Մատչելիության հղումներ

«Թող միշտ պանծա Հայաստան». ԱԺ նախագահն ու թիմակիցները օրհներգի այս ավարտն են առաջարկում


Հայաստանի օրհներգը՝ առաջարկվող փոփոխությամբ
Հայաստանի օրհներգը՝ առաջարկվող փոփոխությամբ

Իշխանությունն ուզում է, որ Հայաստանի օրհներգի ֆինալը հանուն ազգի զոհվելու մասին չլինի։ Դրական նոտայով ավարտ են առաջարկում՝ «Թող միշտ պանծա Հայաստան»:

Ազգային ժողովի նախագահը թիմակիցների՝ «Քաղաքացիական պայմանագրից» Սիսակ Գաբրիելյանի ու Թագուհի Ղազարյանի հետ Օրհներգի մասին օրենքում փոփոխություններ է նախաձեռնել:

«Վերջանա «Թող միշտ պանծա Հայաստան» տողով, այսինքն՝ ոչ թե «զոհվի» տողով, այլ «Թող միշտ պանծա Հայաստան» տողով: Բայց, մեծ հաշվով, ոչինչ դուրս չի մնում, ընդամենը փոքրիկ տեղափոխություն է տեղի ունենում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը:

ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 8-ը նոյեմբերի, 2024թ.
ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 8-ը նոյեմբերի, 2024թ.

Հիմնի չորս քառատողերը վերուվար են արել այնպես, որ տեքստը եզրափակվի «Թող միշտ պանծա Հայաստան» բառերով։ Սա այն է, ինչ ուզել, փորձել ու այդպես էլ չէր հաջողել անել վարչապետ Նիկոլ Փաշինյանը. հենց ինքն է պատմել՝ մեկ տարի առաջ. - «Թող միշտ պանծա Հայաստան»՝ եզրափակիչ նախադասությունը լիներ դա՝ «Թող միշտ պանծա Հայաստան»: Բայց ինքը տեքստի տրամաբանության մեջ, ես ինքս էլ փորձել եմ մի քանի անգամ, ոչ թե, ինձ համար՝ որպես աշխատանքային, որպես մարդ, որ մի քանի բանաստեղծություն ունի գրած, կամ պատմվածք, կամ գիրք ունի գրած, ես ինձ, կամ ուղղակի փորձել եմ էդ վարժությունը կատարել և ճիշտն ասած՝ հաջողություն չեմ գրանցել»:

Թագուհի Ղազարյանն ասում է՝ այո, քաղաքական թիմը երկար է մտածել, վարչապետի հետ քննարկումներ են արել ու հասել արդյունքի։ Որոշել են՝ սթրեսային միջամտություններ պետք չեն, միայն՝ տեղափոխություն:

«Օրհներգի ավարտի հետ կապված, որը մահվան ուղերձ ունի, վերջին տունը՝ «Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի», և զոհվելու, ուրեմն, էս բառի հետ կապված բազմաթիվ վերապահումներ են հնչել», - նշեց Ղազարյանը:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, մինչդեռ, ընդգծում է. - «Կարիքը չկա էդպիսի բան անելու, օրհներգը ընդունված է, ես այդպես գիտեմ, իմ թոռնիկ Լեոն երգում է այդպես: Թող մնա, ձեռ մի տվեք, չի կարելի բան փոխել: Նախ ոչինչ չի փոխվում, ըստ էության, ոչ մի բան չի փոխվում, ի՞նչ ենք լոթիանում, որ ի՞նչ: Լոթիանալ բառը նկատի ունեմ, որ գիտե՞ս ինչ, պանծա. էնա պանծա մեջը ասում է, էդ քառատողը այնտեղ է»:

Տեր-Գուլանյանը չի կարծում, որ քառատողերի վերադասավորությունը որևէ իմաստ ունի։ Պնդում է՝ պետական խորհրդանիշ է հիմնը, ձեռք տալ պետք չէ, թե չէ ամեն իշխանություն իր ճաշակով օրհներգի տեքստ ու երաժշտություն կձևի:

«Օրհներգի առիթով եղավ շատ մեծ վեճ, և երկար տևեց այդ վեճը». - Տեր-Գուլանյանն էր այն խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, որտեղ 1991-ին օրհներգի հարց էին քննարկում: Առաջին տողերը՝ «թշվառ, անտեր հայրենիքի» մասին, պիտի փոխվեին. - «Ներողություն խնդրելով Նալբանդյանից, այդպես ասեմ, հա՞, Միքայել Նալբանդյանից, այո, իսկապես ներողություն խնդրելով, բայց այն ժամանակ թշվառ, անտեր էր, ոտնակոխ էր, հիմա ոտնակոխ չի երկիրը, մենք անկախ երկիր ենք սարքում»:

Տեր-Գուլանյանը հիշում է՝ այդ ժամանակ փոխվարչապետ պատմաբան Կտրիճ Սարդարյանը «բարեհարդարեց» և «թշվառ, անտերը» դարձրեց «ազատ, անկախ»։ Հիմա ինքն էլ, օրինակ, վերապահում ունի առաջին քառատողի վերջին՝ «Յուր որդիքը արդ կանչում է, Ազատ, անկախ Հայաստան» տողերի հետ, որովհետև կրկնություն է, բայց որևէ փոփոխություն իր կամ այլոց ճաշակով համարում է անթույլատրելի. - «Թող մնա այդպես, էսքան տարի երգում ենք, 30 տարի երգում ենք, 34 տարի, դրանից առաջ էլ ենք երգել, ի դեպ, ասեմ, էդ երգը մենք գիտեինք»:

Պետական օրհներգի հարցը շուրջ երկու տասնամյակ պարբերաբար օրակարգ է գալիս, այս փոքրիկ ստեղծագործությանն ուղղվող մեղադրանքները շատ են՝ երաժշտությունը հենց սկզբում անկում է ապրում, մի տեսակ չի վեհացնում, նաև շատ նման է մի հայտնի ստեղծագործության, տեքստը ողբ է, խեղճ։ 2006-ին կոնկրետ գործողություններ արեցին հիմնը փոխելու համար՝ պետական հանձնաժողով , օրհներգի նոր տարբերակներ, վերջում ընտրվեց Սովետական Հայաստանի օրհներգի խաչատրյանական երաժշտությունը, իսկ բառեր այդպես էլ չգտնվեցին, ու շարունակեց ուժի մեջ մնալ անընդհատ քարկոծվող «Մեր Հայրենիքը»։

Իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանը հիմա պնդում է՝ վերջ, այս փոքրիկ տեղափոխությամբ փակում են հարցը. - «Սրանով հիմնի փոփոխության հարցը օրակարգից դուրս է գալիս»:

Միայն թե այդ հարցը չի փակում խորհրդարանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանը. - «Ինչ-որ պահի պետք է մտածենք օրհներգը ամբողջությամբ այլ տարբերակ՝ հայկական տարբերակ, Հայաստանի և հայ մարդու հետ շատ ավելի շատ կապ ունեցող... »:

Ի դեպ, «Մեր Հայրենիքը» անպաշտպան է նաև Օրհներգի մասին օրենքում. փաստաթղթի անցումային դրույթում կարդում ենք՝ «այս օրհներգը ուժի մեջ է մինչև նոր օրհներգի տեքստն ու երաժշտությունը օրենքով սահմանելը»: Նոր նախագծով առաջարկում են դեն նետել այս տողը։

XS
SM
MD
LG