Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը


Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքը Փարիզում, արխիվ
Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքը Փարիզում, արխիվ

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առաջին իսկ օրը հստակ է՝ հիմնական պայքարն ընթանում է ծայրահեղ աջերի և ծայրահեղ ձախերի միջև։ Դա են վկայում վերջին սոցհարցումների արդյունքները։

Կիրակի օրն իր վերջին հետազոտության արդյունքները հրապարակեց «Հասարական կարծիքի ուսումնասիրության ֆրանսիական ինստիտուտը»՝ IFOP-ը։

Այս հարցման արդյունքների համաձայն՝ եթե ընտրություններն անցկացվեին գալիք կիրակի, ապա ծայրահեղ աջ «Ազգային միավորման» օգտին կքվեարկեին ֆրանսիացի ընտրողների 35, իսկ ձախ կուսակցությունների նորաստեղծ դաշինքի՝ «Նոր ժողովրդական ճակատի» օգտին՝ 26 տոկոսը։

Նախագահ Մակրոնի կուսակցությունն, ըստ այս հարցման, առավելագույնը, ինչին կարող է հավակնել, քվեների 19 տոկոսն է։

Ազգայնականների առաջնորդ Ժորդան Բարդելայի խոսքով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին նշանակված քվեարկության երկու փուլերից հետո Մակրոնի կուսակցությունն առաջին անգամ ի վիճակի չի լինի վերահսկել Ֆրանսիայի կառավարության գործունեությունը։

«Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ 2017 թվականից ի վեր Մակրոնը գերադասում էր վարչապետի պաշտոնում իր թիմակիցներին նշանակել։ Ես, սակայն, նրա թիմակիցը լինել չեմ պատրաստվում։ Մենք շատ հստակ առաջարկներով ենք հանդես գալու, որոնք նախևառաջ վերաբերելու են ներգաղթի, անվտանգության խնդիրների լուծմանը։ Իմ ցանկությունը ազգային միասնության կառավարության ձևավորումն է, որի անդամներն անպայման չէ, որ բացառապես Ազգային միավորման անդամներ լինեն», - France 3 հեռուստաընկերության եթերում հայտարարում էր ազգայնականների 29-ամյա առաջնորդ Բարդելան։

Ֆրանսիացի ձախերը, սակայն, լսել անգամ չեն ուզում ազգային միասնության կառավարության մասին։ Առավել ազդեցիկ ձախ ուժերը՝ սոցիալիստները, կոմունիստները, կանաչներն ու «Չխոնարհվող Ֆրանսիա» կուսակցությունը, անցած շաբաթ հայտարարեցին «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի ստեղծման մասին։ Այս ուժի թեկնածուներից մեկը լինելու է նախկին նախագահ, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, որի համոզմամբ՝ ազգայնականների հաղթանակը պետք է կանխել ամեն գնով։

«Իրավիճակը լուրջ է քան երբևէ։ Իրավիճակը լուրջ է, քանի որ այն վտանգը, որ ներկայացնում են ծայրահեղ աջերը, շատ իրական է։ Ֆրանսիայի՝ նացիստներից ազատագրումից ի վեր ծայրահեղ աջերը երբեք այսքան մոտ չեն եղել իշխանության գալուն», - նշում էր Օլանդը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն աննախադեպ կարճ է տևելու՝ առաջին փուլի համար ընդամենը 12 օր ։Մտավախություն կա, որ մեկնարկող արձակուրդային սեզոնն ու Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը ֆրանսիացի ընտրողների ուշադրությունը կշեղեն ներքաղաքական զարգացումներից՝ ի վերջո ընտրություններին մասնակցության բավական համեստ ցուցանիշի հանգեցնելով։ Դա, իր հերթին, կարող է մեծացնել ավելի կարգապահ ընտրազանգված ունեցող աջերի հաջողության հնարավորությունները։

Դա է պատճառը, որ սոցցանցերի առավել հայտնի օգտատերերն ու ֆրանսիացի ամենահայտնի ֆուտբոլիստները վերջին օրերին սկսել են հանդես գալ հայտարարություններով՝ երիտասարդ ընտրողներին կոչ անելով մասնակցել առաջիկա ընտրություններին և կանխել ազգայնականների հաղթանակը։ Առաջիններից մեկը նման հայտարարության հանդես եկավ Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն։

«Ըստ իս, մենք մեր երկրի պատմության կարևորագույն մի հանգրվանում ենք։ Եվրոպայի առաջնությունն, իհարկե, կարևոր իրադարձություն է, հատկապես մեր պրոֆեսիոնալ կյանքի տեսանկյունից, բայց մենք նախևառաջ Ֆրանսիայի քաղաքացիներ ենք, ուստի ցանկանում եմ դիմել իմ հայրենակիցներին՝ նախևառաջ երիտասարդությանը։ Այսօր մենք տեսնում ենք, որ ծայրահեղականներն իշխանության շեմին են։ Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում երիտասարդներին գնալ տեղամասեր, քվեարկել՝ հասկանալով, թե որքան լուրջ է ստեղծված կացությունը», - հայտարարում էր Մբապեն։

Ձախերից ոմանք, այնուհանդերձ, պատրաստ են պայքարի դուրս գալ արդեն այսօր, և ոչ թե քվեատուփերի մոտ, այլ՝ փողոցներում։

Կիրակի օրը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում արհմիությունների կոչով բազմամարդ ցույցեր կազմակերպվեցին, որոնց մասնակիցները բողոքում էին առաջիկա ընտրություններում ազգայնականների հնարավոր հաղթանակի դեմ։ Ամենաբուռն իրադարձությունները ծավալվեցին Լիոնում, որտեղ փողոց դուրս եկած ձախերը ընդհարումների մեջ մտան ոստիկանության հետ:

Առաջիկա ընտրություններում հաջողության գրեթե զրոյական շանսեր ունեցող Էմանյուել Մակրոնի կողմնակիցները, մինչդեռ, համոզված են՝ թե՛ ծայրահեղ աջերի, թե՛ ձախերի հաղթանակը ծանր հարված կլինի Ֆրանսիայի համար։

«Այսօր մենք երեք ընտրություն ունենք՝ կա՛մ ձախերը, կա՛մ ազգայնականները, կա՛մ մենք։ Եթե հաղթեն առաջին երկուսը, ապա դա կհանգեցնի աղետի՝ սոցիալական կլիման կվատթարանա, պառակտումներ կլինեն բոլոր մակարդակներում։ Աղետ կլինի հատկապես տնտեսության ոլորտում, ինչը կհանգեցնի միջին խավի արտահոսքին և հարկերի աճին», - այսօր RTL ռադիոկայանի եթերում հայտարարում էր Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։

XS
SM
MD
LG