Բանակում ոչ մարտական պայմաններում ինքնասպանության հասցնելու 6 դեպք՝ վերջին 8 ամսում
Բանակում ոչ մարտական պայմաններում ինքնասպանության հասցնելու 6 դեպք՝ վերջին 8 ամսում։ Զինծառայող Էդգար Ալեքսանյանի մահվան մասին Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդեց։ Ռազմական գերատեսչությունը, սակայն, սահմանափակվել է միայն կարճ հաղորդագրությամբ, թե պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով:
Երկու ժամ անց դեպքից դարձյալ որոշ, սակավ մանրամասներով հաղորդագրություն հրապարակեց Քննչական կոմիտեն, թե քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։
«Դիակի արտաքին զննությամբ կզակի շրջանում հայտնաբերվել է հրազենային վնասվածք: Բռնության այլ հետքեր չեն արձանագրվել», - նշված է ՔՊ հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածներ կամ մեղադրյալներ դեռ չկան. ՔԿ
Ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ էլ Պաշտպանության նախարարությունը չեն մանրամասնում՝ խոսքը ժամկետայի՞ն, թե՞ պայմանագրային զինծառայողի մասին է, քանի տարեկան էր նա և որտեղից էր զորակոչվել։ «Ազատության» տեղեկություններով՝ զոհված Էդգար Ալեքսանյանը ժամկետային էր, բանակ էր գնացել Կոտայքի մարզից։ Քննչական կոմիտեից այսօր հայտնեցին, որ ակտիվ քննչական գործողություններ են ընթանում, բայց դեռ ձերբակալվածներ կամ մեղադրյալներ չկան։
Զինված ուժերում դեռ բազմաթիվ են խնդիրները, չնայած հայտարարվող բարեփոխումներին. Նազելի Մովսեսյան
Ըստ բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանի՝ վերջին երեք տարիներին հայաստանյան զինված ուժերում մահերի գրեթե 70 տոկոսը խաղաղ պայմաններում են գրանցվում։
«Սա արդեն իսկ 31-րդ մահվան դեպքն է այս տարվա զինծառայողների, և ցավալին այն փաստն է, որ դեպքերի մեծ մասը, այս դեպքում 27 դեպք ոչ մարտական պայմաններում են արձանագրվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Այս տարի, օրինակ, ամեն ամիս գրեթե 3 զինծառայող է զոհվել ոչ մարտական պայմաններում։
«Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի զգալի մասը կազմում են ինքնասպանության և սպանության դեպքերը», - ասաց իրավապաշտպանը։
Եթե այս տարվա 8 ամիսներին 6 ինքնասպանության դեպք է գրանցվել, այդ թվում՝ երեկվանը, ապա 2023-ի նույն ժամանակահատվածում 10 դեպքի մասին է հաղորդել Պաշտպանության նախարարությունը։ Ըստ բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանի՝ զինված ուժերում դեռ բազմաթիվ են խնդիրները, չնայած հայտարարվող բարեփոխումներին։ Մյուս կողմից հարուցված քրեական գործերով քննություններն էլ ոչ միշտ են թափանցիկ։
Շուրջ մեկուկես ամիս առաջ երկու զինվորականի կյանք խլած ինքնաթիռի կործանման պատճառներն առայսօր անհայտ են։
«Արդեն պարզ է, որ զինծառայողների միջանձնային հարաբերությունների, քրեական բարքերի առկայությունը զինված ուժերում», - նշեց Նազելի Մովսեսյանը։
Ըստ փորձագետի՝ բանակում քրեական բարքերի, զինվորների ու սպաների միջև միջանձնային խնդիրներն են հաճախ մահվան պատճառ դառնում. - «Տարեցտարի չնվազող այս դեպքերը վկայում են այն մասին, որ բարեփոխումներն այնքան էլ արդյունավետ կերպով չեն ընթանում»։
Իշխանությունն էլ է ընդունում, որ բանակում խնդիրներ կան. Փաշինյանը տարեսկզբին՝ բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի օրը, հայտարարել էր, թե զինված ուժերում միջանձնային հարաբերություններում լրջագույն ճեղքեր կան, որ պետք է լրացնեն։
Վարչապետի այդ հայտարարությունից հետո, սակայն, ըստ իրավապաշտպանների, վիճակագրությունը չի բարելավվել։ Նրանց ուսումնասիրություններով՝ բազմաթիվ են խնդիրները նաև երեքամսյա վարժական հավաքների ընթացքում։
Իրավապաշտպաններն ահազանգում են, որ դրանց մասնակիցներին ներգրավում են միայն մարտական հերթապահություն իրականացնելու համար։ Այս տարի արդեն մեկ պահեստազորային է մահացել, 2023-ին՝ 5, որից 4-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։