Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ժպիտով արձագանքեց իր պաշտոնանկության մասին մամուլում տևական ժամանակ շրջանառվող լուրերին։ Ըստ այդմ՝ նախկին նախարար Արսեն Թորոսյանն է փորձում վարչապետին ցույց տալ իր հաջորդի բացթողումները ոլորտում։
«Վերաբերվում եմ հումորով, հանգիստ, մոտավորապես զավեշտի ժանրից», - ասաց Ավանեսյանը:
4 տարի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ավանեսյանի խոսքը կարճ էր և փիլիսոփայական. - «Ամեն շաբաթ գրվում է, այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, որ գուցե և այդ լուրը ճիշտ լինի, ինչին ևս վերաբերվում եմ հանգիստ ու շատ նորմալ»:
Նախարարի անունը շրջանառվեց նաև 4 օր առաջ՝ «Քաղաքացիական պայմանագրի» աղմկոտ նիստից հետո. երբ մամուլը գրեց, նիստի մասնակիցներն էլ չհերքեցին, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև վեճի է բռնկվել, անգամ քաշքշուկ, Անահիտ Ավանեսյանն էլ փորձել է մեղմել իրավիճակը։ Փոքր-ինչ չափազանցված էր, նախարարի մեկնաբանությունն էր՝ լրացումով՝ տաքարյուն ժողովուրդ ենք։
Իր ոլորտի համար Անահիտ Ավանեսյանը հանգիստ է։ Այսօր ներկայացրեց նախորդ տարվա արածն ու չարածը։ Որպես առավելություն ընդգծեց՝ պետական պատվերի շրջանակում ավելացել են հիվանդանոցային, դժվարամատչելի բժշկության օգնության և սպասարկման ծավալները, ծնունդների մեծ թիվ է գրանցվել, Շտապօգնության կանչի ժամանակը կրճատվել է՝ հասնելով 4 րոպեի։
Պետպատվերի մասին
Բացթողումների մասին էլ հիշեցրեցին լրագրողները։ Մասնավորապես պետպատվերի շրջանում կան խնդիրներ. տարին չավարտված պետպատվերն ավարտվում է:
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ: Մեր օֆերտայի շրջանակներում կան տարեկան հնարավոր և նաև ֆիզիկական հասանելիության հնարավորություններ, չէ՞, պատկերացնում ենք, որ նաև մեր բուժհաստատությունների ռեսուրսներն անսահմանափակ չեն և ֆինանսական միջոցները անսահմանափակ չեն: Բայց ինչի՞ ենք մենք հասել ամենակարևորը, որ ըստ դիմելիության մենք սպասարկում ենք մեր քաղաքացիներին, ըստ էության, 24 թվականին բուժսպասարկումից օգտվելու հերթերը չի եղել, որ 2 ամսից ավելի լինեն», - արձագանքեց նախարարը:
«Ազատությունը» բողոք էր ստացել բուժկենտրոններից, որ 2024 թվականի դեկտեմբերի 1-16 -ը մատուցված ծառայությունների դիմաց պետությունը չի մարել իր պարտավորությունը հիվանդանոցներին։ Մտահոգված էին, որ այս պարագայում ի վիճակի չեն լինի սպասարկել անվճարունակ քաղաքացիներին։ Նախարարը տեղյակ էր, բայց խնդիր չի տեսնում, ֆինանսավորումը դեռ չի ավարտվել, ուստի պարտքի մասին խոսելն ավելորդ է համարում։ Իսկ գումարը կփոխանցվի, երբ ավարտվեն որոշ ուսումնասիրություններ։
«Դեկտեմբերի 17-18-ին, երբ որ ամփոփել ենք, տեսել ենք, որ միջին ցուցանիշից հավելյալ ծառայություններ ենք մատուցել, ինչը նորմալ է, բայց դեռ ուսումնասիրության շրջանակում է: Երբ որ վստահ կլինենք, որ այդ հավելյալ, միջին ցուցանիշից ավելի արված ծառայությունները հավաստի են, մատուցված են, դա ըստ հաջորդիվ ֆինանսավորման կիրականացվի», - ասաց Ավանեսյանը:
Զորակոչիկների առողջական հետազոտություննեը, էլեկտրոնային դեղատոմսերի կիրառումը
Լրջագույն խնդիրներից է առողջական խնդիրներ ունեցող տղաներին բանակ զորակոչելը։ Նախարարին տեղեկացրեցինք, որ միայն այս տարվա ձմեռային զորակոչի ժամանակ իրավապաշտպան ՀԿ-ներն ավելի քան երեք տասնյակ բողոք են ստացել։ Ավանեսյանը նախ ասաց, որ ինքն էլ մտահոգված խնդրով, թեև այն հիմնականում ռազմական գերատեսչությանն է առնչվում, պնդեց, որ աշխատում են իրավապաշտպանների հետ, պատրաստ են առանձին դեպքեր ուսումնասիրել։
«Մանրակրկիտ փորձաքննություններ են իրականացվում, որպեսզի վստահ լինեն, որ անձը ճիշտ է փորձաքննվել, և արդյունքում ոչ ոք չի ուզում հետո խնդիրներ առաջանան, երբ մարդն արդեն զորակոչվում է», - ընդգծեց նախարարը:
Նախարարը թվեր չնշեց այսօր, բայց պնդեց, որ մի շարք բժշկական կենտրոններ, մասնավորապես ներարկումային կոսմետոլոգիական, լիցենզիա չեն ստացել։ Ընդունեց՝ այս ոլորտում վերահսկողության խնդիր կա, տարվա ընթացքում պետք է կանոնները վերանայվեն, խստացվեն։
Խիստ պետք է վերաբերել նաև էլեկտրոնային դեղատոմսերի կիրառմանը։ Ինքնաբուժությունից խուսափելու արդյունավետ ճանապարհը, ըստ նախարարի, հենց դա է։
Ինչո՞ւ բժիշկները դեղատոմս չեն գրում, հարցի պատասխան էլ ՝ կոնկրետ անուններով է պահանջում նախարարը։
Տարվա բացթողումը այս կառավարության կողմից լայնորեն գովազդված բժշկական պարտադիր ապահովագրությունն էր, որը չնայած սահմանված ժամկետներին՝ այդպես էլ չներդրվեց։ Նախարարն այսօր ի տարբերություն անցած տարվա, ավելի զգուշավոր էր՝ ժամկետներից չխոսեց՝ շեշտելով միայն՝ սա այս տարվա առաջնահերթություններց է։