Մատչելիության հղումներ

«Դե միացրին, բայց նայած որտեղ են միացրել». ոռոգման ջուրը ե՞րբ Կոռնիձոր հասավ


Ոռոգման ջուրը ե՞րբ Կոռնիձոր հասավ. սահմանի այս գյուղ ոռոգման ջուրն ու վարչապետը հասան միաժամանակ։ Կոռնիձորցի Վիտալի Դանիելյանը երկրի ղեկավարի հետ հանդիպմանը չգնալու իր պատճառն ուներ։

«Ես ուրախացել եմ, որ ջուրը եկալ էր, ասեցի մի փոքրիկ տարածք կհասցնեմ ջրեմ, դրա համար ես չբարձրացա», - ասաց նա։

Հունիսը կիսվել, անցել էր, գյուղացուն կերակրող այգին ջրի երես չէր տեսել։ 60 ընկուզենի, ազնվամորի, մի քանի առու լոլիկ էին դրել։ Սալորի մատղաշ ծառերը, որ բերքի ծանրության տակ ճկվել, կռացել էին, հիմա՝ «սաղ թափվել ա արդեն, բան չի մնացել։ Դե դժվար ա, ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ ասա…Մեր ձեռին էլ ոչ մի բան չկա, ում հասնում ենք, բողոքում ենք էլի»:

Ոռոգման ջրագիծն այս գյուղում անցած տարի անցկացվեց՝ Եվրասիական զարգացման բանկի և Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ։ Շուրջ 160 մլն դրամ արժողությամբ ջրագիծն անցած տարի ոգևորեց կոռնիձորցիներին։

76-ամյա Անդրանիկ Հասրաթյանը վճարել է ոռոգման ջրի գումարը, 250 դրամով սերմացու կարտոֆիլ գնել, ցանել ու սպասում է ջրին։

«Դե միացրին, հա, բերել են միացրել, ի՞նչ։ Եկե՞լ ա ստեղ։ Նայած որտեղ են միացրել։ Էն վերևը այգիներ կան, չէ՞։ Ջուրը եկել ա, հասել մինչև էն այգիները։ Գյուղում մի երկու թաղամաս մտել ա, մի երկուսը չի մտել։ Որին հարցնում ես, ասում ա մեր հայաթը չի եկել։ Թե էդ ջուրը որտեղ ա եղել չեմ իմանում։ Դե մեկ էլ ասում ա, ավարիա ա եղել, 4-5 օր չի գալու ջուրը։ 4-5 օր այգին չջրես, ինչ կլինի՞…Մեր բախտը բերել ա, որ անձրևային ա…», - նշեց Անդրանիկ Հասրաթյանը:

Օրեր առաջ գյուղ եկած վարչապետ Փաշինյանը Սյունիքի մարզից հեռացավ ցնցված, տպավորված, Գրավիկ Խաչյանը գյուղում մնաց հիասթափված. - «Որ գալիս են, չգան միայն ղեկավարին տեսնեն, գնան։ Թող գան, մտնեն, ասեն՝ ժողովուրդ, հավաքվեցաք։ Ուզում եմ մի հատ էս գյուղուվ պտտվեմ, տեսնամ էս հինչ ա կատարվում։ Հունց եք ապրում, հինչ եք անում։ Ղեկավարը բնականաբար տենց ա։ Ասելու ա՝ ամեն ինչ լավ ա, պրոբլեմ չկա։ Ամեն ինչ լավ ա, գյուղը բարեկարգ գյուղ ա, չգիտեմ բարգավաճում ա և այլն։ Բայց պիտի մտնես ներսը, վեր գիդաս՝ ներսում հինչ ա կատարվում»։

Սահմանի մոտ ապրող գյուղացիները բազմաթիվ խնդիրների մասին կուզեին պատմել վարչապետին։ Անբարենպաստ եղանակի պատճառով հացահատիկային ցանքատարածությունները գրեթե ամբողջությամբ սնկային հիվանդություններով են վարակվել, գյուղի դաշտերում և այգիներում վնասատուներն են շատացել։

Դեղերն ու թունաքիմիկատները, գյուղացու խոսքով, չեն օգնում։ Գրավիկ Խաչյանն ու համագյուղացիները հոգնել են անկուշտ միջատների դեմ անարդյունք պայքարից։

Կոռնիձորը սահմանային դարձավ 44-օրյա պատերազմից հետո։ Գյուղի արոտավայրերն ու այգիները ադրբեջանական զորքերի ուղիղ նշանառության տակ հայտնվեցին։ Տիկին Սոնիկն ու համագյուղացիները հեռվից են հետևում անմշակ մնացած իրենց այգիներին։

Ծիրանի, դեղձի, խաղողի, ընկույզի ու թթի ծառերը, որ 30 տարուց ավելի խնամվել ու առատ բերք են տվել, Հակարի գետի ափին՝ հայկական և ադրբեջանական դիրքերին մոտ մնացին։ Մոտ գնալ սահմանապահները թույլ չեն տալիս. վտանգավոր է։

Վիտալի Դանիելյանն ու համագյուղացիները գյուղի դատարկված տներն են հաշվում ու իրենց հույս տալիս. եթե իրոք իրական, ոչ թղթային խաղաղություն լինի, գուցե երիտասարդները որոշեն գյուղում մնալ, հող մշակել։

XS
SM
MD
LG