Մատչելիության հղումներ

Ծայրահեղ աջերը լուրջ հաջողության են հասնում Եվրախորհրդարանի ընտրություններում


Արտահերթ ընտրություններ Ֆրանսիայում

Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջերի ստացած քվեների կտրուկ աճի հետևանքներն առաջինն իր վրա զգաց Ֆրանսիայի քաղաքական դաշտը։ Ընտրութունների արդյունքների հրապարակումից հաշված րոպեներ անց նախագահ էմանյուել Մակրոնը հայտարարեց Ազգային ժողովը ցրելու և հունիսի 30-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին։

«Սա լուրջ և դժվար որոշում է, որը, սակայն, հիմնված է վստահության վրա՝ վստահություն առ այն, որ Ֆրանսիայի ժողովուրդն ի վիճակի է ճիշտ որոշում կայացնել։ Եվրախորհրդարանի ընտրություններում եվրոպական արժեքները պաշտպանող կուսակցությունները, այդ թվում՝ նախագահական մեծամասնությունը, լավ արդյունք չարձանագրեցին։ Ծայրահեղ աջ ուժերը, որոնք վերջին տարիներին ընդդիմանում էին եվրոպական առաջընթացին՝ լինի դա սահմանների միասնական պաշտպանության, թե Ուկրաինային աջակցության հարցերում, հաջողության են հասել ողջ մայրցամաքով մեկ», - ասել է Մակրոնը։

Վերջին տվյալների համաձայն՝ կիրակնօրյա ընտրություններում Մարին Լե Պենի հիմնադրած ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» ստացել է ֆրանսիացի ընտրողների քվեների 31 տոկոսը՝ Մակրոնի կուսակցությունից կրկնակի ավելին։ Ֆրանսիացի շարքային ընտրողները կարծում են, որ քաղաքական դաշտում ուժերի հարաբերակցության նման ակնհայտ փոփոխության պայմաններում նոր ընտրություններ հայտարարելը ամենաբնական քայլն էր, որին կարող էր դիմել Մակրոնը։

«Այն, որ նախագահը լուծարեց խորհրդարանը, տրամաբանական էր։ Այդ որոշման դրդապատճառները գուցե բավական բարդ են, բայց մենք հիշում ենք, թե ինչպես նախկին նախագահ Շիրակը 1997-ին լուծարեց Ազգային ժողովը, և դա թույլ տվեց ֆրանսիացի ժողովրդին ավելի պատշաճ մասնակցություն ունենալ երկրի կառավարմանը», - նշել է Փարիզի բնակիչը՝ հիշելով գրեթե 30 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների մասին, որոնց արդյունքում այն ժամանակվա իշխող կուսակցությունը կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը՝ վարչապետի պաշտոնը զիջելով ընդդիմությանը։

Արդյունքները Գերմանիայում

ԵՄ մեկ այլ առանցքային պետությունում՝ Գերմանիայում ծայրահեղ աջերը ևս լուրջ հաջողության են հասել։ «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցութունը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով միայն ընդդիմադիր քրիստոնյա դեմոկրատներին։

«Ես կարծում եմ, որ սա պատմական արդյունք է՝ մենք երկրորդ տեղում ենք։ Ավելին, մենք ավելի շատ քվե ենք ստացել, քան իշխող կոալիցիայի բոլոր անդամները՝ սոցիալ-դեմոկրատները, ազատ դեմոկրատներն ու կանաչները», -ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է աջերի առաջնորդ Տոնի Խրուպալան։

Գերմանացի ծայրահեղ աջերն, ի դեպ, երկրի արևելյան երկրամասերում՝ նախկին Գերմանական դեմոկրատական հանրապետության տարածքում, քվեների 30 տոկոսով առաջին տեղում են։

Ծայրահեղ աջերը հաղթել են նաև Ավստրիայում և Բելգիայում։ Իտալիայում և Հունգարիայում քվեների մեծամասնությունը ստացել են աջ հայացքներ դավանող վարչապետներ Ջորջիա Մելոնիի և Վիկտոր Օրբանի կուսակցությունները։ Հակառակ պատկերն է Լեհաստանում, որտեղ ազատական վարչապետ Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական պլատֆորմը» կարողացել է հավաքել քվեների գրեթե 40 տոկոսը։

«Գերմանիայի կառավարությունը գոհունակության որևէ պատճառ չունի։ Ֆրանսիայի կառավարությունը խորապես տխրելու առիթ ունի։ Իսկ Լեհաստանը այն երկիրն է, որտեղ հաղթում են ժողովրդավարությունն ու ազնվությունը», - ասել է Դոնալդ Տուսկը։

Եվրախորհրդարանում ամենամեծ խմբակցությունը կրկին Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կունենա

Համաեվրոպական տեսանկյունից նոր գումարման Եվրախորհրդարանում ամենամեծ խմբակցությունը կրկին աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կունենա։ Երկրորդ տեղում սոցիալիստներն են։ Չնայած դրան աջերի ներկայությունը Եվրախորհրդարանում շատ ավելի զգալի է լինելու։ Ազգայնական «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցությունը նոր գումարման խորհրդարանում 58 տեղ կունենա, ևս 98 մանդատ կունենան խմբակցություններում չընդգրկված պատգամավորները, որոնց թվում կլինեն նաև գերմանացի և հունգարացի ծայրահեղ աջերը։

Փորձագետների համոզմամբ, սակայն, ծայրահեղ աջերի տրիումֆալ հաղթանակի մասին ընտրությունների շեմին հնչող կանխատեսումները այդպես էլ իրականություն չդարձան։

«Աջերի քվեներն ավելացել են, ծայրահեղ աջերի ձեռքբերումներն ավելի համեստ են։ Որոշ առանցքային երկրներում, սակայն, նրանց ցուցանիշն իրոք տպավորիչ էր։ Դրան զուգահեռ պետք չէ մոռանալ, որ այդ ուժերից ու դրանց առաջնորդներից շատերը նախկինում խոր լուսանցքում էին։ Այսօր, սակայն, Ֆրանսիայում նրանք առաջին տեղում են հայտնվում, Գերմանիայում՝ երկրորդ։ Եվ մենք տեսնում ենք այս ուժերի ամրապնդումը գրեթե ողջ Եվրոպայի տարածքում», - «Ազատության» հետ զրույցում նշել է Մարշալի հիմնադրամի փորձագետ Վասիլսի Նտուսասը։

XS
SM
MD
LG