Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքը հայտարարում է, որ կեսգիշերին հեռարձակվող պետական օրհներգի տեսաշարը 2016 թվականից ի վեր որևէ փոփոխության չի ենթարկվել:
«Մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող ՀՀ պետական օրհներգի տեսաշարը փոփոխության է ենթարկվել: Տեղեկացնում ենք, որ վերջին 8 տարիներին մեր եթերում հեռարձակվում է ՀՀ պետական օրհներգի նույն տեսաշարը և այն որևէ փոփոխության չի ենթարկվել», - ասված է Առաջին ալիքի հաղորդագրությունում:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը նախօրեին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել էր, մասնավորապես, որ «Ալիևի, Էրդողանի առաջարկներն արդեն իրագործում է նաև Հանրային հեռուստաընկերությունը, օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա», ինչն էլ տարածել են մի շարք լրատվամիջոցներ: