Խաչատուր Սուքիասյանը ազատ է արձակվել

Հայաստան -- Ընդդիմադիր պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը կալանավայրից ազատ արձակվելուց հետո, Երեւան, 4 սեպտեմբերի, 2009 -- Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ուրբաթ երեկոյան՝ մոտ 8-ն անց 30-ին ազատ է արձակվել «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, Հատուկ քննչական ծառայությունը ուրբաթ օրը քննել է Սուքիասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու հարցը եւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորը ինքնակամ է ներկայացել Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին որոշել է փոփոխել Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը եւ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ազատ արձակվելուց հետո Սուքիասյանը գնացել է տուն, որտեղ նրան այցելել են Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ այլոք:

Խաչատուր Սուքիասյանը լրագրողներին ասաց, որ ազատ արձակվելը անակնկալ էր իր համար, եւ որ, իր կարծիքով, նման որոշումը
Ազատ արձակվելը անակնկալ էր ինձ համար։ Այս որոշումը մեծապես պայմանավորված է ԵԽԽՎ-ի թիվ 1677 բանաձեւով...
մեծապես պայմանավորված է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1677 բանաձեւով:

Կալանքը որպես խափանման միջոց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ ընտրվել էր դեռ նրա՝ հետախուզման մեջ գտնվելիս: Խաչատուր Սուքիասյանի Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել չորեքշաբթի օրը:

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ Խաչատուր Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»։

Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով նախատեսված պատիժը ազատազրկումն է 4-ից 10 տարի ժամկետով։


Հայաստան -- Խաչատուր Սուքիասյանը ընդդիմության հանրահավաքում, 1-ը մարտի, 2008թ.