Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը փակել է Կիրանց տանող ճանապարհը


Կիրանց տանող ճանապարհը փակ է, 19-ը մայիսի, 2024թ.
Կիրանց տանող ճանապարհը փակ է, 19-ը մայիսի, 2024թ.

Կիրանց տանող ճանապարհը դարձյալ ոստիկանությունը փակել է, գյուղ մտնել թույլ չեն տալիս։

Ոստիկանության ներկայացուցիչներն ասում են՝ սահմանապահները միջոցառում են անում. ո՛չ լրագրողներին, ո՛չ էլ քիչ առաջ ժամանած ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտրվեց Կիրանց գնալ։

Ապա այստեղ ժամանեցին սևբերետավորները։

Լրագրողները և պատգամավորները հարցին՝ ի՞նչ հիմքով թույլ չեք տալիս մուտքը Կիրանց, ոստիկանները հորդորեցին դիմել ոստիկանություն։

Այստեղ են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, նաև երգիչներ։

Այլ ավտոմեքենաներ, սակայն, քիչ առաջ անցնում էին, ոստիկանները ստուգում էին փաստաթղթերը և թողնում առաջանալ։

14։58 - Լրացում. Ազգային անվտանգության ծառայությունից ավելի ուշ պարզաբանեցին, որ սահմանապահ զորքերը Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:

Երեկ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում էին, նրանք «Ազատության»-ը փոխանցել էին, որ հետագա աշխատանքների համար տեղազննություն են իրականացնում։ Ամբողջ օրը սահմանապահները հիմնականում անցկացրել էին նորակառույց դպրոցին հարակից հատվածում՝ ըստ էության այն վայրում, որտեղով անցնելու է սահմանագիծը, ու նոր ճանապարհ կառուցվելու։

  • Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
  • Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։
  • Ըստ էության, ճանապարհը հարակից Աճարկուտ գյուղով է անցնելու, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց այս նույն դպրոցին հարակից հատվածով միանա այժմ գործող հիմնական ճանապարհին։
  • Մայիսի սկզբին գրեթե երկու օր ոստիկանությունը փակ պահեց Կիրանցը՝ պնդելով, թե դա անվտանգ ականազերծման համար էր, մինչ այդ սակայն, ուժայինները մայիսի 2-ի լուսաբացին բերման էին ենթարկել գյուղի սկզբնամասում օրուգիշեր հերթապահող 30 քաղաքացու ու ազատել տարածքը:

XS
SM
MD
LG