Երկրորդ աշխարհամարտի ամենաարյունալի գործողություններից մեկն իրականացվել է Նորմանդիայում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր առավոտյան ժամանել է Փարիզ, որտեղից վաղը կուղևորվի Նորմանդիա՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտի ամենաարյունալի և ճակատագրական գործողության՝ արևմտյան դաշնակիցների դեսանտային ուժերի ափհանման 80-ամյակին նվիրված արարողությանը:
1944 թվականի հունիսի 6-ին մեկնարկած ափհանման ընթացքում ընդհանուր հաշվով սպանվել է 45 հազար ամերիկացի, բրիտանացի և կանադացի զինծառայող, տասնյակ հազարավորներ անհետ կորած են համարվել, գերմանացիները 30 հազար զինծառայող են կորցրել, 210-ը հազարն էլ՝ անհետ կորած, սպանվել կամ անհետ կորել է 12 հազար ֆրանսիացի խաղաղ բնակիչ:
Դաշնակիցների ափհանումը և հարձակումը Եվրոպայի արևմտյան ուղղությամբ, ինչպես նաև հարավից՝ Իտալիայում, արագացրել են ֆաշիստական մարդակեր ռեժիմի տապալումը, քանի որ արևելյան ռազմաճակատում գերմանական բանակը՝ Վերմախտը հայտնվել է Խորհրդային Միության Կարմիր բանակի մահացու հարվածների տակ:
Երկրորդ աշխարհամարտը Եվրոպայում ավարտվել է 1945-ի մայիսի 8-ին՝ խլելով տասնյակ միլիոնավոր կյանքեր:
Ռուսներին Նորմանդիայում այլևս չեն սպասում
Ժամանակին ափհանման հիշատակի արարողություններին պատվավոր հյուրերի կարգավիճակով մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները, սակայն 2014-ին Ղրիմի բռնակցմամբ Եվրոպայում սկսվել է նոր պատերազմ, որի առավել թեժ փուլը մեկնարկել է 2022-ի փետրվարին, և հիմա Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն դարձել են եթե ոչ թշնամիներ, ապա առնվազն ռազմավարական հակառակորդներ:
Բայդենը և Զելենսկին կքննարկեն զենքի մատակարարման հարցը
Ֆրանսիայում նախատեսվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որի օրակարգում ամերիկյան սպառազինությունների մատակարարումն է և ՆԱՏՕ-ի կողմից քաղաքական, տնտեսական և ռազմական այլ օգնության տրամադրումը:
Մոսկվայում նյարդայնությամբ են արձագանքում ափհանման արարողությանը հրավեր չստանալու փաստին և պնդում են, թե Արևմուտքն այդպես փորձում է աղավաղել պատմությունը, վերանայել անցյալը և ուրանալ Հիտլերի նկատմամբ հավաքական հաղթանակում խորհրդային բանակի մեծագույն ավանդը:
Այդ է անցած ուրբաթ օրը՝ մայիսի 31-ին հայտարարել Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ռուսներն «անիմաստ» են համարում առաջիկա հավաքը Շվեյցարիայում
Մինչդեռ, հաջորդ շաբաթավերջին էլ Շվեյցարիայում նախատեսվում է Ուկրաինայի հարցով միջազգային համաժողովը:
Մոսկվայում պնդում են, որ ոչ արևմտյան ռազմական օգնությունը և ոչ էլ այդ շվեյցարական հավաքը չեն նպաստի խնդրի խաղաղ կարգավորմանը «և միայն կերկարաձգեն ուկրաինացիների տառապանքը, քանի որ միևնույն է Ռուսաստանը կհասնի իր ռազմական նպատակներին»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել է, թե առանցքային շատ երկրներ հրաժարվում են մասնակցել Շվեյցարիայում կայանալիք համաժողովին, որն անիմաստ է առանց Ռուսաստանի մասնակցության:
Բայդենը և Զելենսկին կարող են հանդիպել նաև Իտալիայում
Բայդենն առաջիկայում կարող է ևս մեկ անգամ հանդիպել Զելենսկու հետ, դա հնարավոր կլինի շվեյցարական համաժողովից առաջ՝ հունիսի 13-15-ը Իտալիայում, որի վարչապետ Ջորջա Մելոնին հաստատել է Ուկրաինայի ղեկավարի մասնակցությունը:
Տեսականորեն՝ եթե ռազմի դաշտում ծանր վիճակ լինի, Զելենսկին կարող է նաև առցանց ձևաչափով մասնակցել Մեծ յոթնյակի հավաքին:
«Բայդենը կրկնապատկում է Ուկրաինային սատարելու ջանքերը»
Մարշալի հիմնադրամի երկրառազմավարական հարցերով փոխնախագահ, վերլուծաբան Ալեքսանդրա Շեֆերի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների նախագահի համար առաջնահերթություն է աջակցությունն Ուկրաինային, քանի որ այս օրերին ռուսները սաստկացրել են հարձակողական գործողությունները Խարկովի ուղղությամբ:
«Նա կրկնապատկում է ջանքերը հատկապես Խարկովի շուրջ, և դա է դրդել նրան՝ հավանություն տալ Խարկովին շրջապատող ռուսական տարածքներին ամերիկյան զենքով հարվածներ հասցնելու հնարավորությանը», - նշել է վերլուծաբանը: