Վանաձորում տարին ավարտվեց առանց բյուջեի, սուբվենցիոն ծրագրերի ու գլխավոր հատակագծի: Քաղաքացիների հարյուրավոր դիմումներ՝ կապված սեփականության, վարձակալության ու այլ հարցերի հետ, որոնց մասին ավագանին պետք է որոշում կայացներ, այդպես էլ չլուծվեցին:
Այս տարի Վանաձորի ժամանակավոր իշխանություններն ավագանու ընդամենը երկու նիստ են գումարել: Վերջինը մայիսին էր: Դրանից հետո երկուսուկես տարվա կալանքից ազատվեց Վանաձորի նախկին քաղաքապետ, ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության անդամ Մամիկոն Ասլանյանը, ամիսներ անց էլ արդեն կաշառքի մեղադրանքով կալանավորվեց համայնքապետարանի ճարտարապետական բաժնի պետ Սուրեն Աբովյանը: Արդյո՞ք սրանք էին պատճառը, որ գործող իշխանություններին հետ պահեցին ավագանու նիստ անցկացնելուց, հայտնի չէ:
Մինչև դեկտեմբերի կեսերը համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն էլ, աշխատակազմի ղեկավարն էլ վստահեցնում էին, թե շուտով ավագանու նիստ կլինի: Այսօր այդպես էլ համայնքապետարանից չմեկնաբանեցին՝ ինչո՞ւ համայնքի գլխավոր խնդիրները թողեցին չլուծված, ու ինչո՞ւ ավագանին գոնե տարեվերջին չհավաքվեց՝ բյուջե հաստատելու:
Դեռ ամռանը Եվրամիության ֆինանսավորմամբ Վանաձորը 5 էլեկտրական ավտոբուս ստացավ: Փելեշյանը հանդիսավորությամբ ազդարարեց՝ սա դեռ սկիզբն է:
«5 հատ մեքենա արդեն իսկ ունենք Եվրամիության ծրագրով, 45 հատ մեքենա նախատեսված է 25 թվականին սուբվենցիոն ծրագրով, և վերջապես Վանաձորի տրանսպորտը կբարելավվի», - հայտարարեց համայնքապետի պաշտոնակատարը:
Բայց ավտոբուսները 4 ամիս անց դեռ կանգնած են: Ավագանին պետք է որոշում կայացներ, չկայացրեց: Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը նկատում է՝ Վանաձորում քաղաքային տրանսպորտի երթուղայիններն այս պահին օրենքի խախտումով են գործում: Մի կողմից՝ դրանց շահագործման թույլատրելի ժամկետներն են անցել, մյուս կողմից՝ դրանք շահագործող ընկերությունների հետ պայմանագիր կնքելու օրենքով սահմանված հնարավորությունն է սպառվել:
«Եթե մենք չենք ունենում նաև սուբվենցիաները փաստացի, քանի որ Վանաձորի համայնքապետարանը օրենքի խախտումով մեկ տարով երկարացել էր տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետը, պայմանագիրը, էդ դեպքում մենք ունենում ենք ևս մեկ խնդիր, որ երկրորդ անգամ այլևս դժվար թե կարողանան երկարաձգել, քանի որ դա արդեն բացահայտ օրենքի խախտում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոթանջյանը;
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ը նախատեսում է հաջորդ տարեսկզբին տեղական հանրաքվե նախաձեռնել՝ հարցերը, որոնք իշխանություններին չհաջողվեց ժամանակավոր կառավարմամբ լուծել, գոնե տեղական հանրաքվեով հնարավոր լինի լուծել:
«Այս ամեն ինչի մեջ, այս պրոցեսում անտեսվում է քաղաքացին, և այդ քաղաքացու շահն ու իրավունքները պաշտպանողներ ի պաշտոնե ոչ ոք այլևս չի մնացել; Սրանով պայմանավորված՝ մենք նախաձեռնում ենք տեղական հանրաքվե, որպեսզի նաև Կառավարությանը ցույց տանք, որ շատ հաճախ ժամանակավոր պաշտոնակատարներ պետք չեն, որովհետև մարդիկ իրենց քվեով կարող են ընդամենը հաստատել մի բան, որը որ, օրինակ, 7 ամիս այլևս չի կարողանում ապահովի Վանաձորի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը», - ընդգծեց Գևորգ Քոթանջյանը:
Մեկ ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց տարիներ առաջ իր ներկայացրած դատական հայցից, որով վիճարկել էր տեղական ընտրությունների արդյունքները: Հունվարին Վարչական դատարանը կքննի կուսակցության հայցից հրաժարվելու դիմումը, ու ավագանին հնարավորություն կստանա համայնքի ղեկավար ընտրել, ինչն արդեն երեք տարի չի կարողանում անել դատարանի սահմանած արգելանքի պատճառով: Եթե ավագանուն չհաջողվի համայնքի ղեկավար ընտրել, կլուծարվի ու նոր ընտրություններ տեղի կունենան, բայց ոչ շուտ, քան ամռանը, ասում է իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ու նշում, որ այս դեպքում տեղական հանրաքվեի միջոցով շատ հարցեր կլուծվեն: