Մատչելիության հղումներ

Վանաձորի նախկին քաղաքապետը պնդում է՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի մասին տեղյակ չէ


Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանը, կինը, երեք զավակները, հարսներն ու փեսան ստիպված կլինեն դատարանում ապացուցել, որ համայնքի սեփական հողերը, շենք-շինությունները, պատմական հուշարձաններն անցած 20 տարիներին օրինական ճանապարհով են դարձել իրենց ընտանիքի սեփականությունը։

Պաշտոնական հայտարարությունն արդեն հրապարակված է, Դարբինյանների ընտանիքը դատախազությունից ծանուցում է ստացել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի մասին, պետք է, որ դեռ 10 օր առաջ ներկայանային դատախազություն՝ ծանոթանալու իրավապահների ուսումնասիրության արդյունքներին։ Բայց, նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե ոչ մի վարույթի մասին տեղյակ չէ։

«Մեզ ոչ մի բան տեղեկացրած չի», - ասաց նա։

Դեռ երկու տարի առաջ դատարանն ապացուցված էր համարել, որ 99-2016-ը պաշտոնավարած քաղաքապետը պաշտոնեական կեղծիք է կատարել, չարաշահել լիազորություններն ու ապօրինի ճանապարհով համայնքին պատկանող շենք-շինություններ ու հողատարածքներ յուրացրել։ Սամվել Դարբինյանը մշտապես հերքել է իր մեղքը։ Դատարանում ցուցմունք է տվել, թե մեղադրանքը մտացածին է, իրեն մեղավոր չի ճանաչում, ու նշել է. «Ակնհայտ անհիմն և ապօրինի մեղադրանքում ինձ երբևէ մեղավոր չեմ ճանաչել և չեմ ճանաչում, քանի որ որևէ հանցանք չեմ կատարել, իմ պաշտոնավարման ընթացքում երբևէ համայնքի շահերին ի վնաս չեմ գործել, որևէ վնաս չեմ պատճառել, այլ ճիշտ հակառակը։ Նկատի ունենալով, որ իմ նկատմամբ ապօրինաբար իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական շարժառիթներով է իրականացվում, նաև հանրահայտ փաստ է, որ իրավապահ բոլոր մարմինների վրա քաղաքական ճնշումներ են իրականացվում, հետևաբար համոզված եմ, որ առկա իրավիճակում հնարավոր չէ հասնել գործի ելքի օբյեկտիվ և արդարացի լուծման»:

Տասնյակ հողեր ու շենք-շինություններ չնչին գներով իր ընտանիքի սեփականությունը դարձրած նախկին քաղաքապետն, անվստահություն հայտնելով դատական իշխանություններին, ասել է, թե «ստիպված է համաձայնել, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի»։ Այդպես էլ եղավ։ Չնայած այդ ժամանակվա Լոռու մարզի դատախազը հայտարարեց, թե ապացուցել են Դարբինյանի մեղքը, ու որ նա կոռուպցիոն ճանապարհներով է սեփականացրել համայնքային գույքը, բայց այդպես էլ դատական գործը կարճվեց, ու նա որևէ պատասխանատվություն չկրեց։

Վանաձորի համայնքապետարանն էլ անհաջող փորձ արեց դատական հայցով Դարբինյանից 61 միլիոն դրամ բռնագանձել հօգուտ համայնքի՝ որպես վնասի փոխհատուցում։ Հայցը մերժվեց՝ համայնքապետարանը պատշաճ չէր ներկայացրել պահանջը։

Դատախազությունը դեռ չի բացահայտում՝ Դարբինյաններից քանի ու ինչ արժեքով գույք է պահանջում։ Դեռ նախորդ դատական գործերում խոսք էր գնում, որ Դարբինյանը Վանաձորի կենտրոնական հրապարակի, մարզպետարանի երկու կողմերում գտնվող ավելի քան 3000 քառակուսի մետր տարածքը եղբոր ու որդու անունով է սեփականացրել։ Չնչին գումարի դիմաց, առանց ավագանու՝ նախկին քաղաքապետն ուղիղ վաճառքով կամ ձևական աճուրդով համայնքի արժեքավոր տարածքներն իր հարազատների սեփականությունն է դարձրել։ Վանաձորի նախկին մանկապարտեզը Դարբինյանի որդու անունով «Արգիշտի» հյուրանոց է դարձել, նախկին մշակույթի պալատը՝ «Պահեստ» սուպերմարկետ, մի ուրիշ մանկապարտեզ նախկին քաղաքապետի ղեկավարած կառույցի՝ Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպության սեփականությունն է։

Մի շարք արտադրական տարածքներ Վանաձորի 17 տարվա քաղաքապետի եղբորը պատկանող շինարարական ընկերությանն է պատկանում։ Սամվել Դարբինյանի քաղաքապետության տարիներին Վանաձորում իրականացվող ճանապարհաշինության գրեթե բոլոր աշխատանքները նրա հարազատներն էին անում։

18-ի հեղափոխությունից հետո Սամվել Դարբինյանի նկատմամբ քրեական վարույթներ հարուցվեցին նաև Վանաձորում արված վատորակ ասֆալտի գործով։ Ըստ քրեական գործի՝ Սամվել Դարբինյանի ղեկավարման ընթացքում նրա եղբորը պատկանող երկու ընկերությունները տեղական բյուջեից ավելի քան 100 միլիոն դրամ էին ստացել «անորակ աշխատանքի» դիմաց։ Հետո քրեական գործը կարճվեց, իսկ Դարբինյան ընտանիքի շինարարական կազմակերպությունն այսօր էլ Վանաձորում շարունակում է միլիարդների շինարարություն իրականացնել՝ մեծամասամբ համայնքապետարանի ու կառավարության պատվերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG