս BBC-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ասել էր, որ հաջորդ շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են ԱՄՆ-ում: «Համանախագահները նույնպես կժամանեն Վաշինգտոն խորհրդակցությունների համար: Այդ խորհրդակցությունները անցկացվելու են Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց հետ: Այնուհետեւ մենք կուղեւորվենք Նյու Յորք` կողմերի հետ հանդիպման համար», - ասել էր Բրադկեն:

Մոտ ապագայում` մինչեւ հոկտեմբերի կեսերը, նախատեսվում է միջնորդների հերթական այցելությունը: Նրանք այցելելու են Ղարաբաղին հարակից տարածքներ` մարդասիրական իրավիճակը գնահատելու նպատակով, եւ այդ այցելության ընթացքում համանախագահներին ուղեկցելու են նաեւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մասնագետները: