Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի դատավարությունը։
53-ամյա Խաչատրյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի հարավային հատվածում իրեն վստահված Ալփաշայի բարձունքի, Սուլթանլիի և Արաքսավանի բնագծերի պաշտպանությունը ձախողելու համար: Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեղադրանքը նա չի ընդունում:
«Էն, ինչի հիման վրա որ եզրահանգումներ է արվել, դա զինվորական մասնագիտական որակումներից դուրս եզրահանգումներ է: Չի կարելի ոչ մասնագիտական՝ ես նկատի ունեմ պրոֆեսիոնալ, այդպիսի եզրահանգումներ անել և այդպիսի եզրահանգումները ներկայացնել դատարան որպես մեղադրանք», - դատարանում հայտարարեց Տիրան Խաչատրյանը:
Գեներալ-լեյտենանտի պաշտպանը երեկ դատարանում պնդեց՝ Հարավային խմբավորման հրամանատարությունը ստանձնած Խաչատրյանը 2020-ի հոկտեմբերի 11-ին ադրբեջանական զորքերի հարվածից հետո Ալփաշայում կապի հնարավորություն չի ունեցել հատուկ նշանակության զորքերի հետ, որպեսզի նրանց հրահանգի զբաղեցնել բաց մնացած հատվածը, քանի որ այդ օրը զոհվել էին հրամանատարն ու հրամանատարի տեղակալը: Խաչատրյանը զեկուցել է, որ կապի հնարավորություն չունի, նրան հաղորդել են, որ կապ չեն կարող ապահովել, ինչից հետո գեներալ-լեյտենանտը դարձյալ փորձել է կապի դուրս գալ հատուկ նշանակության բրիգադի հետ, բայց՝ ապարդյուն։
«Էդ փաստը ապացուցված է, կան համապատասխան ապացույցներ գործի նյութերում, որ Տիրան Խաչատրյանը փորձ է կատարել դուրս գալ կապի և հրահանգել 22-րդ հատուկ նշանակության բրիգադին, որպեսզի, այո, Ալփաշայի բարձունքը զբաղեցվի, սակայն այդ հնարավորությունը չի ունեցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին տեղակալի պաշտպան Արմեն Անդրիկյանը:
Իրավապահները նաև պնդում են, որ Տիրան Խաչատրյանը հարավային պաշտպանության մեկ այլ ուղղությամբ՝ Սուլթանլու գյուղից մի քանի կիլոմետր առաջ է պաշտպանությունը կազմակերպել, այնինչ ավելի արդյունավետ կլիներ, եթե բնագծի կազմակերպումը մի քանի կիլոմետր հետ լիներ:
«Իրականությունն այն է, որ պարոն Խաչատրյանի կողմից հստակ հրաման է իջեցվել, որպեսզի կազմվի բնագիծ, իսկ բնագիծ չկազմելը, դրա համար, եթե բնագիծ չի կազմվել կամ պաշտպանական գիծ չի կազմվել, կամ կազմվել է՝ լավ չի կազմվել, կամ կազմման արդյունքում ի վերջո ճեղքում է տեղի ունեցել, դա որևէ կերպ չի կարող վերագրվել որպես Տիրան Խաչատրյանի կողմից դրսևորված անփութություն», - նշեց Անդրիկյանը:
Ըստ պաշտանի, նույն ուղղության մեկ այլ հատվածի՝ Արաքս գետի ափի բաց լինելու մասին գեներալ-լեյտենանտին չի զեկուցվել, ընդամենը փոխանցել են, որ թշնամին պիկապներով առաջխաղացման փորձ է անում, անհաժեշտ է միջոցներ ձեռնարկել, ինչը և արվել է։
2020 թվականի հոկտեմբերին Արցախի հարավային հատվածում ձեռնարկած գործողությունից օրեր անց Տիրան Խաչատրյանը վարչապետ Փաշինյանի առաջարկով Ազգային հերոսի կոչման էր արժանացել: Պաշտոնից ազատվեց 2021-ի փետրվարին:
Խաչատրյանը նախորդ դատական նիստում 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից: Արդյոք մեղադրանքի մեջ քաղաքական երանգներ տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, ինչպես իր համախոհներն են պնդում. «Ազատության» այս հարցին Խաչատրյանն ուղիղ պատասխան չէր տվել:
«Երևի թե, իմ պատկերացմամբ, էլի էդ շարունակական մեղավորներ գտնելու, մեղավորներ նշանակելու, և էն մարդիկ, ովքեր որ իրական մեղավորություն ունեն, իրենց վրայից էդ խնդիրները մաքրելու մասով», - ասել էր Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը:
Տիրան Խաչատրյանին առաջադրված հոդվածով 4-ից մինչև 8 տարվա ազատազրկում է նախատեսված: 44-օրյա պատերազմի գործերով մեղադրյալի աթոռին են նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման։ Նրանք ևս մեղադրանքը չեն ընդունում: