Լոռու ՔՊ-ական մարզպետ Արամ Խաչատրյանի աշխատասենյակում՝ գլխավերևում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծադիր լուսանկարն է։ Մարզպետն ասում է՝ վերևից հրահանգ, պարտադրանք կամ հանձնարարություն չի եղել, ցանկացել՝ կախել է։
Խաչատրյանը, որ Լոռու մարզը ղեկավարում է գրեթե երեք տարի, երկրի ղեկավարի լուսանկարը մարզպետի աշխատասենյակում պարտադիր է համարում՝ անկախ կուսակցական պատկանելությունից։
«Ես գտնում եմ, որ մարզպետի աշխատասենյակում պետք է երկրի ղեկավարի նկարը փակցված լինի՝ գերագույն գլխավոր հրամանատարի։ Ես այդպես եմ կարծում։ Կապ չունի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ես, թե ոչ, երկրի ղեկավարի մասին է խոսքը գնում, անկախ նրանից, թե դու որ կուսակցությունից ես։ Ես կախել եմ {լուսանկարը} որպես երկրի ղեկավար։ Դա, կարծում եմ, հարգանքի նշան է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
2018-ի հեղափոխությունն ուղեկցվում էր պետական կառույցներում նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը հանելու ակցիաներով։ Հեղափոխականներն ամենակոշտ կերպով քննադատում էին առաջնորդի հայացքի ներքո աշխատելու երևույթը։ Ինքը՝ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին խորհրդարանի ամբիոնից էր բարձրաձայնել ու հեգնել Սարգսյանի նկարը աշխատասենյակներում փակցնելու պրակտիկան։
Մինչդեռ Լոռու ՔՊ-ական մարզպետն ասում է՝ ինքը նման քննադատություն չի հիշում ու հեղափոխական արժեքներին բոլորովին հակասող չի համարում, եթե այսօր էլ համայնքապետերն ու դպրոցի տնօրենները երկրի առաջնորդի դիմանկարը նախկինի նման կախեն իրենց աշխատասենյակներում։
«Ես այդպիսի քննադատություն չեմ հիշում, թե ինչու են երկրի ղեկավարի նկարները փակցված աշխատասենյակում, ես ինքս էլ անձամբ երբևէ դրա մասին չեմ խոսել և հիմա էլ արտառոց բան չեմ տեսնում։ Ժողովրդի կողմից ընտրված երկրի ղեկավար է։ Եթե այն ժամանակ շատ խիստ կասկածներ կային Սերժ Սարգսյանի մասով, որ ինքն ընտրված է, թե ընտրված չէ, չկա ՀՀ-ում որևիցե մեկը, որը կասկածի տակ դնի այդ ընտրությունները», - ասաց Արամ Խաչատրյանը։
Դեռ 2017-ին «Ազատությունը» շրջել էր Լոռու համայնքապետարաններում ու դպրոցներում։ Համայնքներում միանշանակ ասել էին, թե ցանկալի է երկրի նախագահի լուսանկարը տեսնել ամենուր։ Ջիլիզայի դպրոցի տնօրենն անգամ համեմատություն էր արել անկախ Հայաստանի ղեկավարի և իր մանկության Լենին պապիկի միջև։
Շնողի հանրապետական գյուղապետ Դավիթ Ղումաշյանն էլ, որ հիմա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Ալավերդու ավագանու անդամ է, Սերժ Սարգսյանի լուսանկարը կախել էր աշխատասենյակի իր համար տեսանելի հատվածում:
2018-ի հեղափոխությունից անմիջապես հետո դպրոցներում ու համայնքապետարաններում մասսայաբար հանեցին արդեն պաշտոնից հեռացած Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Տնօրենները, որ տարիներ շարունակ այն համարել էին երկրի խորհրդանիշ ու կախել իրենց գլխավերևում, ողջունում էին նոր իշխանությունների՝ ուսումնական հաստատություններն ապաքաղաքականացնելու մասին հայտարարությունները։
«Ավելի լավ է՝ էդ քաղաքականությունը չլինի, մարդիկ հարվածի տակ չլինեն, հանգիստ աշխատեն, զբաղվեն իրենց կրթության հարցերով», - ասել էր Վանաձորի թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Նարինե Սահակյանը։
«Ազատությունն» արձանագրել էր, որ հեղափոխությունից հետո անգամ Հանրապետական կուսակցության Լոռու մարզային խորհրդի գրասենյակից էր հանվել կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Ընդամենը երկու տարի անց արդեն Նիկոլ Փաշինյանի լուսանկարը երևաց խորհրդարանում ու կառավարությունում՝ ՔՊ-ական պատգամավորների ու պաշտոնյաների աշխատասենյակներում։
Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը նույնպես Փաշինյանի հայացքի ներքո էր աշխատում։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելիս նույն արդարացումն էր բերում, ինչ նախկինում հանրապետականներն էին առաջ քաշում՝ պետության ղեկավարի նկարը խորհրդանիշ է. - «Գործադիր մարմնում այդ քայլը որպես խորհրդանիշ պետության ղեկավարի նկարը ունենալն աշխատասենյակում եղել է սիմվոլների տրամաբանության մեջ»։
Հայաստանի 10 մարզպետներից առնվազն 4-ի՝ Շիրակի, Լոռու, Արարատի ու Արագածոտնի ղեկավարների աշխատասենյակում կախված է վարչապետի նույն՝ մեծադիր լուսանկարը։ Բոլորն էլ վստահեցրին՝ առանց պարտադրանքի՝ սեփական ցանկությամբ են կախել։