Մատչելիության հղումներ

Թրամփը մտադիր է ներում շնորհել Կապիտոլիումի վրա հարձակման մեջ մեղադրվող կողմնակիցներին


ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր պաշտոնավարման առաջին իսկ օրը ներում շնորհել 2021-ի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման մեջ մեղադրվող կողմնակիցներին։

NBC News-ին տված հարցազրույցում, Թրամփն ասել է, որ արագ կգործի, քանի որ իր դատապարտված կողմնակիցներն «ապրում են դժոխքում»: Նա միևնույն ժամանակ պարզաբանել է, որ ներումը չի տարածվի «արմատականների» և «խելագարների» վրա։

ԱՄՆ նորընտիր նախագահը նաև հայտարարել է, թե Կապիտոլիումի վրա հարձակման գործով հետաքննող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցած Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշ անդամներ պետք է բանտ ուղարկվեն։

2001-ի հունվարի 6-ին Կոնգրեսը հատուկ նիստում պետք է վավերացներ դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը, սակայն այդ ժամանակ ԱՄՆ գործող նախագահ Թրամփի կողմնակիցները ճեղքելով ոստիկանական պատը ներուժել էին Կոնգրեսի շենք՝ խափանելով ընտրությունների արդյունքների վավերացումը։ Զոհեր են եղել թե՛ ջարդարարների և թե՛ Կապիտոլիումը պաշտպանող իրավապահների շրջանում: Մեծ թվով մարդիկ էին վնասվածքներ ստացել, հարյուրավորները ձերբակալվել էին:

Ըստ NBC News-ի՝ Կապիտոլիումի վրա հարձակման գործով առնվազն 1572 մարդու է մեղադրանք առաջադրվել, 645-ը տարբեր ժամկետներով արդեն դատապարտված է (առավելագույն պատիժը 22 տարի ազատազրկումն է)։

78-ամյա Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն է վերադառնում 2024-ի նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններում դեմոկրատ փոխնախագահ Քամալա Հարիսին հաղթելուց հետո։

Նա նախագահի պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունվարի 20-ին։

XS
SM
MD
LG