Ֆրանսիան այսօրվանից մտնում է խորհրդարանական ընտարշավի երկրորդ, վճռորոշ փուլ՝ երեկվա քվեարկությունից հետո, որի արդյունքներով աջ ծայրահեղական ուժերն աննախադեպ հաղթանակ տոնեցին՝ էապես մեծացնելով իշխանության գալու հնարավորությունները։
Առաջին փուլի քվեարկությամբ առաջատարն է Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի «Ազգային միավորում»-ը՝ ձայների ավելի քան 33 տոկոսով, երկրորդ տեղում է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ 28 տոկոսով։ Նախագահ Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը ստացել է միայն 20 տոկոս՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում։
«Սա պատմական արդյունք է», - ազդարարում է աջ ծայրահեղականների առաջնորդներից Մարին Լը Պենը, - «Ժողովուրդը վերստին իր ձեռքն է վերցնում իր ազատությունը, վճռականորեն պաշտպանվում քաղաքական ուժերից, որոնք ցավ են պատճառել նրան, թուլացրել ու կործանել»:
Երեկվա արդյունքներով Խորհդարանի 577 տեղերից միայն 76-ի դեպքում է թեկնածուներին հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին ու հաղթել հենց առաջին փուլում։ Մյուս դեպքերում երկրորդ փուլ են անցել երկու և անգամ երեք թեկնածուներ, և միայն առաջիկա կիրակի՝ երկրորդ փուլում պարզ կդառնա՝ արդյոք աջ ծայրահեղականները կստանան բացարձակ մեծամասնություն։ Այդ դեպքում նախագահ Մակրոնը ստիպված կլինի վարչապետ նշանակել քաղաքական հակառակ բևեռի ներկայացուցիչ, 28-ամյա ազգայնական Ժորդան Բարդելային:
«Միլիոնավոր ֆրանսիացիների նման ես էլ վստահ եմ, որ Ֆրանսիայի ժողովրդին գոյութենական վտանգ է սպառնում։ Ընտրությունների մասնակցում են մարդիկ, ովքեր ուզում են ազատ արձակել ձերբակալվածների 20 տոկոսին, զինաթափել ոստիկանությունը, ավելացնել հարկերը, մարդիկ, որ անընդունելի երկիմաստ դիրքորոշում ունեն իսլամիստների պահանջների հարցում», - հայտարարել է Էմանյուել Մակրոնը:
Հաղթանակի դեպքում «Ազգային միավորում»-ը խոստանում է աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տալ ֆրանսիացիներին, իջեցնել էներգակիրների գներն ու եկամտահարկից ազատել մինչև 30 տարեկաններին։ Բացի այդ, Մարին Լը Պենի կուսակցությունը ցանկանում է վերացնել օրենքը, ըստ որի օտարերկրացիների՝ Ֆրանսիայում ծնված երեխաները հինգ տարի երկրում ապրելուց հետո կարող են քաղաքացիություն ստանալ։ Եթե նրանց հաջողվի իշխանության գալ, դա կլինի Ֆրանսիայի առաջին աջ ծայրահեղական կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից՝ ֆաշիստների օկուպացիայից հետո։ «Մենք պարտավոր ենք միավորվել ու դա թույլ չտալ», - երեկ հայտարարում էր Ֆրանսիայի վարչապետ, նախագահ Մակրոնի դաշնակից Գաբրիել Ատալը:
«Առաջին փուլը ցույց տվեց, որ աջ ծայրահեղականներն արդեն իշխանության նախամուտք են հասել։ Մեր ժողովրդավարության մեջ երբեք Ազգային ժողովը նրանց գերիշխանության տակ հայտնվելու վտանգի առջև չէր կանգնել։ Ուստի մեր խնդիրը հստակ է՝ թույլ չտալ, որ նրանք մեծամասնություն ստանան նաև երկրորդ փուլում ու կառավարեն երկիրը իրենց սարսափելի ծրագրով», - ընդգծել է Ատալը:
Մյուս կողմից, եթե ընտրության հաջորդ փուլում որևէ ուժ բացարձակ մեծամասնություն չստանա կամ չկարողանա կոալիցիա ձևավորել մյուսների հետ, Ֆրանսիան կմտնի քաղաքական ճգնաժամի տևական փուլ, քանի որ նախագահ Մակրոնն արդեն հայտարարել է՝ հրաժարական չի տալու, իսկ նոր ընտրություններ անցկացնելու իրավունք էլ նա առաջիկա մեկ տարում այլևս չունի։
Ինքը՝ երեք տարուց պաշտոնավարումն ավարտող Մակրոնը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակեց անցած ամիս, երբ աջ ծայրահեղականները տպավորիչ հաղթանակ տոնեցին Եվրախորհրդարանի ընտրություններում: Ֆրանսիական մամուլն այն ժամանակ էր դեռ գրել, որ նախագահն այդ որոշումը կայացնելիս աջակիցների հետ չի խորհրդակցել և դեմ է գնացել անգամ վարչապետի կամքին։ Մակրոնը հստակություն ու ներդաշնակություն էր ուզում, բայց ստացավ ճիշտ հակառակը`ամենամեծ քաղաքական ճգնաժամը տասնամյակների ընթացքում, փաստում է France 24-ի քաղաքական մեկնաբան Մարկ Պերելմանը:
«Եթե երկրորդ փուլում աջ ծայրահեղական ուժերը բացարձակ մեծամասնություն ստանան, նրանք կարող են լուրջ ճնշում գործադրել Մակրոնի վրա՝ ասելով՝ «դու պարտվել ես Եվրախորհրդարանի ընտրություններում, կարծում էիր՝ մեջքդ կուղղես խորհդարանական ընտրություններում, բայց դա էլ չկարողացար, դու թույլ նախագահ ես, ուստի պետք է հրաժարական տաս»։ Եվ նկատելի է, որ Մակրոնի ճամբարն այժմ չի երևում ոչ հարցումներում, ոչ էլ կուլիսային բանակցություններում, որ հիմա ընթանում են», - նշել է Պերելմանը:
Երեկվա անակնկալներից մեկն էլ ընտրողների անսովոր բարձր մասնակցությունն էր․ արտահերթ քվեարկությանը մասնակցել է ֆրանսիացիների 67 տոկոսը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ավելի քան 40 տարում։ «Սա ցույց է տալիս ընտրողների բուռն հետաքրքրությունը ծայրահեղ ակտիվ մրցավազքի նկատմամբ և համոզմունքը, որ իրենց քվեաթերթիկը կարող է հիմնովին փոխել Էմանյուել Մակրոնի նախագահության ընթացքը», - նշում են փորձագետները: Ֆրանսիայի նախագահը թերագնահատեց, թե որքան է նվազել սեփական քաղաքական կապիտալը յոթ տարվա պաշտոնավարումից և բազմաթիվ ճգնաժամերից հետո, իր հերթին փաստում է France 24-ը։