Հուլիսի 1-ից միկրոբիզնեսը նոր կարգով է հարկվում. եթե նախկինում մեկ աշխատողի համար գործատուն 5000 դրամ էր վճարում, այժմ պետք է 20 տոկոս եկամտահարկ վճարի։
Հատկապես Գյումրիում, որտեղ հիմնականում միկրոբիզնեսով են զբաղվում ու աշխատատեղերի զգալի մասը հենց միկրոբիզնեսն է ապահովվում, հարկման նոր կարգից դժգոհ են։
Միկրոձեռներեց Գոռ Թորոսյանը պնդում է, որ այս քայլով հարկային բեռը գրեթե 4 անգամ ավելանում է, ու սա առաջիկայում լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու տարեկան 24 միլիոն դրամի շրջանառության շեմը չգերազանցող շատ հարկատուների։
Կամ աշխատողների թիվը կկրճատենք կամ առանց այն էլ նվազագույն աշխատավարձը, կամ էլ բիզնեսը կփակենք, ասում է գյումրեցի ձեռներեցը. - «Հիմա եթե ես երեք-չորս աշխատողի համար հարկ եմ վճարում, մի քանի ամիս հետո վստահ չեմ կարողանա էդ հարկերը վճարեմ, երեք-չորս աշխատողին կրճատեցինք, մնաց մեկը։ Երեք-չորս ընտանիքի հարց ես լուծում էի պետության փոխարեն»։
Թորոսյանը նաև կարծում է, որ սա կհանգեցնի միկրոբիզնեսի մատուցած ծառայությունների գների աճին, ինչի պատճառով կնվազեն իրենց ծառայություններից օգտվողները։ Անտրամաբանական է համարում, որ մի քանի աշխատող ու մինչև 24 մլն շրջանառություն ունեցողն էլ է նույն հարկը վճարելու մեկ աշխատողի համար, ինչ մի քանի հարյուր աշխատող ու միլիարդների շրջանառություն ունեցող խոշոր բիզնեսը. - «Էստեղ որտե՞ղ է արդարությունը, որտե՞ղ է ճիշտը, ո՞նց պետք է կարողանանք մենք պայքարենք, որ շուկայում մեր ուրույն տեղը ունենանք կամ նոր տեղեր գրավենք»։
Առաջարկում է՝ թող կառավարությունը տարբերակված մոտեցում մտցնի ու հարկերի վճարման սանդղակ սահմանի, այլապես միկրոբիզնեսը որպես այդպիսին կվերանա. - «Մանրերը իրեն պետք չեն, միայն խոշորը։ Իսկ եթե մենք մանրերս դուրս եկանք ոլորտից, բիզնեսից դուրս եկանք, խոշորը չի կարողանում ամբողջովին սպասարկի։ Բացի խոշորը չկարողանալով բոլորին սպասարկելուց, եթե մանրը դուրս եկավ, մի քանի տասնյակ հազար աշխատատեղերի փակում կլինի, մի քանի տասնյակ հազար գործազրկություն կլինի մեր երկրում»։
Այս որոշումն ընդունած կառավարությունը մինչդեռ իր հիմնավորումներն ունի. արտոնյալ հարկատու լինելը գայթակղիչ է և շատ ձեռնարկատերեր փորձում են արհեստականորեն մնալ միկրոբիզնեսի դաշտում, որպեսզի քիչ հարկ վճարեն։ Ժամանակին, երբ այդ արտոնությունը տվել էին, չէին կանխատեսել, որ այսքան շատ միկրոձեռնարկություն կլինի, հետևաբար 5000 դրամ եկամտահարկը ռիսկային չէին համարել: Այժմ այդ սխալն են ուղղում։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ոչ այնքան անհանգստանում է, թե միկրոբիզնեսը հարկման նոր համակարգով լուրջ խնդիրների առաջ կկանգնի, որքան այն, որ միկրոյից խոշորի անցում չի ապահովվում. - «Մեր հիմնական անհանգստությունը փոքր-միջին ձեռնարկությունների առումով կայանում է նրանում, որ շատ քիչ են այն ընկերությունները, ովքեր փոքր-միջին ձեռնարկություններից անցում են կատարում ավելի մեծ ընկերությունների։ Եվ էդ առումով Հայաստանը բավական վատ դիրքում ա գտնվում։ Եթե Եվրոպայում կամ աշխարհի ավելի զարգացած երկրներում քառասուն փոքր ընկերություններից մեկը դառնում ա խոշոր, Հայաստանում դա հինգ հարյուրից մեկն ա։ Եվ էդ խնդիրների մեջ մենք տեսնում ենք նաև գլխավոր մոտիվացիաներից մեկը տեղական փոքր-միջին ձեռնարկությունների համար, դա ավելի բարենպաստ հարկային ռեժիմից դուրս չգալն է։ Եվ էդ առումով մենք փորձում ենք ստեղծել մեխանիզմ, որը չի դարձնի փոքր-միջին ձեռնարկատիրության հարկային ռեժիմը կոմֆորտ զոնա, որտեղից ընկերությունները չուզենան դուրս գան»։
Օրերս այս հարցով իր մտահոգությունն էր բարձրաձայնել նաև մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիան, որը ոլորտում գործող մի խումբ միկրոձեռներեցների անունից նամակ էր հղել կառավարություն ու պատասխան ստացել, որ գործադիրը հետքայլ չի անելու, բոլոր աշխատողները պետք է միատեսակ հարկ վճարեն։
Ասոցացիայի անդամ Քրիստինե Երիցյանն ասում է՝ այս ոլորտում մասնավորը շուրջ 1500 աշխատատեղ է ապահովում ու 7-10 հազար երեխայի համար՝ նախադպրոցական կրթություն՝ թեթևացնելով պետության բեռը։ Նա ևս կանխատեսում է, որ մանկական զարգացման բազմաթիվ կենտրոններ ստիպված կրճատումների կգնան, իսկ բոլորին նույն հարկատեսակով հարկելը անարդար է համարում. - «Էստեղ, ինչպես հասկացանք, գործում ա էն տրամաբանությունը, որ հարկը լինի հավասար բոլորի համար, ինչը մի կողմից շատ տրամաբանական է և արդար, բայց մյուս կողմից կապ պետք է երևի ունենա կազմակերպության եկամուտը»։
Ֆինանսների նախարարության տվյալներով, Հայաստանում այսօր մոտ 37 հազար միկրոձեռնարկություն կա՝ ի սկզբանե կանխատեսված 20-22 հազարի փոխարեն: Ըստ կառավարության, երբեմն մեծ բիզնեսները արհեստականորեն տրոհվում են, որպեսզի շարունակեն գործել միկրոձեռնարկատիրության դաշտում: