Մատչելիության հղումներ

Ադրբեջանն առաջին անգամ է համաձայնում խոսել 70-ականների քարտեզների մասին, և դա դրական կարելի է համարել. քաղաքագետ


«Կարծես թե առաջին անգամ է, երբ Ադրբեջանը համաձայնում է խոսել նույն 70-ական թվականների քարտեզների մասին, և այն, որ այդ հանգամանքն արդեն իսկ հրապարակայնեցվում է, դրական զարգացում կարելի է համարել», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:

«Նախկինում, հիշում ենք, որ նրանք ինչ-որ պատմական քարտեզների մասին էին խոսում, կարծում են՝ վերջին շրջանում նրանք հակված են եղել քննարկել հենց կոնկրետ քարտեզներ», - նշեց քաղաքագետը:

Սակայն, ըստ Գրիգորյանի, այստեղ ամբողջ հարցն այն է, թե արդյոք Ադրբեջանը հետաքրքրված է լինելու սահմանի ամբողջական դելիմիտացիա իրականացնել այդ քարտեզի հիման վրա, «արդյոք ընդհանրապես Ադրբեջանը հակված է լինելու ամբողջական դելիմիտացիա իրականացնել»:

Քաղաքագետը լուրջ կասկածներ ունի, որ «ստանալով այն, ինչ ցանկանում է, Բաքուն հարավում, այսինքն՝ Ջերմուկի մոտակայքում, Սյունիքում, Գեղարքունիքում այն հատվածները, որտեղ կան Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ հատվածներում դելիմիտացիայի գործընթացում կամ խոչընդոտներ է ստեղծելու, կամ էլ հրաժարվելու է ընդհանրապես դելիմիտացիայից»:

«Այս ողջ գործընթացի հիմնական հարցը հենց դրանում է կայանում՝ արդյոք Ադրբեջանը հետաքրքրված ամբողջական դելիմիտացիա իրականացնել, և այս պահին ես որևէ համոզիչ փաստարկներ չեմ տեսնում, որ Բաքուն կգնա այդ ամբողջական դելիմիտացիային», - նշեց Տիգրան Գրիգորյանը:

Հարցին՝ համաձա՞յն է, որ եթե չգնային սահմանագծման, հակառակը պատերազմն էր լինելու, և ի՞նչ աներ իշխանությունը, քաղաքագետն արձագանքեց. - «Դե, ամեն անգամ, երբ ինչ-որ ճգնաժամ է լինում, իշխանությունները այդ փաստարկն են բերում, որ եթե չգնանք այս զիջմանը, լինելու է պատերազմ, բայց ևս մեկ անգամ հիշեցնենք, որ դա առաջին հերթին իշխանությունների պարտավորությունն է՝ բացառել այնպիսի իրավիճակները, երբ Հայաստանին ուժի սպառնալիքի կիրառման միջոցով զիջումներ են կորզում: Այն հանգամանքը, որ Հայաստանը պատերազմից 4 տարի հետո դեռևս ստիպված է ուժի սպառնալիքի ներքո որոշումներ կայացնել, սա առաջին հերթին իշխանությունների ձախողումն է»:

«Ես, ճիշտն ասած, չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստվում է, կամ պատրաստվում է այս փուլում լայնածավալ պատերազմ սկսել Հայաստանի դեմ, որովհետև, մեծ հաշվով, առանց պատերազմի էլ ամեն ինչ ստանում է, բոլոր իր համար անհրաժեշտ զիջումները ստանում է», - ընդգծեց Գրիգորյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։

Ադրբեջանին, ըստ այդ արձանագրության, կանցնի Կիրանցի կամուրջը, 2-3 ամսում պետք է նոր ճանապարհ կառուցվի։ Կառավարությունն ընդունում է, որ գյուղացիները նաև գույք կկորցնեն, հստակ թիվ, սակայն, չեն նշում՝ խոստանալով փոխհատուցում։

Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Փաշինյանը երեկ կառավարության նիստին «մեծ հաջողություն» որակեց, ասաց՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։ Ընդդիմությունը, մինչդեռ, քննադատում է այդ համաձայնությունները, պնդում, թե դրանք անօրինական են:

XS
SM
MD
LG