«Մեր եղբայրական հարաբերությունների դրսևորումներից մեկը հանդիսանում է հայկական օկուպացիայից ազատագրված Ղարաբաղի տարածքի վերականգնմանը ցուցաբերվող օգնությունը»,- այսօր Աստանայում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հանդիպմանը։
Նա նշել է, որ անցած տարի Ֆիզուլիում բացվել է Միրզա Ուլուգբեկովի անվան միջնակարգ դպրոցը, այս տարի՝ Կուրմանգազիի անվան մանկական ստողծագործական կենտրոնը, որոնք Ուզբեկստանի ու Ղազախստանի նվերներն են Ադրբեջանին։ Այս տարի Աղդամի շրջանում տեղի է ունեցել միջնակարգ դպրոցի կառուցման հիմնակերքի արարողությունը, որբ Ղրղըզստանի նվերն է, ասել է Ալիևը՝ երախտագիտություն հայտնելով այդ երկրների ղեկավարներին եղբայրական օգնության համար։
Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների մասին Ալիևն ասել է, որ Կենտրոնական Ասիայի երկրների հետ Ադրբեջանի համագործակցության կարևոր ուղղություններից մեկը տրանսպորտային-տրանզիտային ոլորտն է։
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի թողունակության հնարավորության բարձրացումը մեկ միլիոնից մինչև 5 միլիոն տոննայի, Ալյաթ առևտրային նավահանգստի տարեկան թողունակությունը 15 միլիոնից մինչև 25 միլիոն տոննայի հասցնելու քայլերը, Կասպիցում Ադրբեջանի առևտրային նավատորմի համար նոր նավերի պատվերները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը ավելի են բարձրացնում «Միջին միջանցքի» նշանակությունը»,- նշել է նա։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ասել է, թե մեծ նշանակություն ունի տարածաշրջանի տրանզիտ-տրանսպորտային պոտենցիալի հետագա զարգացումը։
«Այստեղ հատուկ տեղ է հատկացվում այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղին, Հյուսիս-Հարավ միջանցքը, «Գոտի և ուղի» նախաձեռնությունը, որոնցում այս կամ այն կերպ ներգրաված են Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները», - ասել է Տոկաևը, հավելելով, թե համատեղ ջանքների շնորհիվ զարգանում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային մագիստրալի պոտենցիալը, որը ներկայումս Պարսից ծոցի երկրներ դուրս եկող ամենակարճ ճանապարհն է։
Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարովը կոչ է արել դիտարկել տարածաշրջանում տրանսպորտային նոր միջանցքներ ստեղծելու հնարավորությունները։
Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների նման հանդիպումները նորություն չեն, սա նրանց թվով 6-րդ խորհրդակցական հանդիպումն էր, և առնվազն վերջին հանդիպումներին հրավիրվում է նաև Ադրբեջանի նախագահը, որն իր այսօրվա ելույթում նաև ասել է, որ Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրները պատմամշակութային և աշխարհաքաղաքական միասնական տարածք են հանդիսանում։ Ալիևը հիշեցրել է, որ վերջին երկու տարիների ընթացքում սա իր 16-րդ այցն է Կենտրոնական Ասիայի երկրներ, իսկ այդ երկրների ղեկավարները 15 այց են կատարել Ադրբեջան՝ նման կերպ ընդգծելով բարձր մակարդակի սերտ շփումները։
Ալիևը նաև ասել է, թե աշխարհում աճող սպառնալիքներն ու մարտահրավերները պահանջում են ավելի ամրապնդել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, օրինակ բերելով անցած ամիս Ղազախստանում կայացած օպերատիվ-մարտավարական, հրամանատարա-շտաբային զորավարժություններին Ադրբեջանի մասնակցությունը։
Աստանայի այսօրվա հանդիպման արդյունքում փաստաթղթեր են ստորագրվել, մասնավորապես «Կենտրոնական Ասիա-2040» տարածաշրջանային համագործակցության զարգացաման հայեցակարգը, ինչպես նաև հավանության է արժանացել 2025-2027 թվականների տարածաշրջանային համագործակցության ճանապարհային քարտեզը։
Հանդիպմանը նաև մի շարք առաջարկներ են արվել, մասնավորապես Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը առաջարկել է տարածաշրջանի ապագայի միասնական դիրքորոշում և անվտանգության ոլորտում համագործակցության նոր ձևաչափեր մշակել, այդ թվում՝ իրավապահ մարմիների միջև։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ակտուալ է համարել էներգետիկ ոլորտում համագործակցությունը և էլեկտրաէներգիայի արտահանումը երրորդ երկրներ։ Նա նշել է, որ պլաններ կան զարգացնելու ատոմային էներգիան, ավելացնելու ածխաջրածին էներգետիկ ռեսուրսների մատակարարումները։
Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարովը հորդորել է աջակցել Ղրղըզստանին 2027-2028 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու համար։ Ղրղըզստանը թեկնածու երկիր է, ընտրությունը կայանալու է 2026-ի հունիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։
Հանդիպմանը քննարկվել է նաև տարածաշրջանային հեռուստաընկերություն կամ լրատվական ինտերնետային ընդհանուր պորտալ ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։