Մատչելիության հղումներ

Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ ներկայացնելու Խաղաղության իր ծրագիրը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում հանդես է եկել մամուլի ասուլիսով, 17-ը հոկտեմբերի, 2024թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում հանդես է եկել մամուլի ասուլիսով, 17-ը հոկտեմբերի, 2024թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ Եվրամիության առաջնորդներին ու ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարներին ներկայացնելու Խաղաղության իր ծրագիրը, որը նրա խոսքով, կարող է ավարտել Ռուսաստանի սկսած պատերազմն արդեն հաջորդ տարի։

«Ես գնում եմ՝ ներկայացնելու մեր հաղթանակի պլանը, մեր գործիքը, որը կհարկադրի Ռուսաստանին գնալ խաղաղության։ Եվրամիության բոլոր առաջնորդները կլսեն, թե ինչպես է պետք ամրապնդել մեր դիրքերը։ Մեզ անհրաժեշտ է ավարտել այս պատերազմը արդարացի կերպով», - հայտարարել է Զելենսկին։

Մինչ այդ՝ անցած ամիս Վլադիմիր Զելենսկին այս փաստաթուղթը ներկայացրել էր Միացյալ Նահանգների ղեկավարներին, երեկ՝ քննարկել սեփական երկրի խորհրդարանում։

Փաստաթուղթը երեք գաղտնի առաջարկ է ներառում և հինգ կետ, որոնք հրապարակվել են երեկ․ հինգի իրագործումն էլ փաստացի կախված է Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներից։ Կիևը, մասնավորապես, առաջարկում է Ռուսաստանին ոչ միջուկային, զսպող սպառազինություն տեղակայել Ուկրաինայի տարածքում, թույլ տալ արևմտյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին և այսօր արդեն Կիևին հրավիրել ՆԱՏՕ։

«Մենք՝ ուկրաինացիներս, մեր գործընկերների հետ միասին պետք է փոխենք հանգամանքները, որպեսզի պատերազմն ավարտվի՝ անկախ նրանից, թե ինչ է ուզում Պուտինը։ Մենք բոլորս պետք է փոխենք հանգամանքները, որպեսզի Ռուսաստանին պարտադրենք խաղաղություն», - հայտարարել էր Զելենսկին երեկ խորհրդարանում։

Պլանը հրապարակվում է Ուկրաինայի համար վճռորոշ փուլում․ ռուսական զորքերը վերջին ամիսներին նոր տարածքներ են օկուպացնում երկրի արևելքում և շարունակաբար թիրախավորում էներգետիկ ենթակառուցվածքները։

«Ամենակարևորն է ամրապնդել պաշտպանությունը ձմռան շեմին», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Բրյուսելի ճանապարհին, ընդգծելով՝ «եթե հիմա մենք սկսենք շարժվել այս պլանով, կարող ենք ավարտել պատերազմն ամենաուշը հաջորդ տարի»։

«Ապագայում ՆԱՏՕ-ն կունենա 32 կամ 34 անդամ, կլինի նաև Ուկրաինան»

ՆԱՏՕ-ն մինչ օրս բազմիցս է հայտարարել, որ Ուկրաինան մի օր դառնալու է դաշինքի անդամ, սակայն պաշտոնական հրավեր Կիևին չի տրվել։ Վերլուծաբանները թերահավատ են, որ այս հարցում Արևմուտքը կարող է բեկումնային որոշում կայացնել նոյեմբերին Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։

Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այսօր էլ վստահեցրել է՝ Ուկրաինան մի օր կանդամակցի՝ կոնկրետ ժամկետ, սակայն չի նշել:

«Այո, ապագայում ՆԱՏՕ-ն կունենա 32 կամ 34 անդամ, կլինի նաև Ուկրաինան։ Այս պահին թվում է, որ Ուկրաինան լինելու է 33-րդ անդամը, բայց գուցե ինչ-որ մեկն առաջ անցնի», - նշել է նա։

Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, Եվրամիության մայրաքաղաքում պաշտոնյաներից որևէ մեկը Զելենսկու պլանը հրապարակավ չի մերժել, բայց և չի տվել լիակատար համաձայնություն։

ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ջուլիան Սմիթը ևս երեկ լրագրողների հետ զրույցում խուսափել էր անդամակցության կոնկրետ ժամկետներ մատնանշելուց։

«Մենք այն կետում չենք հիմա, որ դաշինքը խոսի կարճ ժամանակում հրավեր տալու մասին։ Բայց, ինչպես միշտ, մենք կշարունակենք երկխոսությունը Ուկրաինայում մեր ընկերների հետ այն մասին, թե ինչպես կարող ենք նրանց մոտեցնել դաշինքին», - ընդգծել է Ջուլիան Սմիթը:

Նույն կերպ, առայժմ դաշնակիցների շրջանում համաձայնություն չկա նաև արևմտյան զենքով Ռուսաստանի տարածքում թիրախավորելու հարցում։ Մոսկվան գրեթե ամենօրյա ռեժիմով է զգուշացնում՝ դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ն մտնում է Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության մեջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան երեկ կրկին հիշեցրել է Կրեմլի՝ անցած շաբաթների սպառնալիքը, թե այդ դեպքում Մոսկվան պատրաստ է իր ողջ, այդ թվում՝ միջուկային զինանոցը գործի դնել:

«Զելենսկին կամ գոնե նրանք, ովքեր գրել են նրա ելույթը, լավ գիտեն, թե դա ինչի կհանգեցնի», - ասել է Զախարովան:

Սպառնալիքներին զուգահեռ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդեց՝ Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում ևս մեկ բնակավայր՝ Մակսիմսիլյանովկա գյուղն են գրավել։

Տեղից ռազմական բլոգերները հաղորդում են, որ վերջին ամիսներին ռուսական առաջխաղացման տեմպն ակտիվացել է, և անգամ ուկրաինական ուժերի սեպտեմբերյան ներխուժումը Ռուսաստանի տարածք՝ Կուրսկ, Կիևի ռազմական դիրքերն էականորեն չի բարելավել։

Այս ֆոնին Զելենսկին այսօր Բրյուսելում պնդեց՝ «անգամ եթե արևմտյան դաշնակիցները հավանություն չտան հաղթանակի ծրագրին, Ուկրաինան կշարունակի պատերազմել»։

XS
SM
MD
LG