Մատչելիության հղումներ

Կոռնիձորում ծրագրավորման ուսուցման կենտրոն է բացվելու


26-ամյա Հովհաննես Վերդյանին մայրաքաղաքից Սյունիք է բերել Կոռնիձորում ծրագրավորման ուսուցման կենտրոն բացելու գաղափարը։ All for Armenia կազմակերպության ֆինանսավորմամբ արցախյան առաջին պատերազմից հետո Կոռնիձորում լքված մի տուն են գնել ու հիմա փորձում են այն ուսումնական կենտրոնի վերածել։

«Մենք ստեղծել ենք, հիմքից կառուցել ենք այս դպրոցը այն նպատակով, որպեսզի գյուղում հասանելի դարձնենք այն կրթությունը, որը այլապես հասանելի չէ։ Դա սկսում ենք վեբ ծրագրավորումից և շարունակելու ենք տարբեր այլ կուրսերով, նույնիսկ մինչև գյուղատնտեսություն և այլ ոլորտներ», - ասում է Վերդյանը

«Կոռնիտուն». այսպես է կոչվում ուսումնական կենտրոնը։ Դասասենյակներն առաջին հարկում կլինեն, երկրորդը որպես հյուրատուն կծառայի մայրաքաղաքից այստեղ եկող դասընթացավարների համար։

Հովհաննես Վերդյան
Հովհաննես Վերդյան

«Սա կարևոր նախապայման է, որովհետև ցանկացած բարեգործական նախաձեռնություն, առանց այս լոգիստիկ և մնալու խնդիրների, ի վերջո բախվում է մի կետի, երբ հյուրանոցներում մնալը չափազանց թանկ է, հսկայական ռեսուրսներ է պահանջում, հաճախ չկան այն հարմարությունները, որոնք պետք են։ Օրինակ, ինձ համար ասեմ, ես ինքս ծրագրավորող եմ, ինձ մինիմալ աշխատանքային պայմաններ են պետք, որպեսզի ես կարողանամ և՛ դասավանդել, և' նախաձեռնություններով զբաղվել բարեգործական և միաժամանակ իմ աշխատանքը կարողանամ պահել պատշաճ որակի», - նշում է Հովհաննեսը։

Երիտասարդ ծրագրավորողի խոսքով, Կոռնիձորն են ընտրել, քանի որ այն Սյունիքի մարզի առավել խոցելի գյուղերից է։ Վերջին պատերազմից հետո գյուղը սահմանամերձ դարձավ։ Ադրբեջանի հետ 22 կիլոմետր շփման գիծ ունի։ Դաշտերը, արոտավայրերն անցան Ադրբեջանի հսկողության տակ. - «Մենք ընտրել ենք այս գյուղը, որովհետև այն առավելագույն կարիքի մեջ գտնվող գյուղերից մեկն էր. երեք կողմից շրջափակված և փաստացի միայն ճանապարհի կողմից բուն Հայաստանի Հանրապետության հողի հետ կապ ունեցող, ինչը, բնականաբար, բերում է արտագաղթի ավելի մեծ տեմպերով։ Հատկապես 2020-ից հետո, երբ հատկապես արոտավայրերի մեծ մասը կորցրեց գյուղը»։

Լուսինե Քարամյան
Լուսինե Քարամյան

Գյուղապետարանի աշխատակից Լուսինե Քարամյանն ասում է, որ այստեղ պատերազմից հետո խնդիրները սնկի պես են աճում. - «Իհարկե աշխատանք է պետք հետագայում, որպեսզի մարդիկ այստեղ ապրեն և շարունակեն մնալ, որովհետև հիմա անասունների հետ կապված խնդիրներ կա, արոտավայրերի հետ կապված, ամեն ինչի։ Եվ հիմա մարդկանց պետք է թև տալ, աշխատանք ունենան, իրացնեն իրենց ստեղծածը, որպեսզի մարդիկ կարողանան այստեղ ապրել»։

Լուսինեն գյուղի խնդիրներին ամեն օր է առնչվում։ Ասում է՝ թեև Արցախից տեղահանված մի քանի ընտանիք է Կոռնիձոր տեղափոխվել, բայց գյուղից հեռանալ ցանկացողների թիվը էլ քիչ չէ. - «Մենք ունենք շատ տաղանդավոր երեխաներ, բայց նման կենտրոններ չունենք։ Երեխաները դրա համար պիտի հասնեն Գորիս, որը, իհարկե, հնարավորության հետ է կապված, ֆինանսի հետ»։

Կոռնիձորի երտասարդական խորհրդի համակարգող Անդրե Դավթյանը ուշադիր հետևում է ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքերին, ծանր ու թեթև անում, գնահատում գյուղի երիտասարդների համար ստեղծվող հնարավորությունները։ 18-ամյա պատանին սրտնեղում է՝ լավ աշխատանք գտնելու հույսը համագյուղացիներից շատերին է գյուղը լքելու մտքեր տալիս. - «Սենց նախագծերը, սենց նախաձեռնությունները պետք է միշտ էլ շարունակական լինեն, որպեսզի երիտասարդին ավելի ոգեշնչեն, ավելի մոտիվացնեն, որպեսզի նրանք մասնակցեն նման դասընթացների, ինքնակրթվեն, զբաղվեն ինքնակրթությամբ, զարգանան և ստացած գիտելիքներն օգտագործեն թե՛ իրենց համար, թե՛ իրենց համայնքի»։

Ծրագրավորող Հովհաննես Վերդյանը լավատես է. - «Նման նախագծերը և հատկապես այս նախագիծը նպատակ ունի ստեղծել գյուղում հավելյալ գրավչություն։ Այսինքն՝ մարդկանց համար պատճառ դառնա, որպեսզի չլքեն իրենց հայրենիքը և ի վերջո չունենանք մի հայրենիք, երբ որ բնակչության 90 տոկոսը բնակվում է Երևանում»։

«Կոռնիտունն» ամբողջությամբ պատրաստ կլինի ամռանը, բայց առաջին խմբի դասերը դեռևս միակ՝ վերանորոգված դասասենյակում կսկսեն արդեն մարտից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG