Մատչելիության հղումներ

Համանախագահները ողջունել են Ադրբեջանի որոշումը՝ բանաձեւի քննարկումը հետաձգելու մասին


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (ձախից աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն Երեւանում, հուլիս, 2010թ.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (ձախից աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն Երեւանում, հուլիս, 2010թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները՝ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ,) Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), ողջունել են Ադրբեջանի որոշումը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ներկայացրած բանաձեւի հետաձգման մասին։

Հինգշաբթի երեկոյան, մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգում ներառված «Միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծի քննարկումը հետաձգելու որոշումը, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ասել է, որ պատճառը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն է Դաշտային փաստահավաք առաքելությամբ Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններ մեկնելու մասին։

Ամփոփելով տարածաշրջանային այցը՝ համանախագահները նշել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ սեպտեմբերի 7-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ սեպտեմբերի 9-ին եւ Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո իշխանությունների հետ» սեպտեմբերի 8-ին անցկացված հանդիպումներում կողմերի հետ քննարկումներ են անցկացրել ավելի վաղ համաձայնեցված Դաշտային փաստահավաք առաքելության վերաբերյալ, եւ ներկայացրել են սեպտեմբերի վերջից հոկտեմբերի կեսերը անցկացվելիք առաքելության որոշ մանրամասներ։

Մինսկի խմբի միջնորդները ընդգծել են, որ ԵԱՀԿ-ի գագաթնաժողովին ընդառաջ, հակամարտության բոլոր կողմերը պետք է ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրեն առաջարկված ծրագիրը իրականացնելու եւ առաջընթաց ապահովելու համար։

«Համանախագահները կրկին հորդորել են բոլոր կողմերին՝ հարգել հրադադարը եւ զսպվածություն ցուցաբերել ինչպես իրենց կատարած քայլերում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում, եւ կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները շփման գծում», - ասված է ԵԱՀԿ-ի կայքէջում այսօր հրապարակված հաղորդագրությունում։

Ինչպես նախապես հայտարարվել էր, համանախագահները ուղեւորվելու են Վաշինգտոն, այնուհետեւ՝ Նյու Յորք, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կողմերի հետ աշխատելու նպատակով, որից հետո նրանք կվերադառնան տարածաշրջան Դաշտային փաստահավաք առաքելությունն իրականացնելու համար։

Տարածված հաղորդագրությամբ համանախագահները հերթական անգամ վերահաստատել են, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միակ ձեւաչափը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG