Մատչելիության հղումներ

ՔԿ-ն հայտնում է ահաբեկչության գործով զինամթերք, սխեմաներ, պլաններ հայտնաբերելու մասին


Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի առթիվ վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են զենք-զինամթերք, սխեմաներ, փաստաթղթեր, լուսանկարը՝ ՔԿ-ի
Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի առթիվ վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են զենք-զինամթերք, սխեմաներ, փաստաթղթեր, լուսանկարը՝ ՔԿ-ի

Իրավապահները հայտարարում են, որ 23 խուզարկությունների արդյունքում ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական բևեռի գրասենյակ ծառայող տարածքում, ինչպես նաև օրերս Նոր Նորքի ոստիկանության բաժին զինված ներխուժման փորձ կատարած երեք տղամարդկանց և նրանց հետ կապված մի շարք այլ անձանց բնակարաններում զինամթերք, սխեմաներ, պլաններ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ մասնավորապես, Բևեռի գրասենյակում հայտնաբերել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ, որոնց բովանդակությունը, սակայն չեն բացահայտում։

Ավելի ուշ Բևեռը հերյուրանք որակեց կոմիտեի հայտարարությունը՝ պնդելով, թե իրենց «գրասենյակ ծառայող որևէ տարածքում խուզարկություն չի արվել, ուստի որևէ զենք-զինամթերք և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ չէին կարող հայտնաբերվել»։

Կիրակի օրը Նոր Նորքի ոստիկանության բաժին զինված ներխուժման փորձ կատարած երեք տղամարդիկ Ազգային ժողովրդավարական բևեռի աջակիցներ են, տեղեկությունը հենց ԱԺԲ-ից էին հաստատել։ Ոչ բևեռից, ոչ էլ իրավապահ կառույցիներից, սակայն, չեն պարզաբանում՝ կոնկրետ ինչ էին պահանջում զինված տղամարդիկ։ ՔԿ-ն վարույթը նախաձեռնել է ահաբեկչության հատկանիշներով։

Այսօրվա տարածած հաղորդագրությունում պատմում են, որ, իրենց ձևակերպմամբ, «հակաիշխանական հայացքներ ունեցող» Ստեփան Հովակիմյանը, Վարդգես Գևորգյանը և Արթուր Մովսիսյանը հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու նպատակով մարտական նռնակներով մուտք են գործել Նոր Նորքի բաժնի վարչական շենք՝ սպառնալով պայթեցնել։

Քննչականը երեկվա խուզարկություններից նաև լուսանկարներ է հրապարակել. զինամթերքից բացի, այստեղ ձեռքով նկարված թղթեր էին՝ մեկի վրա զենքի անուններ են գրված, մյուսում պատկերված է Հանրապետության հրապարակը զուգահեռ փողոցներով։

Հիմք են արդյո՞ք այս թղթերը ենթադրելու, որ ահաբեկչական գործողության սխեմա է բացահայտվել, ՔԿ-ից հայտնեցին՝ քննությունն ընթանում է ամբողջ ծավալով, ենթադրություններ անել չեն կարող. - «Բոլոր այդ հարցերի պատասխանները մենք կստանանք, որովհետև մանրամասն տեղեկություններ փոխանցելը չէր բխում նախաքննության շահերից», - նշեց Գոռ Աբրահամյանը։

10-ից ավելի հարցաքննություններ են իրականացվել

Խուզարկություններից բացի, 10-ից ավելի հարցաքննություն են արել, բայց այս դեպքում էլ Քննչական կոմիտեն ու ԱԺԲ-ն չեն բացահայտում, թե ովքեր են հարցաքննվածներն, ու արդյոք նրանց մեջ է բևեռի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ այս պահին գործով կասկածյալ են համարվում նռնակներով Նոր Նորքի բաժին գնացած տղամարդիկ, որոնցից երկուսը դեռ հիվանդանոցում են։ Նրանք տուժել էին իրենց իսկ բերած նռնակների պայթյունից։ Առողջապահության նախարարությունից տեղեկացրին՝ մեկի վիճակը ծանր է, սակայն երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում։

Դեպքից երկու օր անց միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։

«Բազմաթիվ նաև փորձաքննություններ են նշանակված, որոնք, իհարկե, կարևոր հարցերի պատասխաններ դեռ պիտի տան», - նշեց ՔԿ խոսնակը։

Ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական բևեռն ավելի քան կես տարի է՝ իշխանությունների հեռացման պահանջով Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է անում։ Հենց այնտեղից պարբերաբար ուղիղ եթերներ են կազմակերպում, հարցազրույցներ անում։ Տավուշի հատվածում հնարավոր սահմանազատման մասին խոսելիս ԱԺԲ-ն դիմադրության կոչ է անում։ Նոր Նորքի ոստիկանությունում տեղի ունեցածը, սակայն, պոռթկում, զգացմունքային հողի վրա տեղի ունեցած դեպք են որակել՝ Տավուշ մեկնող իրենց մի քանի թիմակիցներին բերման ենթարկելու պատճառով։

ԱԺԲ-ի հիմքը դարձած «Սասնա ծռեր» խմբավորումը 16 թվականին ոստիկանական գունդ էր գրավել, այդ ժամանակ երեք ոստիկան զոհվեց։

XS
SM
MD
LG