Մատչելիության հղումներ

ԵՄ-ում Եվրախորհրդարանի ընտրություններ են


Ֆրանսիա - Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում՝ մեծ վահանակին «Օգտագործեք Ձեր քվեն» գրությամբ, մայիս, 2024թ.
Ֆրանսիա - Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում՝ մեծ վահանակին «Օգտագործեք Ձեր քվեն» գրությամբ, մայիս, 2024թ.

Եվրամիությունում հունիսի 6-ից սկսած երեք օր Եվրախորհրդարանի ընտրություններ են: Հինգ կարևոր բան, որ պետք է իմանալ այս քվեարկության մասին.

1Ինչպես է ընտրվում Եվրախորհրդարանը

Եվրամիության օրենսդիր մարմնի 720 պատգամավորներին ընտրում են Դաշինքի անդամ 27 երկրների քաղաքացիները՝ շուրջ 370 միլիոն անձ։ Վերջին հարցումները վկայում են , որ 71 տոկոսը մտադիր է մասնակցել քվեարկությանը, ինչը կհամարվի երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշը. նախորդ՝ 2019 թվականի ընտրություններին համաեվրոպական մասնակցությունը կազմել է 50.7 տոկոս։

Նիդերլանդներ - Քվեարկություն Եվրախորհրդարանի ընտրություններում, Հաագա, 6-ը հունիսի, 2024թ.
Նիդերլանդներ - Քվեարկություն Եվրախորհրդարանի ընտրություններում, Հաագա, 6-ը հունիսի, 2024թ.

Թեև այս ընտրությունները համարվում են եվրոպական, իրականում ընտրարշավում միմյանց դեմ պայքարում են ազգային քաղաքական կուսակցությունները։ Այդ՝ ազգային ցուցակով ընտրվելուց հետո արդեն թեկնածուները դառնում են անդրեվրոպական քաղաքական ընտանիքների կամ խմբերի մաս։ Հեռացող խորհրդարանում նման յոթ խումբ կա, բայց չի բացառվում, որ այս թիվն ավելանա։ Դրանց կարևորությունը դժվար է թերագնահատել․ այդ խմբերը նման են ընտանիքների, որոնք հոգ են տանում իրենց անդամների մասին և նրանց առաջ մղում ցանկացած հարմար պահի։ Որքան մեծ է ընտանիքը, այնքան լայն է դրա անդամների՝ հանձնաժողովներում ղեկավար պաշտոններ, սեփական առաջարկների շուրջ ավելի մեծ աջակցություն ստանալու հնարավորությունը։ Ընդունված է ասել, որ Եվրախորհրդրանում իշխում են ընտանիքները, իսկ որևէ խմբի մաս չկազմող պատգամավորները զրո ազդեցություն ունեն գործընթացների վրա։

2Որոնք են այդ քաղաքական խմբերը

Խոշորագույնը աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն է (EPP, ԵԺԿ), որին անդամակցում են գերմանական սոցիալ-դեմոկրատներն ու Լեհաստանի Քաղաքացիական պլատֆորմը։ Մեծությամբ երկրորդ խմբակցությունը Սոցիալիստների և ժողովրդավարների առաջադիմական դաշինքն է (S&D), որը միավորում է ձախ կենտրոնամետ և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։ Մյուսը՝ «Նորացրու Եվրոպան» (RE), որի կազմում են կենտրոնամետ, ազատական կուսակցությունները, ինչպիսին է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի գլխավորած «Վերածնունդ»-ը:

Ռումինիա - ԵԺԿ համագումարը, Բուխարեստ, 6-ը մարտի, 2024թ.
Ռումինիա - ԵԺԿ համագումարը, Բուխարեստ, 6-ը մարտի, 2024թ.

Բնապահպաններին միավորում է Կանաչների եվրոպական ազատ դաշինքը (Greens-EFA), այս հարկի տակ են նաև կատալոնացի անջատականները: Եվրոպական ձախերին և սկանդինավյան կանաչներին միավորող (GUE-NGL) խմբում ընդգրկված են ծայրահեղ ձախ և կոմունիստական կուսակցություններ, իսկ վերջինների գաղափարական հակառակորդները հավաքվել են մեկ այլ տանիքի տակ՝ Եվրոպական պահպանողականներ և բարեփոխիչներ, որոնց ոմանք համարում են ազգայնական, մյուսները՝ ինքնիշխան, իսկ իրենք իրենց նախընտրում են ավելի մեղմ տարբերակով դասակարգել՝ ​եվրասկեպտիկներ: Եվրոպական միությունը ոչ այնքան արդյունավետ նախագիծ համարող այդ խմբում են Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի գլխավորած կուսակցությունը, Լեհաստանի նախկին իշխող ուժը ՝ «Օրենք և արդարություն»-ը, Շվեդիայի դեմոկրատները, Ֆինների կուսակցությունը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի գլխավորած ուժը։ Ավելի կոշտ կամ ավելի աջ հայացքներ ունեցող պատգամավորները՝ Եվրոպայի ամենահայտնի պոպուլիստներից՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ, հավաքվել են «Ինքնությունը և Եվրոպան» (ID) խմբակցությունում:

Ֆրանսիա - Մարին Լը Պենը քարոզարշավի ժամանակ, մայիս, 2024թ.
Ֆրանսիա - Մարին Լը Պենը քարոզարշավի ժամանակ, մայիս, 2024թ.

Եվրախորհրդարանում կան նաև որևէ խմբի չանդամակցող օրենսդիրներ՝ Հունգարիայի, Սլովակիայի վարչապետերի կուսակիցները, որոնք ժամանակին վտարվել են տարբեր միավորումներից և մինչ օրս նոր «ապաստան» չեն գտել:

3Որքանով են իրատեսական մտավախությունները, որ պոպուլիստները կարող են հաղթել

Իրականում կա հավանականություն, որ օրենսդիր պալատը կթեքվի դեպի աջ, քանի որ ըստ կանխատեսումների՝ աջակողմյան կուսակցությունները ստանալու են խորհրդարանի 720 մանդատներից ավելի քան 400-ը։ Միաժամանակ, դժվար է հստակ պնդել, որ իշխանության կգան եվրասկեպտիկները, որոնց միավորման մասին խոսվում է տարիներ ի վեր։ Ինչո՞ւ։ Նախ, որովհետև նրանք թերևս մեկ հարցում են համակարծիք՝ Բրյուսելի իշխանությունը պետք է կրճատվի, բայց այս շրջանակից դուրս բազմաթիվ այլ սկզբունքային հարցերում պոպուլիստների դիրքորոշումները խիստ տարբեր են։ Հաճախ Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններն են սուր տարաձայնությունների պատճառ դառնում, մի կողմում ագրեսիվ են տրամադրված, մյուս կողմում՝ սերտ կապեր ունեն Մոսկվայի կամ /և Պեկինի հետ:

Այն փաստը, որ հունգարական «Ֆիդես»-ը արդեն երեք տարի է` առանց տանիքի է, հենց նման սուր տարաձայնությունների մասին է վկայում։ Աջակողմյան ճամբարի երկպառակման մասին խոսակցություններն ավելի ակներև դարձան անցած շաբաթներին, երբ գերմանական աջակողմյան ուժը վտարվեց ID-ից դրա առաջնորդներից մեկի արտահայտած կարծիքի պատճառով, ըստ որի՝ Երրորդ Ռայխի ժամանակ նացիստական պահնորդական ջոկատներում ոչ բոլորն էին հանցագործ։

4․ Ինչպես կարող է ուժերի դասավորվածությունն անդրադառնալ ԵՄ հետագա քաղաքականության վրա

Եվրախորհրդարանը նման չէ ազգային խորհրդարաններին, քանի որ եվրապատգամավորներն իրենք չեն նախաձեռնում օրենքներ։ Այդ գործառույթը վերապահված է բացառապես Եվրոպական հանձնաժողովին, իսկ Եվրախորհրդարանն ընդամենը կարող է քննարկել օրենսդրական առաջարկը, փոփոխություններ առաջարկել և ինչպես հաճախ է պատահում՝ ամիսներով ու նույնիսկ տարիներով ձգձել այս կամ այն օրենքի ընդունումը։ Առհասարակ Եվրախորհրդարանը համարվում է Եվրամիության երեք հիմնական ինստիտուտներից ամենաթույլը՝ շատ հազվադեպ կարողանալով հասնել սեփական ցանկությունների իրականացմանը։

Ֆրանսիա - Եվրախորհրդարանի նիստ, Ստրասբուրգ, ապրիլ, 2024թ.
Ֆրանսիա - Եվրախորհրդարանի նիստ, Ստրասբուրգ, ապրիլ, 2024թ.

5Եվ ամենակարևորը՝ եթե ԵՄ-ի քաղաքացի չեք, արժե իմանալ հետևյալը

Եվրախորհրդարանը չի մշակում և չի թելադրում Եվրամիության արտաքին քաղաքականությունը: Արտաքին հարցերը, Դաշինքի ընդլայնման քաղաքականությունը բացառապես կառույցի անդամ 27 երկրների իշխանությունների տիրույթում է։ ԵՄ-ի օրենսդիր մարմինը որևէ ազդեցություն չունի նաև Բրյուսելի ամենակոշտ գործիքը համարվող պատժամիջոցների քաղաքականության վրա։

Եվրախորհրդարանը կարող է ընդամենը հաստատել նոր երկրի անդամակցությունը ԵՄ-ին, բայց որևէ գործիք չունի ազդելու դեպի Եվրամիություն տանող բոլոր մյուս՝ վճռորոշ գործընթացների՝ թեկնածուի կարգավիճակի տրամադրման, բանակցություններ սկսելու որոշման վրա:

Նույնը վերաբերում է նաև առևտրային գործարքներին, վիզաների ազատականացման կամ դյուրացման հարցերին, որոնց վերաբերյալ միաձայն որոշում պետք է լինի ԵՄ անդամ 27 երկրների կողմից։ Այդ պետություններից կանաչ լույս ստանալուց հետո է միայն Եվրախորհրդարանը հավանություն տալիս առաջարկին։

Փաստացի, Եվրախորհրդարանը բազմաթիվ հնչեղ, ականջահաճո զեկույցներ ու բանաձևեր է ընդունել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, պաշտպանել ու կարեկցանք հայտնել թույլերին։ Այո, բայց բանավոր կամ նույնիսկ թղթի վրա արձանագրված այդ հայտարարությունները պարտադիր կատարման ուժ չունեն, և հենց այդ պատճառով էլ եվրոպացի օրենսդիրներն իրենց ելույթներում ազատ են և ասում են այն, ինչից որոշում կայացնողները հաճախ նախընտրում են խուսանավել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG